Քրոնիկ հազի և դրա հետ կապված մյուս գանգատների մեղմացման, ինչպես նաև հնարավոր բարդությունների կանխարգելման ամենակարևոր քայլը բժշկի նշանակած բուժմանը, խորհուրդներին և ցուցումներին հետևելն է:
Դուք կարող եք տանը փորձել այս միջոցները, որոնք կօգնեն, որ քրոնիկ հազն ավելի հեշտությամբ հաղթահարվի:
Խմե՛ք հեղուկներ. հեղուկներն օգնում են ըմպանի լորձի նորսրացմանը և պատից ավելի հեշտությամբ պոկվելուն: Գոլ հեղուկները, օրինակ՝ ապուրներ, թեյ կամ հյութ, նաև փափկացնում են ըմպանի գրգռված լորձաթաղանթը:
Ողողե՛ք ըմպանը գոլ աղաջրով. այս պարզ միջոցը կօգնի ըմպանի պատը գրգռող լորձի հեռացմանը, ինչպես նաև կթուլացնի չոր տանջալից հազը:
Փորձե՛ք մեղր կուլ տալ. մեկ թեյի գդալ մեղրը կարող է օգնել հազի մեղմացմանը: Ձեռնպահ մնացեք ձեր նորածին կամ մանկահասակ երեխային մեղր տալուց, քանի որ այն կարող է պարունակել փոքր տարիքի երեխաների համար վնասակար բակտերիաներ:
Խուսափե՛ք ծխախոտի ծխից. ծխելը կամ այլ մարդկանց ծխախոտի ծուխը շնչելը գրգռում է թոքերը և կարող է վատթարացնել այլ գործոններով պատճառված հազը: Մի՛ ծխեք և թույլ մի տվեք, որ ծխեն ձեր ներկայությամբ, ձեր սենյակում կամ աշխատավայրում: Եթե ինքնուրույն չի հաջողվում ծխախոտից ձերբազատվել, դիմեք բժշկի օգնությանը: Հնարավորինս խուսափեք նաև փոշի, ծուխ կամ շնչուղիները գրգռող այլ նյութերի ազդեցությունից:
Առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցներ. նախապես բժշկի հետ խորհրդակցելուց հետո փորձեք առանց դեղատոմս դուրս գրվող հազի դեմ դեղամիջոցներ, որոնք պարունակում են Գուաիֆենեսին և (կամ) Դեքստորմեթորֆան:
Տեղեկացրեք բժշկին, եթե հազալիս նկատում եք խորխ կամ արյուն, շնչելիս լսում կամ զգում եք խզզոցներ, ունեք բարձր ջերմություն կամ անբացատրելի քաշի կորուստ, ինչպես նաև գիշերային առատ քրտնարտադրություն:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։