Քրոնիկ հազ

Քրոնիկ հազը սովորաբար բնութագրվում է որպես հազ, որը շարունակվում է ավելի քան 8 շաբաթ:
Քրոնիկ հազը բժշկական այցելության ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկն է: Իրականում քրոնիկ հազն առանձին հիվանդություն չէ, այլ առողջական խնդիր, որն առաջանում է այլ հիվանդությունների կամ առողջական վիճակների պատճառով:
Քրոնիկ հազի պատճառները
Քրոնիկ հազը սովորաբար զարգանում է որպես հետևյալ հիվանդությունների կամ վիճակների ախտանիշներից մեկը:
- Ծխախոտ. ծխախոտի ծուխը քրոնիկ հազի թիվ մեկ պատճառն է:
- Ասթմա. սա քրոնիկ հազի երկրորդ ամենահաճախ հանդիպող պատճառն է: Ասթմայի հետևանքով առաջացող հևոցը և խզզոցները կարող են առաջացնել քրոնիկ հազ: Մյուս կողմից, քրոնիկ հազը կարող է լինել ասթմայի միակ ախտանիշը:
- Թթվային ռեֆլյուքս. գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը (ԳԷՌՀ) զարգանում է, երբ ստամոքսի թթուն բարձրանում է վեր՝ դեպի կերակրափող: ԳԷՌՀ ախատնիշներից են այրոցքը, կրծոսկրային ցավերը, խզզոցները և հևոցը: Այս ախտանիշների առաջացրած գրգռումը կարող է առաջացնել քրոնիկ հազ:
- Սինուսիտ. հարքթային ծոցերի հաճախակի վարակը կարող է առաջացնել մի վիճակ, երբ լորձի նորմալից ավելի մեծ քանակները («հետքթային կաթիլ») քթի խոռոչից իջնում են ըմպան՝ առաջացնելով ըմպանի պատի գրգռում և հազ:
- Ալերգիաներ. քրոնիկ հազը կարող է առաջանալ փոշի, փոշու տիզ տնային կենդանիների թեփ, քիմիական կամ արտադրական ծուխ (երկար տարիների ընթացքում), բորբոսասունկ, նոր կտրված խոտ, այլ գրգռիչներ կամ ալերգեններ ներշնչելիս:
- Բրոնխիտ. բրոնխեալ շնչուղիների բորբոքումը (այտուցվածությունը) կարող է առաջացնել հևոց ու խզզոցներ, որոնք իրենց հերթին կարող են նպաստել հազի քրոնիկացմանը:
- Վերին շնչուղիների վարակներ. ընդհանուր մրսածության և գրիպի, թոքաբորբի և այլ վարակների դեմ երկարատև «պայքարը» կարող է զարգացնել քրոնիկ հազ: Կապույտ հազն ավելի հաճախ հանդիպում է նորածինների և մանկահասակ երեխաների մոտ:
- Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ). սա թոքային ախտաբանական վիճակ է, որը շատ ավելի հաճախ հանդիպում է ծխողների շրջանում: Այն պատճառվում է թոքերում լորձի կուտակման պատճառով, որից օրգանիզմը փորձում է ազատվել հազալու միջոցով: ԹՔՕՀ ներառում է հարակից վիճակները, էմֆիզեման և քրոնիկ բրոնխիտը:
- Բարձր արյան ճնշման դեղեր. ԱՓՖ արգելակիչները նշանակվում են բարձր արյան ճնշումը բուժելու մեջ: Այս դեղերի կողմնակի ազդեցություններից մեկն էլ քրոնիկ հազն է: Լայնորեն օգտագործվող ԱՓՖ արգելակիչներն են՝ Լիզինոպրիլ, Էնալապրիլ, Պերինդոպրիլ, Կապտոպրիլ և Ռամիպրիլ:
- Թոքերի կամ այլ շնչուղիների քաղցկեղներ. քրոնիկ հազը հազվադեպ կարող է լինել թոքի կամ վերին շնչուղիների քաղցկեղի ախտանիշներից մեկը:
Քրոնիկ հազի ախտանիշները
Հաճախ հազն լինում է քրոնիկ հազի միակ ախտանիշը:
Իմացե՛ք ավելին հազի՝ որպես ախտանիշի մասին:
Քրոնիկ հազի այլ ախտանիշներից կարող են լինել՝
- քթահոսություն կամ քթի փակվածություն
- «հետքթային կաթիլ» (ըմպանի պատի գրգռում)
- շնչելիս խզզոցներ և հևոց
- առանց որևէ հատուկ միջոցների դիմելու կամ անբացատրելի քաշի կորուստ
- հազ՝ խորխով կամ արյան հետքերով (արյունախխում)
- այրոցք
- ըմպանա-կոկորդացավ
- կոկորդի հաճախակի մաքրում
- ձայնի խռպոտում
- բարձր ջերմություն
- գիշերային քրտնոտություն:
Քրոնիկ հազի բարդությունները
Քրոնիկ հազի բարդություններից են՝
- ֆիզիկական հյուծում
- անքնություն (քուն մտնելու անհնարինություն)
- առօրյա գործերի ընդհատում
- մկանային անհարմարավետություն (դիսկոմֆորտ)
- ձայնի խռպոտում
- գլխացավ և (կամ) գլխապտույտ
- գիշերային քրտնոտություն
- անմիզապահություն (միզապարկի գործունեության վերահսկման կորուստ)
- ներակնային փոքր արյունահոսություն կամ արյունազեղում
- ճողվածք
- կողերի կոտրվածք:
Քրոնիկ հազի ախտորոշումը
Քրոնիկ հազի ախտորոշումը կարող է մեծ դժվարություն ներկայացնել, քանի որ մեկ մարդու մոտ կարող են միաժամանակ գործել տարբեր պատճառներ և ռիսկի գործոններ: Այդ իսկ պատճառով բժիշկը կարող է ձեզ նշանակել տարբեր տեսակի հետազոտություններ, որ դրանց արդյունքները համադրելով կլինիկական նշանների հետ փորձի գտնել քրոնիկ հազի գլխավոր պատճառը:
- Լաբորատոր հետազոտություններ. այս թեստերն օգնում են որոշելու, թե արդյոք առկա՞ է բակտերիա (վարակի նշան) և արդյոք դա՞ է հազի պատճառը:
- Թոքերի գործունեության հետազոտություններ. այս հետազոտությունները գնահատում են ձեր շնչառական՝ ներշնչման և արտաշնչման ցուցանիշները:
- Պատկերման հետազոտություններ. հետազոտությունների այս շարքը ներառում է ռենտգեն պատկերումը, համակարգչային տոմոգրաֆիան և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), գերձայնային սքրինինգները (սոնոգրաֆիա) կամ միջուկային հետազոտությունները:
- Էնդոսկոպիկ հետազոտություններ. այս թեստերից են բրոնխոսկոպիան, երբ դիտվում են շնչուղիները «ներսից» և թորակոսկոպիան, երբ դիտվում են թոքերը «դրսից»:
Քրոնիկ հազի բուժումը
Բուժման որոշումները գլխավորապես կախված են քրոնիկ հազի պատճառից:
Օրինակ, եթե հազի պատճառն ասթման է, ապա ձեզ կարող են նշանակել ինհալացիոն բրոնխոլայնիչներ և (կամ) ստերոիդներ: Բակտերիալ թոքաբորբի կամ բրոնխիտի ժամանակ բժիշկը կարող է նշանակել որևէ հակաբիոտիկ: Մեկ այլ դեպքում, եթե քրոնիկ հազը պատճառվում է ԱՓՖ արգելակիչներից որևէ դեղամիջոցով, բժիշկը կարող է փոխել դեղը և նշանակել մեկ այլ հակագերճնշումային դեղ:
Այնուամենայնիվ, եթե որևէ տեսակի բուժումն անարդյունավետ է կամ քրոնիկ հազը դառնում է խիստ անհանգստացնող, բժիշկը կարող է նշանակել հազն ընկճող դեղեր, օրինակ՝ Կոդեինի պատրաստուկներ:
Քրոնիկ հազի կանխարգելումը
Քրոնիկ հազը կանխարգելելու համար՝
- մի՛ ծխեք կամ դադարեցրեք ծխելը, եթե ծխող եք, քանի որ քրոնիկ հազի ամենահաճախ հանդիպող պատճառը ծխելն է
- խուսափե՛ք բրոնխիտով կամ թոքաբորբով մարդկանց հետ անմիջական մոտիկ շփումից, հատկապես, եթե նրանք ջերմում են. հակառակ դեպքում, եթե խնամում եք այս հիվանդություններով մարդկանց, հագեք կանխարգելիչ շնչադիմակ և պահեք սոցիալական հեռավորություն (1,5-2 մետր)` չմոռանալով ձեռքերն օճառով հաճախակի լվալու մասին
- առողջացրե՛ք ձեր սննդակարգը՝ մեծացնելով մրգերի և բջջանքով հարուստ սննդամթերքների չափաբաժինը (հետազոտությունները վկայում են, որ բջջանքի և մրգերում առկա ֆլավոնոիդների զուգակցումը կարող է կանխարգելել քրոնիկ հազը):
Քրոնիկ հազի ինքնօգնություն
Քրոնիկ հազը և դրա հետ կապված մյուս գանգատները մեղմացնելու համար՝
- խմեք առատ հեղուկներ
- ողողեք ըմպանը գոլ աղաջրով, որն օգնում է լորձի հեռացմանը
- ներշնչեք գոլորշի
- հնարավորինս խուսափեք փոշի, ծուխ կամ շնչուղիները գրգռող այլ նյութեր շնչելուց
- քնելիս գլխի և ուսերի տակ դրեք լրացուցիչ բարձ
- փորձեք հազի դեմ հաբեր կամ առանց դեղատոմս դուրս գրվող դեղեր, որոնք պարունակում են Գուաիֆենեսին և (կամ) Դեքստորմեթորֆան:
Ե՞րբ դիմել բժշկին
Զանգեք կամ այցելեք ձեր բժշկին, եթե՝
- հազալիս նկատում եք խորխ կամ արյուն
- շնչելիս լսում կամ զգում եք խզզոցներ
- ունեք բարձր ջերմություն
- առանց պատճառի մարմնի կշռի կորուստ ունեք
- գիշերներն անկողնում խիստ քրտնում եք:
Հոդվածը վերանայվել է՝ 26-02-2021