Առողջական խնդիրներ
Փնջային կամ կլաստերային գլխացավեր

3 րոպե
Փնջային կամ կլաստերային գլխացավը գլխացավի հազվադեպ հանդիպող տեսակ է։
Գլխացավի այս տեսակը կոչվում է «փնջային» կամ «կլաստերային», քանի որ գլխացավի դրվագները (նոպաները) ի հայտ են գալիս «խմբով» (կրկնվում են)։ Մասնավորապես, փնջային գլխացավերը բնորոշվում են որոշ շաբաթների կամ ամիսների ընթացքում հաճախակի կրկնվող գլխացավերի նոպաների առաջացմամբ (սրացման շրջան), որոնք այնուհետ երկար ժամանակի ընթացքում անհետանում են (ռեմիսիայի շրջան)։ Ավելի հաճախ սրացման շրջանը տևում է 2-6 շաբաթ։
Փնջային գլխացավերն ավելի հաճախ առաջանում են գիշերային ժամերին, սովորաբար՝ գիշերվա նույն ժամերին։ Այս տեսակի գլխացավերն ունեն ուժեղ և տանջող բնույթ։
Փնջային գլխացավերը սովորաբար զարգանում են 30-40 տարեկանում, ավելի հաճախ՝ տղամարդկանց մոտ։
Ախտանիշներ
Փնջային գլխացավերն առաջանում են ձեր դեմքի մի կեսում և հաճախ տեղակայվում են աչքերից մեկնումեկի շուրջը կամ դրա ետևում։ Ցավի դրվագը (նոպա) տևում է 15 րոպեից մինչև 3 ժամ և կարող է կրկնվել օրվա մեջ մի քանի (մինչև 8, հաճախ՝ 2-3) անգամ կամ մի քանի օրը մեկ։
Փնջային գլխացավի ժամանակ հաճախ ցավի նույն կողմում կարող են ի հայտ գալ՝
- աչքի կարմրություն («եղջերաթաղանթների ինյեկցիա») և արցունքահոսություն
- աչքի կոպի անկում կամ այտուցվածություն
- «հոսող» կամ «փակված» քիթ
- մաշկի քրտնոտություն։
Դուք կարող եք նշել նաև անհանգստություն, նյարդահոգեկան և շարժողական գրգռվածություն, խուճապ կամ աժիտացիա (այստեղից էլ «ինքնասպանության գլխացավ» անվանումը)։
Պատճառներ
Փնջային գլխացավերի պատճառը մինչ օրս մնում է անհայտ։ Երբեմն այն ունի ընտանեկան բնույթ, ինչը կարող է վկայել ժառանգական նախատրամադրվածության մասին։
Հիվանդության զարգացման ռիսկի գործոններ կարող են հանդիսանալ հաճախակի ծխելը, ալկոհոլի չարաշահումը (ոգելից խմիչքների մեծ քանակների կամ հաճախակի օգտագործում) և մշտական սթրեսը։
Ախտորոշում
Բժիշկը փնջային գլխացավն ախտորոշում է՝ ելնելով ձեր նշած գանգատներից և ձեզ զննելու արդյունքներից։ Փնջային գլխացավի ախտորոշման որևէ հատուկ հետազոտություն գոյություն չունի, սակայն բժիշկը կարող է նշանակել որոշ հետազոտություններ, որ ժխտի գլխացավի այլ պատճառները։
Բուժում
Փնջային գլխացավերի բուժումը և կանխարգելումը հեշտ լուծվող հարցեր չեն։ Այս դեպքում սովորական ցավազրկողները սովորաբար բավարար արդյունավետ չեն լինում։
Եթե ձեզ մոտ կա փնջային գլխացավ, դուք կարող եք ձեր բժշկի նշանակմամբ՝
- ստանալ դեղորայքային բուժում
- դիմակով թթվածին շնչել
- օգտագործել տեղային անզգայացնող դեղեր պարունակող որոշ քթային սփրեյներ։
Կանխարգելում
Գոյություն ունեն փնջային գլխացավի կանխարգելմանն օգնող որոշ դեղեր (Լիթիումի կարբոնատ, Վերապամիլ և այլն), որոնց մասին կարող եք տեղեկանալ ձեր բժշկից։
Եթե դուք «կլաստերի» միջին մասում եք, կարող եք փորձել նվազեցնել գլխացավի նոպաների հավանականությունը՝ բարելավելով ձեր քունը, մասնավորապես՝ գիշերները քնելով նույն ժամին, ինչպես նաև լիարժեք կերպով դադարեցնելով ալկոհոլային խմիչքների օգտագործումը։
Ձեզ կարող են օգնել նաև սթրեսային իրավիճակներից խուսափելը կամ դրանք կառավարելի դարձնելը, ծանր ֆիզիկական լարվածություններից զերծ մնալը և ծովի մակերևույթից բարձր վայրեր չայցելելը։
Հոդվածը տեղադրվել է՝ 24-04-2018 վերանայվել է՝ 26-12-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: