Ցելիակայի ճշգրիտ պատճառը հայտնի չէ, սակայն հավանաբար ձեր գեները՝ զուգակցված սննդով ստացված գլուտեինի (սնձանի) և այլ գործոնների հետ, կարող են նպաստել ցելիակիայի առաջացմանը:
Ցելիակայի հետ կապված գեներից ավելի մեծ կարևորություն ունեն HLA DQ2 և HLA DQ8 գեները, որոնցից մեկնումեկը կամ երկուսն էլ առկա են ցելիակա ունեցող գրեթե բոլոր մարդկանց մոտ։ Այնուամենայնիվ, այդ գեներից մեկնումեկը կամ երկուսը հանդիպում են բնակչության շուրջ 30%-ի մոտ։
Նորածինների կերակրման ձևը, ստամոքս-աղիքային վարակները և աղիքային բակտերիաները նույնպես կարող են նպաստել: Երբեմն ցելիակիան ակտիվանում է վիրահատությունից, հղիությունից, ծննդաբերությունից, վիրուսային վարակից կամ ծանր հուզական սթրեսից հետո:
Երբ օրգանիզմի իմունային համակարգը չափից ավելի մեծ արձագանք է տալիս սննդի մեջ պարունակվող գլուտեինին, այսպիսի գերռեակցիան վնասում է բարակ աղիները ծածկող փոքրիկ, մազանման ելուստները (թավիկներ): Թավիկները ձեր կերած սննդից ներծծում են վիտամիններ, հանքանյութեր և այլ սննդանյութեր: Եթե ձեր աղիների թավիկները վնասված են (ատրոֆիա), դուք չեք կարող բավարար քանակությամբ սննդանյութեր ներծծել, անկախ նրանից, թե որքան եք ուտում: Սա կոչվում է ներծծման խանգարում (մալաբսորբցիա), որը բերում է թերսնուցման:
Ռիսկի գործոններ
Ցելիական ավելի տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն՝
- ցելիակայով կամ հերպեսանման դերմատիտով ընտանիքի անդամ (հիվանդության հավանականությունն աճում է շուրջ 10 անգամ)
- 1-ին տիպի դիաբետ
- Դաունի համախտանիշ կամ Թերների համախտանիշ
- վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդություն
- միկրոսկոպիկ կոլիտ (լիմֆոցիտային կամ կոլագենային կոլիտ)
- Ադիսոնի հիվանդություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024