Խիստ, ողջ կյանքի ընթացքում առանց գլուտեինի (սնձանի) սննդակարգը ցելիակայի վերահսկման միակ միջոցն է:
Բացի ցորենից, գլուտեին պարունակող մթերքները ներառում են՝
- գարի
- բլղուր
- դուրում
- ֆարինա
- Գրեհեմի ալյուր
- ածիկ
- տարեկան
- սեմոլինա
- սպելտ (ցորենի ձև)
- տրիտիկալե:
Ցելիակիա ունեցող մարդկանց հետ աշխատող դիետոլոգը կարող է օգնել ձեզ, որ կազմեք առանց գլուտեինի առողջ սննդակարգ: Ձեր սննդակարգում պարունակվող գլուտենի նույնիսկ աննշան քանակությունը կարող է վնասակար լինել, նույնիսկ եթե դրանք գանգատներ կամ ախտանիշներ չեն առաջացնում:
Գլուտեինը կարող է թաքնված լինել սննդամթերքի, դեղամիջոցների և ոչ պարենային ապրանքների մեջ, այդ թվում՝
- փոփոխված սննդի օսլա, կոնսերվանտներ և սննդի կայունացուցիչներ
- դեղատոմսով և առանց դեղատոմսի դեղեր
- վիտամինային և միներալային հավելումներ
- բուսական և սննդային հավելումներ
- շրթներկի արտադրանք
- ատամի մածուկ և բերանի ողողման լուծույթներ
- ծրարների և դրոշմանիշների սոսինձ
- խմոր:
Ձեր սննդակարգից գլուտեինիբացառումն աստիճանաբար կնվազեցնի բարակ աղու բորբոքումը, ինչը կբարելավի ձեր ինքնազգացողությունը և, ի վերջո, կօգնի ձեր ապաքինմանը: Երեխաները հակված են ավելի արագ բուժվել, քան չափահասները:
Վիտամինային և միներալային հավելումներ
Եթե ձեր սակավարյունությունը (անեմիան) կամ սննդային անբավարարությունը ծանր են, ձեր բժիշկը կամ դիետոլոգը կարող են խորհուրդ տալ հավելումների օգտագործում, այդ թվում՝
- պղինձ
- ֆոլաթթու
- երկաթ
- վիտամին B12
- վիտամին D
- վիտամին K
- ցինկ:
Վիտամիններն ու հավելումները սովորաբար ընդունվում են հաբերի տեսքով: Եթե ձեր մարսողական խողովակն ունի վիտամինների ներծծման հետ կապված խնդիրներ, ձեր բժիշկը կարող է դրանք նշանակել ներարկման ձևով:
Հետագա խնամք
Կանոնավոր ժամկետներում բժշկական հսկողությունը կարող է օգնել համոզվելու, որ ձեր ախտանիշները արձագանքել են առանց գլուտեինի սննդակարգին: Ձեր բժիշկը կվերահսկի ձեր օրգանիզմի պատասխանը արյան թեստերի միջոցով:
Ցելիակա ունեցող մարդկանց մեծամասնության համար առանց գլուտեինի սննդակարգը թույլ կտա, որ նրանց բարակ աղիները վերականգնվեն: Երեխաների համար դա սովորաբար տևում է երեքից վեց ամիս: Չափահասների դեպքում ամբողջական բուժումը կարող է տևել մի քանի տարի:
Եթե դուք շարունակում եք ախտանիշներ ունենալ կամ եթե ձեր ախտանիշները կրկնվում են, ձեզ կարող է անհրաժեշտ լինել էնդոսկոպիա՝ բիոպսիաներով՝ պարզելու համար, թե արդյոք ձեր աղիներն ապաքինվել են:
Աղիների բորբոքումը վերահսկող դեղամիջոցներ
Եթե ձեր բարակ աղիները խիստ վնասված են կամ ունեք ռեֆրակտեր ցելիակիա, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ստերոիդներ՝ բորբոքումը վերահսկելու համար: Ստերոիդները կարող են թեթևացնել ցելիակայի ծանր գանգատներն ու ախտանիշները՝ մինչ աղիները լավանում են:
Կարող են նաև օգտագործվել այլ դեղամիջոցներ, ինչպիսիք են Ազաթիոպրինը (Ազասան, Իմուրան) կամ Բուդեսոնիդ (Էնտոկորտ EC, Ուցերիս):
Հերպեսանման դերմատիտի բուժումը
Եթե դուք ունեք այս մաշկի ցանը, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ այնպիսի դեղամիջոց, ինչպիսին է Դապսոնը, որն ընդունվում է բերանով, ինչպես առանց գլուտեինի սննդակարգ: Եթե Դապսոն եք ընդունում, ձեզ հարկավոր է կանոնավոր արյան թեստեր՝ կողմնակի ազդեցությունները ստուգելու համար:
Ռեֆրակտեր ցելիակայի բուժումը
Եթե ունեք ռեֆրակտեր ցելիակիա, ձեր բարակ աղին չի ապաքինվի: Ամենայն հավանականությամբ, ձեզ անհրաժեշտ կլինի ստուգվել մասնագիտացված կենտրոնում: Ռեֆրակտեր ցելիական կարող է բավականին ծանր լինել, և ներկայումս ապացուցված բուժում չկա:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024