Չբուժվելու դեպքում ցելիական կարող է հանգեցնել մի շարք բարդությունների:
- Ներծծման խանգարում և թերսնուցում (մալաբսորբցիա). սա տեղի է ունենում, եթե ձեր բարակ աղիքները չեն կարողանում ներծծել բավարար քանակությամբ սննդանյութեր: Թերսնուցումը կարող է հանգեցնել սակավարյունության (անեմիայի) և քաշի կորստի: Երեխաների մոտ թերսնուցումը կարող է դառնալ դանդաղ աճի և ցածր հասակի պատճառ:
- Ոսկորների թուլացում. կալցիումի և վիտամին D-ի անբավարար ներծծումը երեխաների մոտ կարող է հանգեցնել ոսկրերի փափկացման (օստեոմալացիա կամ ռախիտ), իսկ չափահասների մոտ՝ ոսկրերի խտության կորստի (օստեոպենիա կամ օստեոպորոզ):
- Անպտղություն և վիժում. կալցիումի և վիտամին D-ի անբավարար ներծծումը կարող է նպաստել վերարտադրողական խնդիրների առաջացմանը:
- Կաթնաշաքարի (լակտոզի) անհանդուրժողականություն. ձեր բարակ աղու վնասումը (էնտերոպաթիա) կարող է առաջացնել որովայնի ցավ և փորլուծություն՝ կաթնաշաքար պարունակող կաթնամթերք ուտելուց կամ խմելուց հետո: Երբ ձեր աղիները լավանան, դուք կարող եք կրկին հանդուրժել կաթնամթերքը:
- Քաղցկեղ. ցելիակա ունեցող մարդիկ, ովքեր չեն պահպանում գլուտեին (սնձան) չպարունակող սննդակարգը, ունեն քաղցկեղի մի քանի ձևերի զարգացման ավելի մեծ ռիսկ, ներառյալ աղիքային լիմֆոմա և բարակ աղու քաղցկեղ:
- Նյարդային համակարգի խնդիրներ. ցելիակայով հիվանդ որոշ մարդկանց մոտ կարող են առաջանալ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ցնցումները կամ դաստակների և ոտնաթաթերի նյարդերի հիվանդությունը (պերիֆերիկ նեյրոպաթիա):
Չարձագանքող ցելիակա
Ցելիակա ունեցող որոշ մարդիկ չեն արձագանքում այն սննդակարգին, որը համարվում է առանց գլուտեինի (սնձանի): Չարձագանքող ցելիական հաճախ պայմանավորված է սննդակարգում, այնուամենայնիվ, սնձանի առկայությամբ: Դիետոլոգի հետ աշխատելը կարող է օգնել ձեզ սովորել, թե ինչպես իրականում և ամբողջապես խուսափել գլուտեինից:
Չարձագանքող ցելյակայով մարդիկ կարող են ունենալ՝
- մանրէներ բարակ աղիքներում (բակտերիաների գերաճ)
- միկրոսկոպիկ կոլիտ
- ենթաստամոքսային գեղձի անբավարար գործառույթ (ենթաստամոքսային գեղձի անբավարարություն)
- գրգռված աղու համախտանիշ
- կաթնամթերքի (կաթնաշաքար կամ լակտոզ), սեղանի շաքարի (սախարոզ) կամ մեղրի և մրգերի (ֆրուկտոզ) մեջ հայտնաբերված շաքարի մի տեսակի յուրացման դժվարություն
- ռեֆրակտեր ցելիակա:
Ռեֆրակտեր ցելիակա
Հազվադեպ ցելիակայի առաջացրած աղիքային վնասումը (թավիկային ատրոֆիա) չի արձագանքում առանց գլուտեինի խիստ սննդակարգին: Սա հայտնի է որպես ռեֆրակտեր ցելիակա: Եթե դուք վեց ամսից մինչև մեկ տարի առանց գլուտեինի խիստ սննդակարգին հետևելուց հետո դեռևս ունեք գանգատներ և ախտանիշներ, ձեզ կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ թեստավորում՝ ձեր ախտանիշների այլ բացատրություններ կամ պատճառներ փնտրելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024