Ցելիակայի գանգատներն ու ախտանիշները կարող են շատ տարբեր լինել և տարբերվել նաև երեխաների և չափահասների մոտ:
Չափահասների մոտ մարսողական գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- փորլուծություն
- հոգնածություն
- քաշի կորուստ
- փքվածություն և գազեր
- որովայնային ցավ
- սրտխառնոց և փսխում
- փորկապություն:
Այնուամենայնիվ, ցելիակա ունեցող չափահասների կեսից ավելին ունի մարսողական համակարգի հետ կապ չունեցող գանգատներ և ախտանիշներ, այդ թվում՝
- սակավարյունություն (անեմիա), սովորաբար երկաթի անբավարարությունից
- ոսկորների խտության կորուստ (օստեոպորոզ) կամ ոսկորների փափկացում (օստեոմալացիա)
- քոր առաջացնող, բշտիկային մաշկային ցան, որը կոչվում է հերպեսանման մաշկաբորբ (դերմատիտ)
- բերանի խոցեր
- գլխացավեր և հոգնածություն
- նյարդային համակարգի ախտահարում, ներառյալ ոտնաթաթերի և դաստակների թմրածություն և ծակծկոցներ, հավասարակշռության հետ կապված հնարավոր խնդիրներ և ճանաչողական (կոգնիտիվ) խանգարումներ
- հոդացավ
- փայծաղի գործունեության նվազում (հիպոսպլենիզմ):
Երեխաներ
Ցելիակայով հիվանդ երեխաների մոտ մարսողական խնդիրներն ավելի հավանական են, քան չափահասների մոտ, այդ թվում՝
- սրտխառնոց և փսխում
- քրոնիկ փորլուծություն
- փքված փորիկ
- փորկապություն
- աղիքային գազեր
- գունազրկված, գարշահոտ և ճարպոտ կղանք:
Սննդանյութերի ներծծման խանգարումը (մալաբսորբցիա) կարող է հանգեցնել հետևյալ վիճակների՝
- նորածինների զարգացման հապաղում
- ատամի էմալի վնասում
- քաշի կորուստ
- սակավարյունություն (անեմիա)
- դյուրագրգռություն
- կարճ հասակ
- հետաձգված սեռահասունացում
- նյարդաբանական ախտանշաններ, ներառյալ ուշադրության պակասի/գերակտիվության խանգարում (ՈւՊԳԽ), սովորելու խանգարումներ, գլխացավեր, մկանների կոորդինացման բացակայություն և ցնցումներ:
Հերպեսանման դերմատիտ
Գլուտենի անտանելիությունը (անհանդուրժողականությունը) կարող է առաջացնել քոր առաջացնող, բշտիկավոր մաշկային հիվանդություն: Ցանը սովորաբար առաջանում է արմունկների, ծնկների, իրանի, գլխի և հետույքի վրա։ Այս վիճակը հաճախ կապված է բարակ աղիքի լորձաթաղանթի փոփոխությունների հետ, որոնք նման են ցելիակային, սակայն մաշկի բորբոքումը կարող է չառաջացնել մարսողական ախտանիշեր:
Բժիշկները բուժում են հերպեսանման դերմատիտը գլուտեին (սնձան) չպարունակող սննդակարգի կամ դեղամիջոցների, կամ երկուսի միջոցով՝ ցանը վերահսկելու համար:
Ե՞րբ հանդիպել բժշկին
Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե ունեք փորլուծություն կամ մարսողական խնդիրներ, որոնք տևում են ավելի քան երկու շաբաթ: Խորհրդակցեք ձեր երեխայի բժշկի հետ, եթե ձեր երեխան գունատ է, դյուրագրգիռ, չի աճում կամ ունի ցավոտ փորիկ և գարշահոտ, մեծ ծավալով ճարպոտ կղանք:
Անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ, նախքան առանց գլուտեինի (սնձանի) սննդակարգ փորձելը: Եթե դուք դադարեցնեք կամ նույնիսկ նվազեցնեք ձեր կերած գլուտենի քանակը՝ նախքան ցելիակայի թեստավորումը, կարող եք փոխել թեստի արդյունքները:
Ցելիական սովորաբար հանդիպում է ընտանիքներում: Եթե ձեր ընտանիքում ինչ-որ մեկն ունի այդ վիճակը, հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք դուք պետք է թեստ անցնեք: Նաև հարցրեք ձեր բժշկին թեստավորման մասին, եթե դուք կամ ձեր ընտանիքից որևէ մեկն ունի ցելիակայի ռիսկի գործոն, ինչպիսին է 1-ին տիպի շաքարային դիաբետը:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024