Եթե կոլոռեկտալ քաղցկեղի ախտորոշումը հաստատվելուց հետո ձեր հաստ աղիքի մի մասը հեռացրել են, շատ հավանական է, որ վիրահատությունից հետո ձեր աղիների գործունեությունը խանգարվի:
Օրինակ, դուք կարող եք նշել, որ ձեր կղանքային պարունակությունը դարձել է ավելի ջրիկ: Պատճառն այն է, որ ձեր մնացած հաստ աղիքը, կարճանալով, ավելի քիչ քանակությամբ ջուր կարող է ներծծել:
Սա նշանակում է, որ հաստ աղիքի մասնահատումից հետո դուք կարող եք ունենալ փորլուծության կամ զուգարանից շտապ օգտվելու ցանկության կրկնվող դրվագներ:
Եթե փորլուծությունը ձեզ համար դառնում է խնդրահարույց, տեղեկացրեք այդ մասին ձեր բժիշկներին, քանի որ կան դեղեր, որոնք կարող են մեղմացնել ձեր ախտանիշները:
Դուք նաև կարող եք զգալ, որ վիրահատությունից հետո առաջին մի քանի ամսվա ընթացքում որոշ սննդատեսակներ նպաստում են փորլուծության կամ աղիների գործունեության հետ կապված այլ գանգատների առաջացմանը կամ վատթարացմանը: Այս առումով, խնդրահարույց կարող են դառնալ հետևյալ մթերքները՝
- բջջանքով (բջջանյութով) հարուստ մրգեր և բանջարեղեններ, օրինակ՝ լոբի, կաղամբ, խնձոր և բանան
- գազալցված ըմպելիքներ և գարեջուր:
Նման դեպքերում խորհուրդ է տրվում ժամանակավորապես սահմանափակել ձեր սննդակարգում բջջանքի չափաբաժինը: Բջջանքից աղքատ կարող են լինել՝
- սպիտակ հացամթերքները և սպիտակ ալյուրից պատրաստված արտադրանքները (օրինակ՝ հրուշակեղեն)
- կրեմային կրեկերներ
- թեյի թխվածքաբլիթներ
- եգիպտացորների շիլա կամ փաթիլներ
- լավ եփված և կեղևազերծված բանջարեղեններ և մրգեր:
Օգտակար կարող են լինել նաև հետևյալ խորհուրդները՝
- խմեք առատ հեղուկներ՝ օրական առնվազն 1,5-2 լիտր
- կրճատեք օրվա ընթացքում խմվող սուրճի քանակը, քանի որ կոֆեինը կարող է խթանել աղիների գործունեությունը և վատթարացնել փորկապությունը
- կերեք փոքր չափաբաժիններով և մինչև կուլ տալը լավ ծամեք սնունդը
- անանուխի ջուրը կարող է օգնել կուտակված գազերի հեռացմանը և թեթևացնել աղիների փքվածությամբ պատճառված անհարմարավետության զգացումը:
Օգտակար կարող է լինել, եթե դուք պահեք ձեր սննդի օրագիր և գրանցեք տարբեր մթերքների ազդեցությունը ձեր աղիների գործունեության վրա:
Եթե կարծում եք, որ վիրահատությունից հետո ձեր աղիների հետ կապված խնդիրները երկարաձգվում են կամ չեք կարողանում լիովին պահպանել առողջ սննդակարգ, դիմեք ձեր բժշկին: Անհրաժեշտության դեպքում, ձեզ կարող է խորհուրդներ տալ նաև դիետոլոգը:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-06-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024