Այն, թե բուժման որ միջոցներն առավել հավանական է, որ կօգնեն ձեզ, կախված է ձեր կոնկրետ իրավիճակից, ներառյալ ձեր քաղցկեղի գտնվելու վայրը, դրա փուլը և ձեր առողջական այլ խնդիրները:
Հաստ աղիքի քաղցկեղի բուժումը սովորաբար ներառում է քաղցկեղը հեռացնելու վիրահատություն: Այլ բուժումներն, ինչպիսիք են ճառագայթային թերապիան և քիմիոթերապիան, նույնպես կարող են առաջարկվել:
Վաղ փուլի հաստ աղիքի քաղցկեղի վիրահատությունը
Եթե ձեր հաստ աղիքի քաղցկեղը շատ փոքր է, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ վիրահատության նվազագույն ինվազիվ մոտեցում, ինչպիսիք են ստորև ներկայացվածները:
- Պոլիպների հեռացում կոլոնոսկոպիայի ժամանակ (պոլիպէկտոմիա). եթե ձեր քաղցկեղը փոքր է, տեղայնացված, ամբողջությամբ պարունակվում է պոլիպի մեջ և գտնվում է զարգացման շատ վաղ փուլում, ձեր բժիշկը կարող է այն ամբողջությամբ հեռացնել կոլոնոսկոպիայի ընթացքում:
- Լորձաթաղանթի էնդոսկոպիկ մասնահատում (ռեզեկցիա). ավելի մեծ պոլիպները կարող են հեռացվել կոլոնոսկոպիայի ընթացքում՝ օգտագործելով հատուկ գործիքներ պոլիպը և այն շրջապատող հաստ աղիքի ներքին լորձաթաղանթը շրջանաձև հեռացնելու միջամտությամբ, որը կոչվում է լորձաթաղանթի էնդոսկոպիկ ռեզեկցիա:
- Նվազագույն ինվազիվ վիրահատություն (լապարոսկոպիկ վիրահատություն). պոլիպները, որոնք հնարավոր չէ հեռացնել կոլոնոսկոպիայի ընթացքում, կարող են հեռացվել լապարոսկոպիկ վիրահատության միջոցով: Այս միջամտության ժամանակ ձեր վիրաբույժը կատարում է վիրահատությունը ձեր որովայնի պատի մի քանի փոքր կտրվածքների միջոցով՝ տեղադրելով կցված տեսախցիկներով գործիքներ, որոնք ցուցադրում են ձեր հաստ աղիքը տեսամոնիտորի վրա: Վիրաբույժը կարող է նաև նմուշներ վերցնել ավշային հանգույցներից այն հատվածում, որտեղ գտնվում է քաղցկեղը:
Ավելի տարածված հաստ աղիքի քաղցկեղի վիրահատությունը
Եթե քաղցկեղը աճել է ձեր հաստ աղիքի մեջ կամ պատով, ձեր վիրաբույժը կարող է խորհուրդ տալ հետևյալ վիրահատական բուժումներից մեկնումեկնը:
- Մասնակի կոլեկտոմիա. այս միջամտության ընթացքում վիրաբույժը հեռացնում է ձեր հաստ աղիքի այն մասը, որը պարունակում է քաղցկեղ, ինչպես նաև քաղցկեղի երկու կողմերում գտնվող նորմալ հյուսվածքի եզրը: Ձեր վիրաբույժը հաճախ կարողանում է վերականգնել ձեր հաստ աղիքի կամ ուղիղ աղիքի առողջ հատվածները: Այս միջամտությունը սովորաբար կարող է իրականացվել նվազագույն ինվազիվ մոտեցմամբ (լապարոսկոպիա):
- Վիրահատություն՝ ձեր մարմնից արտաթորքնաների դուրս գալու միջոց ստեղծելու համար. երբ հնարավոր չէ վերականգնել ձեր հաստ աղիքի կամ ուղիղ աղիքի առողջ հատվածները, ձեզ կարող է անհրաժեշտ լինել ստոմիա: Սա ներառում է մնացած աղիքի մի հատվածից որովայնի պատի մեջ բացվածք ստեղծելը՝ կղանքը դուրս բերելու համար: Երբեմն ստոմիան միայն ժամանակավոր է, ինչը թույլ է տալիս ձեր հաստ աղիքը կամ ուղիղ աղիքը բուժել վիրահատությունից հետո: Որոշ դեպքերում, սակայն, կոլոստոմիան կարող է մշտական լինել:
- Ավշային հանգույցների հեռացում. հաստ աղիքի քաղցկեղի վիրահատության ժամանակ սովորաբար հեռացվում են նաև մոտակա ավշային հանգույցները, որոնք ուղարկվում են լաբորատոր հետազոտման:
Վիրահատություն տարածված քաղցկեղի համար
Եթե ձեր քաղցկեղը շատ տարածված է կամ ձեր ընդհանուր առողջությունը շատ վատ է, ձեր վիրաբույժը կարող է խորհուրդ տալ վիրահատություն՝ ձեր հաստ աղիքի խցանումը կամ այլ վիճակները վերացնելու համար, որոնք կարող են բարելավել ձեր ախտանիշները: Այս վիրահատությունը չի արվում քաղցկեղը բուժելու համար, այլ դրա փոխարեն՝ թեթևացնելու գանգատներն ու ախտանիշները, ինչպիսիք են աղիների խցանումը, արյունահոսությունը կամ ցավը:
Հատուկ դեպքերում, երբ քաղցկեղը տարածվել է միայն լյարդի կամ թոքերի վրա, սակայն ձեր ընդհանուր առողջությունն այլ կերպ լավ է, ձեր բժիշկը կարող է առաջարկել վիրահատություն կամ այլ տեղայնացված բուժում՝ քաղցկեղը հեռացնելու համար: Քիմիոթերապիան կարող է օգտագործվել այս տեսակի միջամտությունից առաջ կամ հետո: Այս մոտեցումը երկարաժամկետ հեռանկարում քաղցկեղից ազատվելու հնարավորություն է տալիս:
Քիմիոթերապիա
Քիմիոթերապիան օգտագործում է դեղամիջոցներ քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար: Հաստ աղիքի քաղցկեղի քիմիոթերապիան սովորաբար նշանակվում է վիրահատությունից հետո, եթե քաղցկեղն ավելի մեծ է կամ տարածվել է դեպի ավշային հանգույցներ: Այս կերպ քիմիոթերապիան կարող է ոչնչացնել ցանկացած քաղցկեղային բջիջ, որը մնում է օրգանիզմում և կարող է օգնել նվազեցնելու քաղցկեղի կրկնության ռիսկը:
Քիմիոթերապիան նաև կարող է օգտագործվել մեծ քաղցկեղի վիրահատությունից առաջ, որ այն ավելի հեշտ լինի հեռացնել վիրահատության միջոցով:
Քիմիոթերապիան նաև կարող է օգտագործվել հաստ աղիքի քաղցկեղի ախտանիշներից ազատվելու համար, երբ քաղցկեղը հնարավոր չէ հեռացնել վիրահատության միջոցով կամ այն տարածվել են օրգանիզմի այլ շրջաններում: Երբեմն դա զուգորդվում է ճառագայթային թերապիայի հետ:
Հաստ աղիքի քաղցկեղի III աստիճանի ցածր ռիսկ ունեցող որոշ մարդկանց համար հնարավոր է վիրահատությունից հետո քիմիոթերապիայի ավելի կարճ ընթացք: Այս մոտեցումը կարող է նվազեցնել կողմնակի ազդեցությունները՝ համեմատած քիմիոթերապիայի ավանդական կուրսի հետ և կարող է լինել նույնքան արդյունավետ:
Ճառագայթային թերապիա
Ճառագայթային թերապիան օգտագործում է էներգիայի հզոր աղբյուրներ, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները և պրոտոնները՝ քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար: Այն կարող է օգտագործվել վիրահատությունից առաջ մեծ քաղցկեղը փոքրացնելու համար, որ այն ավելի հեշտությամբ հեռացվի:
Երբ վիրահատությունը տարբերակ չէ, ճառագայթային թերապիան կարող է օգտագործվել ախտանիշները, ինչպիսին է ցավը, մեղմացնելու համար: Երբեմն ճառագայթումը զուգակցվում է քիմիոթերապիայի հետ։
Թիրախային դեղորայքային թերապիա
Թիրախային դեղորայքային բուժումը կենտրոնանում է քաղցկեղի բջիջներում առկա հատուկ կառուցվածքային «թուլությունների» վրա: Արգելափակելով դրանք՝ թիրախային դեղորայքային բուժումները կարող են հանգեցնել քաղցկեղի բջիջների մահվան:
Թիրախային դեղերը սովորաբար զուգակցվում են քիմիոթերապիայի հետ: Թիրախային դեղերը սովորաբար վերապահված են հաստ աղիքի տարածված քաղցկեղով մարդկանց համար:
Իմունոթերապիա
Իմունոթերապիան դեղորայքային բուժում է, որն օգտագործում է ձեր իմունային համակարգը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Ձեր օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը կարող է չհարձակվել ձեր քաղցկեղի վրա, քանի որ քաղցկեղի բջիջները արտադրում են սպիտակուցներ, որոնք «կուրացնում են» իմունային համակարգի բջիջները, որոնք չեն կարողանում հայտնաբերել քաղցկեղային բջիջները: Իմունոթերապիան գործում է՝ խոչընդոտելով այդ գործընթացը։
Իմունոթերապիան սովորաբար վերապահված է հաստ աղիքի տարածված քաղցկեղի համար: Ձեր բժիշկը կարող է ձեր քաղցկեղի բջիջները ստուգել՝ պարզելու, թե արդյոք դրանք կարձագանքեն այս բուժմանը:
Օժանդակող (պալիատիվ) խնամք
Պալիատիվ խնամքը մասնագիտացված բժշկական օգնություն է, որը կենտրոնանում է ցավից և ծանր հիվանդության այլ ախտանիշներից ազատվելու վրա: Պալիատիվ խնամքը տրամադրվում է բժիշկների, բուժքույրերի և այլ հատուկ պատրաստված մասնագետների կողմից, որոնք աշխատում են ձեր, ձեր ընտանիքի և ձեր մյուս բժիշկների հետ՝ տրամադրելու լրացուցիչ աջակցության ծառայություն, որը լրացնում է ձեր շարունակական բուժումը և խնամքը:
Պալիատիվ խնամքի թիմերը նպատակ ունեն բարելավել քաղցկեղով հիվանդ մարդկանց և նրանց ընտանիքների կյանքի որակը: Խնամքի այս ձևը առաջարկվում է քաղցկեղի կամ այլ բուժումների հետ մեկտեղ, որոնք դուք կարող եք ստանալ:
Երբ պալիատիվ խնամքն օգտագործվում է բոլոր մյուս համապատասխան բուժումների հետ մեկտեղ, քաղցկեղով հիվանդ մարդիկ կարող են իրենց ավելի լավ զգալ և ավելի երկար ապրել:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-06-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024