Մրսածության ժամանակ ձեզ հնարավորինս հարմարավետ զգալու համար փորձեք հետևյալ այս խորհուրդներից մի քանիսը:
- Խմեք շատ հեղուկներ. ջուրը, նոսրացված հյութը, թափանցիկ արգանակը կամ գոլ կիտրոնաջուրը լավ ընտրություններ են: Խուսափեք կոֆեինից և ալկոհոլից, որոնք կարող են ձեզ ջրազրկել:
- Կուլ տվեք տաք հեղուկներ. հավի ապուրը (բուլյոն) և այլ տաք հեղուկները, ինչպիսիք են թեյը կամ տաք խնձորի հյութը, կարող են հանգստացնել և թուլացնել քթի փակվածությունը: Մեղրը կարող է օգնել հազի մեղմացմանը չափահասների և 1 տարեկանից բարձր երեխաների մոտ: Փորձեք այն տաք թեյի մեջ:
- Հանգիստ. հնարավորության դեպքում մի գնացեք աշխատանքի կամ դպրոց և մնացեք տանը, եթե ունեք ջերմություն, վատ հազ կամ դեղորայք ընդունելուց հետո քնկոտ եք: Սա թույլ կտա հանգիստ պայմաններում վերականգնել ուժերը և չվարակել այլ մարդկանց:
- Կարգավորեք ձեր սենյակի ջերմաստիճանը և խոնավությունը. պահեք ձեր սենյակը տաք, բայց ոչ գերտաքացած: Եթե օդը չոր է, սառը գոլորշիով խոնավացուցիչը կամ գոլորշացուցիչը կարող են խոնավացնել օդը և օգնել քթի փակվածության և հազի թեթևացմանը: Մաքրեք ձեր այդ սարքերն արտադրողի ցուցումների համաձայն՝ բակտերիաների և բորբոսների աճը կանխելու համար:
- Հանգստացրեք ցավացող կոկորդը. ըմպանի ողողումներն աղաջրով՝ 1/4 մինչև 1/2 թեյի գդալ կերակրի աղ (1250–2500 մգ) 120–240 մլ գոլ ջրում, կարող է օգնել կոկորդի ցավի հանգստանալուն: Ողողելուց հետո և թքեք այն: 6 տարեկանից փոքր երեխաները դժվար թե կարողանան ճիշտ ողողել: Կարող եք նաև փորձել սառույցի չիպսեր, սառնաշաքար (նաբաթ) կամ կոշտ կոնֆետներ: Զգույշ եղեք երեխաներին սառնաշաքար կամ կոշտ կոնֆետներ տալիս, քանի որ դրանք կարող են շնչահեղձություն առաջացնել: 6 տարեկանից փոքր երեխաներին մի տվեք սառնաշաքար կամ կոշտ կոնֆետներ:
- Փորձեք քթի կաթիլներ կամ սփրեյներ. աղային քթի կաթիլները կամ սփրեյները կարող են խոնավ պահել քթային անցուղիները և թուլացնել լորձը: Դուք կարող եք գնել այս միջոցներն առանց դեղատոմսի, որոնք կարող են օգնել ախտանիշների թեթևացմանը նույնիսկ երեխաների մոտ: Նորածինների և մանկահասակ երեխաների դեպքում կաթեցրեք աղային կաթիլները, սպասեք կարճ ժամանակահատված և այնուհետև օգտագործեք կաթոցիկ՝ յուրաքանչյուր քթանցքից լորձն արտածծելու համար: Ավելի մեծ երեխաների համար օգտագործեք աղային քթի սփրեյ կամ կատարեք աղային լուծույթով քթի խոռոչի ողողում:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024