Մրսածություն. ախտանիշներ
26-05-2021
2 րոպե

Ընդհանուր մրսածության կամ հարբուխի ախտանիշները սովորաբար հայտնվում են սուր շնչառական վիրուսի ազդեցությունից 1-3 օրվա ընթացքում:
Տարբեր մարդկանց մոտ մրսածությունը կարող է դրսևորվել տարբեր ախտանիշներով և կարող է ներառել՝
- հոսացող կամ փակված քիթ (հարբուխ)
- ըմպանացավ (ըմպանաբորբ)
- հազ
- քթի լցվածություն
- թույլ անորոշ մկանացավեր կամ թեթև գլխացավ
- փռշտոց
- թեթև աստիճանի ջերմության բարձրացում
- ընդհանուր ինքնազգացողության վատացում (թուլություն):
Հիվանդության ընթացքում քթային արտադրությունը կարող է դառնալ մածուցիկ և դեղնավուն կամ կանաչավում, որը բակտերիալ վարակի նշան չէ:
Ե՞րբ դիմել բժշկին
Չափահասներ
Տեղեկացրեք բժշկին, եթե ունեք՝
- 38.5 C-ից բարձր ջերմություն
- 5 օր կամ ավելի երկար տևող բարձր ջերմություն կամ ջերմությունը նորմալանալուց հետո տենդի կրկնություն
- դժվարաշնչություն և հևոց
- խզզոցներ
- սուր ըմպանացավ, գլխացավ կամ հարքթային (սուր սինուսիտին բնորոշ) ցավեր:
Երեխաներ
Ընդհանուր առմամբ մրսածությունը բժշկին դիմելու առիթ չէ: Սակայն անպայման կապ հաստատեք բժշկի հետ, եթե երեխայի մոտ զարգացել է այս ախտանիշներից մեկնումեկը՝
- մինչև 12 շաբաթական նորածինների մոտ 38 C կամ ավելի բարձր ջերմություն
- ցանծացած տարիքի երեխայի մոտ ջերմության օր-օրի ավելի բարձր ցուցանիշներ կամ բարձր ջերմության ավելի քան 2 օր կայուն պահպանում
- գանգատների վատթարացում կամ բարելավման բացակայություն
- ծանր ախտանիշներ, օրինակ՝ ուժեղ գլխացավ կամ հազ
- խզզոցներ
- ականջացավ
- խիստ անհանգստություն
- անսովոր քնկոտություն
- ախորժակի բացակայություն:
Հոդվածը վերանայվել է՝ 26-05-2021