Կոնյուկտիվիտ
18-05-2018
2 րոպե

Կոնյուկտիվիտն ակնագնդերի և կոպերի լորձաթաղանթի՝ շաղկապենու բորբոքումն է, որն առաջացանում է աչքերի կարմրություն:
Այն կարող է լինել վարակիչ բնույթի, ուստի շատ կարևոր է ախտորոշել շաղկապենու բորբոքման ճիշտ պատճառը, որը թույլ կտա նշանակել արդյունավետ բուժում:
Ի՞նչ է կոնյուկտիվիտը
Կոնյուկտիվիտը նշանակում է, որ ձեր աչքի սկլերան դարձել է վարդագույն, քանի որ այն պատող թափանցիկ շերտը՝ շաղկապենին բորբոքվել է:
Եթե դուք ունեք կոնյուկտիվիտ, ձեզ մոտ կարող են առաջանալ հետևյալ նշանները՝
- շաղկապենու այտուց է և կարմրություն
- կոպերի այտուց
- արցունքահոսություն
- աչքից արտադրություն, սովորաբար դեղին կամ կանաչ գույնի և առավոտյան աչքերի «ճպռոտում»
- աչքերի քոր, ծակոց կամ այրոցի զգացում
- լուսավախություն (լույսի նկատմամբ աչքերի գերզգայունություն):
Շաղկապենու բորբոքումը կարող է դրսևորվել սուր և քրոնիկ ընթացքով:
Կոնյուկտիվիտի պատճառները
Կոնյուկտիվիտները կարող են զարգանալ հետևյալ պատճառներից՝
- բակտերիալ վարակ
- վիրուսային վարակ
- ալերգիա
- գրգռիչներ, օրինակ՝ քիմիական նյութեր կամ փոշի
- աչքի օտար մարմիններ (օրինակ՝ ավազահատիկ, քարի փոքր կտոր)
- նորածինների մոտ՝ արցունքագեղձի ծորանի խցանում:
Բակտերիալ և վիրուսային ծագման կոնյուկտիվիտները խիստ վարակիչ են:
Կոնյուկտիվիտի ախտորոշումը
Բժիշկը կզրուցի ձեզ հետ և կզննի ձեզ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ձեր աչքերին: Նա կարող է նաև առաջարկել աչքի քսուքի լաբորատոր հետազոտություն:
Կոնյուկտիվիտի բուժումը
Կոնյուկտիվիտի բուժումը կախված է պատճառից:
Վիրուսային վարակները լավանում են առանց որևէ բուժման, սակայն բակտերիալ կոնյուկտիվիտները պահանջում են հակաբիոտիկային աչքի կաթիլների նշանակում:
Ալերգիկ կոնյուկտիվիտները սովորաբար բուժվում են հակահիստամինային աչքի կաթիլներով կամ հաբերով, իսկ գրգռումից առաջացած բորբոքումները՝ հակաբորբոքային աչքի կաթիլներով:
Աչքում օտար մարմնի առկայության կամ կասկածի դեպքում դիմեք ակնաբույժի:
Կոնյուկտիվիտի կանխարգելումը
Կոնյուկտիվիտն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ և իր բնույթով լինում վարակիչ, ուստի հատկապես այս տարիքում շատ կարևոր է հիվանդության կանխարգելումը:
Կոնյուկտիվիտով մարդիկ պետք է խուսափեն աչքերին հպվելուց և պետք է կանոնավոր լվանան իրենց ձեռքերը: Սա թույլ կտա, որ նվազեցվի վարակի տարածման հավանականությունը: Կարևոր է նաև անկողնային պարագաների, սրբիչի, թաշկինակի անհատական, այլ ոչ թե համատեղ օգտագործումը:
Լինզաներ կրող մարդիկ պետք է ժամանակ առ ժամանակ փոխեն դրանք:
Գրգռիչ, փոշոտ կամ քիմիական արտադրամասերում աշխատող մարդիկ պետք է կրեն պաշտպանիչ ակնոցներ:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր բժշկին, եթե ձեզ մոտ առաջացած կոնյուկտիվիտի գանգատները չեն մեղմանում մի քանի ժամվա ընթացքում:
Հոդվածը վերանայվել է՝ 24-01-2023