Գրադարան
Փորկապությունը երեխաների մոտ

2 րոպե
Երեխաների մոտ փորկապությունը բավականին հաճախ հանդիպող երևույթ է, սակայն այն սովորաբար որևէ լուրջ պատճառ չի ունենում։
Կան բազմաթիվ պատճառներ, որոնք ձեր երեխայի մոտ կարող են առաջացնել փորկապության դրվագներ։
Ի՞նչն է համարվում նորմա
Երեխաների մոտ աղիների գործունեությունը կարող է լինել տարբեր։ Նրանց մեծ մասի մոտ աղիները կարող են գործել ամեն 2-3 օրը մեկ, բայց կինեն նաև երեխաներ, ովքեր օրվա ընթացքում մինչև 3 անգամ զուգարան կգնան։
Ձեր երեխայի մոտ փորկապություն կա, եթե նա դժվարությամբ է կղազատում կամ կղանքը դժվարությամբ է ուղիղ աղիքից դուրս գալիս։ Փորկապությունը կարող է դրսևորվել նաև ոչ կանոնավոր կղազատմամբ։
Բազմաթիվ առողջ երեխաներ կարող են ժամանակ առ ժամանակ փորկապություն ունենալ։ Այս երևույթն ավելի հաճախ հանդիպում է մանկահասակ երեխաների մոտ, ինչպես նաև այն ժամանակ, երբ երեխան սկսում է սովորել աղիների վերահսկվող գործունեության սովորույթը։
Երեխաների մոտ փորկապության նշանները
Երեխաների մոտ փորկապության ամենահաճախ հանդիպող նշաններն են՝
- աղիները դատարկելիս դժվարություններ, տհաճ զգացման կամ ցավի դրսևորում
- նյարդային կամ հիասթափված վիճակ, կամ երեխան մերժում է զուգարանում նստելը
- փորիկի շրջանում սկսվող և անցնող ցավեր
- ախորժակի վատացում։
Փորկապությամբ որոշ երեխաների մոտ կարող է լինել նաև հետանցքի ճաք, որը կղազատման ժամանակ առաջացնում է ցավ և արյունահոսություն՚ Նման ճաքը կարող է լինել փորկապությանն ուղեկցող նիքերի արդյունք։
Երեխաների մոտ փորկապության պատճառները
Երեխաների «փորը կապվում է» տարբեր պատճառներով։ Դրանցից են՝
- կղելու ցանկություն առաջանալու դեպքում զուգարան գնալու փոխարեն կղազատումը զսպելը
- երեխան չի ստանում բջջանքով հարուստ բավարար քանակի սնունդ
- երեխան չափից դուրս շատ է կաթ օգտագործում և չի ստանում բավարար քանակի պինդ սնունդ
- երեխան ստանում է որոշ դեղեր (օրինակ՝ հազի դեմ)։
Միայն քիչ թվով երեխաների մոտ փորկապությանը կարող է հանդես գալ որպես որևէ լուրջ հիվանդություն ախտանիշ (երկրորդային փորկապություն)։
Փորկապության բուժումը և կանխարգելումը
Շատ կարևոր է, որ դուք պատշաճ ուշադրություն հրավիրեք երեխայի մոտ փորկապության առկայության երևույթին, քանի որ դժվարացած կամ ցավոտ կղազատումը կարող է երեխան լուրջ անհանգստություն կամ տհաճություն պատճառել։ Ձգձգվող փորկապությունը կարող է առաջացնել նաև անկղապահություն։
Դուք կարող եք ձեր երեխային օգնել հետևյալ կերպ՝
- սովորեցնել աղիների դատարկման ճիշտ ռեժիմ և սովորույթներ, օրինակ՝ ցանկություն առաջանալու դեպքում աղիների գործունեությունը հարկադրաբար չզսպելը
- առաջարկել, որ յուրաքանչյուր անգամ, երբ ձեր երեխան սնունդ է ստանում, այնուհետև գնա զուգարան
- հասկանալ երեխայի խնդիրները՝ կապված զուգարանից չօգտվեու հետ
- երեխայի սննդակարգում աստիճանաբար ավելացնել մեծ քանակով բջջանք պարունակող սննդատեսակներ
- նրան տալ բնական լուծողականներ, օրինակ՝ սև սալորի հյութ (чернослив):
Սև սալորահյութն ավելի «համով» ու հաճելի դարձնելու համար փորձեք այն խառնել մեկ այլ հյութի հետ կամ սառեցրեք՝ վերածելով սառցե խորանարդիկների։
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե վերևոնշյալ միջոցները չեն օգնում, դիմեք ձեր երեխայի բժշկին։ Ձեր երեխան պետք է բժշկի ուշադրությանն արժանանա նաև այս դեպքերում՝
- երեխայի աղիները չեն գործել մեկ շաբաթ և ավելի
- երեխայի աղիները սկսել են ակամա գործել
- երեխայի մոտ ի հայտ են եկել այլ ախտանիշներ, օրինակ՝ ջերմություն կամ փսխումներ
- առկա է երեխայի հետանցքի շրջանի սուր ցավեր կամ անհանգստություն
- երեխան բավարար չի սնվում կամ ջուր չի խմում
- մեկ տարվա ընթացքում ավելի քան 5 անգամ լուծողականի կարիք է զգացվում։
Հոդվածը տեղադրվել է՝ 12-05-2018 վերանայվել է՝ 01-07-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: