Փորկապության ախտորոշումը դժվար չէ, ինչը չի կարելի ասել փորկապության բուն պատճառը հայտնաբերելու մասին, որը երբեմն կարող է մնալ անհայտ:
Ձեր երեխայի բժիշկը կարող է ձեռնարկել հետևյալ քայլերն ու միջոցառումները:
- Հիվանդության պատմության վերաբերյալ մանրակրկիտ տվյալների հավաքում (անամնեզ). բժիշկը ձեզ կհարցնի երեխայի նախկին հիվանդությունների մասին: Նա, հավանաբար, նաև կհարցնի ձեր երեխայի սննդակարգի և ֆիզիկական ակտիվության մասին:
- Ֆիզիկական քննության անցկացում (բուժզննում). ձեր երեխայի ֆիզիկական քննությունը կներառի նրա փորիկի նուրբ շոշափումը և, հավանաբար, հետանցքային մատնային զննումը՝ ստուգելու հնարավոր կառուցվածքային շեղումները կամ ուղիղ աղիքում կանգ առած կղանքի առկայությունը: Ուղիղ աղիքում հայտնաբերված կղանքը կարող է ուղարկվել լաբորատորիա՝ արյան առկայությունը ստուգելու համար:
Ավելի լայնածավալ հետազոտությունները սովորաբար վերապահված են միայն փորկապության ծանր դեպքերի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր երեխայի բժիշկը կարող է նշանակել հետևյալ հետազոտությունները:
- Որովայնային ռենտգեն. ստանդարտ ռենտգեն հետազոտությունը թույլ է տալիս բժշկին ստուգել, թե արդյոք ձեր երեխայի աղիներում առկա են խցանումներ (անանցանելիություն):
- Անոռեկտալ մանոմետրիա կամ շարժունակության թեստ. այս թեստի ժամանակ երեխայի ուղիղ աղիքում տեղադրվում է բարակ խողովակ՝ կաթետեր, որը չափում է կղազատմանը մասնակցող մկանների կոորդինացիան:
- Բարիումային հոգնա և ռենտգեն. այս դեպքում հոգնայի միջոցով երեխայի աղիների լորձաթաղանթը պատվում է կոնտրաստային նյութով (բարիում), որը թույլ է տալիս ռենտգենով հստակ տեսնել նրա ուղիղ աղիքը, հաստ աղիքը և երբեմն բարակ աղիքի վերջնային հատվածը:
- Ուղիղաղիքային (ռեկտալ) բիոպսիա. այս միջամտության ժամանակ երեխայի ուղիղ աղիքի լորձաթաղանթից վերցվում է հյուսվածքային փոքր նմուշ, որը ստուգվում է՝ համոզվելու, թե արդյոք նյարդային բջիջները նորմալ են:
- Տարանցման (տրանզիտային) կամ մարկերային հետազոտություն. այս դեպքում ձեր երեխան կուլ է տալիս պատիճ (կապսուլա), որը պարունակում է մարկերներ, որոնք երևում են մի քանի օրվա ընթացքում արված ռենտգենյան ճառագայթների վրա: Ձեր երեխայի բժիշկը կվերլուծի, թե ինչպես են մարկերները շարժվում ձեր երեխայի մարսողական խողովակով:
- Արյան թեստեր. երբեմն կարող են առաջարկվել արյան թեստեր՝ ստուգելու երեխայի վահանաձև գեղձի գործունեությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-03-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024