Երեխաների մոտ փորկապության գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- շաբաթական երեքից պակաս կղազատումներ (դեֆեկացիաներ)
- կոշտ են, չոր և դժվար դատարկվող (նիքերով ուղեկցվող) կղանք
- կղազատմանն ուղեկցող ցավ կամ տհաճ զգացողություն
- սկսվող և անցնող ստամոքսի ցավեր
- ոչ լիարժեք կղազատման զգացում
- երեխայի ներքնազգեստում հեղուկ կամ մածուցիկ կղանքի հետքեր՝ նշան, որ կղանքը կուտակված է նրա ուղիղ աղիքում
- կոշտ կղանքի մակերեսին արյուն կամ արյան հետքեր:
Եթե երեխան վախենում է, որ կղազատումը ցավ կպատճառի, կարող է փորձել խուսափել դրանից: Դուք կարող եք նկատել, թե ինչպես է ձեր երեխան խաչում իր ոտքերը, սեղմում է հետույքը, ոլորում մարմինը կամ դեմքը ծամածռել, երբ փորձում է խուսափել կղազատման պահանջից:
Ե՞րբ դիմել բժշկին
Երեխաների մոտ փորկապությունը սովորաբար լուրջ բնույթ կամ հետևանքներ չունի: Այնուամենայնիվ, քրոնիկ փորկապությունը կարող է հանգեցնել բարդությունների կամ հուշել հիմքում ընկած որևէ հիվանդության մասին: Ձեր երեխային տարեք բժշկի, եթե նրա փորկապությունը տևում է ավելի քան երկու շաբաթ կամ ուղեկցվում է հետևյալ նշաններով՝
- ջերմություն
- սննդից հրաժարում
- կղանքում արյուն
- որովայնի փքվածություն
- քաշի կորուստ
- կղելիս ցավեր
- հետանցքից աղիքի մի մասի արտանկում (ուղիղաղիքային կամ ռեկտալ պրոլափս):
Հոդվածը հրապարակվել է՝ 09-03-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024