Փորկապությունն առավել հաճախ առաջանում է, երբ աղիքային զանգվածը կամ կղանքը խիստ դանդաղ է շարժվում մարսողական խողովակով, որի հետևանքով կղանքը դառնում է պինդ և չոր:
Երեխաների մոտ փորկապության առաջացմանը կարող են նպաստել բազմաթիվ գործոններ:
- Պահումներ. ձեր երեխան կարող է անտեսել աղիքները դատարկելու կարիքը, քանի որ վախենում է զուգարանից կամ չի ցանկանում ընդմիջել խաղը: Որոշ երեխաներ զսպում են կղելու ցանկությունը, քանի որ անհարմար են զգում այլ վայրերի կամ հասարակական զուգարաններից օգտվելու համար: Մեծ քանակությամբ և կոշտ կղանքի պատճառով առաջացած ցավոտ ու լարված կղման նկատմամբ վախը նույնպես կարող է հանգեցնել հետաձգման: Եթե կղումն առաջացնում է ցավեր, ձեր երեխան կարող է փորձել խուսափել անհանգստացնող վիճակի կրկնությունից:
- Զուգարանից օգտվելու սովորելու խնդիրներ. եթե շատ շուտ սկսեք ձեր երեխային զուգարանից օգտվելուն սովորեցնել, ձեր երեխան կարող է ըմբոստանալ և հերթական կղազատման պահանջը պահել: Եթե զուգարանից օգտվելուն սովորելը վերածվում է կամքի կռվի, ապա կղելու ցանկությունն անտեսելու կամավոր որոշումը կարող է արագորեն վերածվել ակամա սովորության, որը դժվար է փոխել:
- Սննդակարգի փոփոխություններ. ձեր երեխայի սննդակարգում բջջանյութով հարուստ մրգերի և բանջարեղենի կամ հեղուկի անբավարարությունը կարող է փորկապություն առաջացնել: Երեխաների մոտ փորկապության հաճախակի դեպքերից մեկն այն է, երբ նրանք ամբողջովին հեղուկ սննդակարգից անցնում են պինդ սնունդ ներառող սննդակարգին:
- Փոփոխություններ առօրյայում. ձեր երեխայի առօրյայի ցանկացած փոփոխություն, ինչպիսիք են ճանապարհորդությունը, շոգ եղանակը կամ սթրեսը, կարող են ազդել աղիքների գործունեության վրա: Երեխաները նաև ավելի հավանական է փորկապություն ունենան, երբ առաջին անգամ սկսում են դպրոց հաճախել:
- Դեղորայք. որոշակի հակադեպրեսանտները և տարբեր այլ դեղամիջոցները, օրինակ՝ հազի դեմ միջոցները կարող են նպաստել փորկապությանը:
- Կովի կաթից ալերգիա. կովի կաթից ալերգիան կամ չափից շատ կաթնամթերք (պանիր և կովի կաթ) օգտագործելը երբեմն հանգեցնում են փորկապության։
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). երեխաներն, ովքեր ունեն փորկապությամբ ընտանիքի անդամներ, ավելի հավանական է, որ նույնպես ունենան փորկապություն: Սա կարող է պայմանավորված լինել գենետիկ կամ շրջակա միջավայրի ընդհանուր գործոններով:
- Առողջական վիճակներ. հազվադեպ, երեխաների մոտ փորկապությունը վկայում է անատոմիական արատների, նյութափոխանակության կամ մարսողական համակարգի խնդիրների կամ հիմքում ընկած այլ հիվանդության մասին (երկրորդային փորկապություն):
Ռիսկի գործոններ
Փորկապությունն ավելի հավանական է, որ առաջանա այն երեխաների մոտ, ովքեր՝
- ֆիզիկապես ակտիվ չեն
- չեն ստանում կամ չեն ուտում բավարար քանակի բջջանք (բջջանյութ)
- չեն խմում բավականաչափ ջուր և հեղուկներ
- ընդունում են որոշակի դեղամիջոցներ, այդ թվում՝ որոշ հակադեպրեսանտներ
- ունեն առողջական խնդիր, որն ազդում է հետանցքի կամ ուղիղ աղիքի վրա
- ունեն որևէ նյարդաբանական խանգարում:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-03-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024