Կախված իրավիճակից, ձեր երեխայի բժիշկը կարող է խորհուրդ տալ փորկապության բուժման հետևյալ մոտեցումները:
- Դեղատոմս չպահանջող բջջանքային հավելումներ կամ կղանքը փափկացնող միջոցներ. եթե ձեր երեխան իր սննդակարգով բավարար քանակի բջջանք (բջջանյութ) չի ստանում, սովորական բջջանքային հավելումները, ինչպիսիք են Մետամուցիլը կամ Ցիտրուցելը, կարող են օգնել: Այնուամենայնիվ, ձեր երեխան պետք է խմի օրական առնվազն մոտ 1 լիտր (32 ունցիա) ջուր, որ այս միջոցները լավ ազդեն: Ձեր երեխայի տարիքին և քաշին համապատասխանող դեղաչափը պարզելու համար դիմեք նրա բժշկին: Այն երեխաների համար, ովքեր չեն կարողանում հաբեր կուլ տալ, գլիցերինային մոմիկները կարող են օգտագործվել կղանքը փափկացնելու համար: Խոսեք ձեր երեխայի բժշկի հետ այս միջոցների օգտագործման ճիշտ ձևի մասին:
- Լուծողական կամ հոգնա. եթե կղանքային զանգվածի կուտակումն առաջացնում է աղիքային խցանումներ, ձեր երեխայի բժիշկը կարող է առաջարկել որևէ լուծողական կամ հոգնա՝ առաջացած խցանը հեռացնելու համար: Օրինակներից են Պոլիէթիլեն գլիկոլը (ԳլիկոԼաքս, ՄիրաԼաքս և այլն) և հանքային յուղը: Երբեք ձեր երեխային մի տվեք լուծողական կամ մի կատարեք հոգնա՝ առանց նրա բժշկի նշանակման և համապատասխան դեղաչափերի վերաբերյալ հրահանգների:
- Հիվանդանոցային հոգնա. երբեմն երեխան կարող է այնքան ուժեղ փորկապություն ունենալ, որ անհրաժեշտ լինի նրան կարճ ժամանակով պառկացնել հիվանդանոցում՝ ավելի ուժեղ հոգնա կիրառելու համար, որը կարող է մաքրել նրա աղիքները (դիզիմպակցիա):
Հոդվածը հրապարակվել է՝ 11-03-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024