Կոնտակտային դերմատիտը առաջանում է ինչ-որ մի նյութի ազդեցության հետևանքով, որը գրգռում է ձեր մաշկը կամ առաջացնում է ալերգիկ ռեակցիա:
Այդ նյութը կարող է լինել հազարավոր հայտնի ալերգեններից և գրգռիչներից մեկը: Հաճախ մարդիկ միաժամանակ ունենում են գրգռիչ և ալերգիկ ռեակցիաներ։
Գրգռիչային կոնտակտային դերմատիտն ամենատարածված տեսակն է: Մաշկի այս ոչ ալերգիկ ռեակցիան առաջանում է, երբ գրգռիչը վնասում է ձեր մաշկի արտաքին պաշտպանիչ շերտը:
Որոշ մարդկանց մոտ պատասխան մաշկային ռեակցիա առաջանում է ուժեղ գրգռիչների եզակի ազդեցությունից հետո: Մյուսների մոտ կարող է ցան առաջանալ նույնիսկ թեթև գրգռիչ նյութերի, օրինակ՝ օճառի և ջրի հետ կրկնվող շփումից հետո: Եվ որոշ մարդկանց մոտ ժամանակի ընթացքում զարգանում է այդ նյութի նկատմամբ տանելիություն (հանդուրժողականություն):
Տարածված գրգռիչներից են՝
- լուծիչներ
- ռետինե ձեռնոցներ
- սպիտակեցնող և լվացող միջոցներ
- մազերի խնամքի միջոցներ
- օճառ
- օդածին նյութեր
- բույսեր
- պարարտանյութեր և միջատասպաններ (պեստիցիդներ):
Ալերգիկ կոնտակտային դերմատիտը զարգանում է, երբ մի նյութ, որի նկատմամբ դուք զգայուն եք (ալերգեն), ձեր մաշկի վրա առաջացնում է իմունային ռեակցիա: Այն հաճախ ազդում է միայն այն տարածքի վրա, որը շփվել է ալերգենի հետ: Սակայն, ալերգիկ ռեակցիա կարող է նաև առաջանալ մի բանից, որը մտնում է ձեր օրգանիզմ սննդի, հոտերի, դեղամիջոցների կամ բժշկական կամ ատամնաբուժական միջամտությունների միջոցով (համակարգային կոնտակտային դերմատիտ):
Մարդիկ հաճախ զգայուն են դառնում ալերգենների նկատմամբ տարիներ շարունակ դրա հետ բազմաթիվ շփումներից հետո: Սա կոչվում է սենսիտիզացիա: Երբ ձեզ մոտ ալերգիա է զարգացում որևէ նյութի նկատմամբ, դրա նույնիսկ փոքր քանակությունը կարող է ռեակցիա առաջացնել:
Տարածված ալերգեններից են՝
- նիկել, որն օգտագործվում է զարդերի, ճարմանդների և շատ այլ իրերի մեջ
- դեղամիջոցներ, ինչպիսիք են հակաբիոտիկային քսուքները
- պերուական բալզամը, որն օգտագործվում է բազմաթիվ ապրանքների մեջ, ինչպիսիք են օծանելիքները, ատամի մածուկները, բերանի խոռոչը ողողող միջոցները և բուրավետիչները
- ֆորմալդեհիդ, որն առկա է կոնսերվանտների, կոսմետիկայի և այլ ապրանքների մեջ
- անձնական խնամքի միջոցներ, ինչպիսիք են մարմնի շամպունները, մազերի ներկերը և կոսմետիկան
- բույսեր, ինչպիսիք են թունավոր բաղեղը և մանգոն, որոնք պարունակում են ուրուշիոլ կոչվող խիստ ալերգենիկ նյութ
- օդածին ալերգեններ, ինչպիսիք են ամբրոզիայի ծաղկափոշին և միջատասպան սփրեյները
- ապրանքներ, որոնք ռեակցիա են առաջացնում արևի տակ (ֆոտոալերգիկ կոնտակտային դերմատիտ), ինչպիսիք են որոշ արևապաշտպան և կոսմետիկ միջոցները:
Երեխաների մոտ կարող է ալերգիկ կոնտակտային դերմատիտ զարգանալ սովորական հարուցիչներից, ինչպես նաև տակդիրների, մանկական անձեռոցիկների, ականջի ծակման համար օգտագործվող զարդերի, ռեզինավոր կամ ներկանյութերով հագուստից և այլնի ազդեցությունից:
Ռիսկի գործոններ
Կոնտակտային դերմատիտի վտանգը կարող է ավելի բարձր լինել այն մարդկանց մոտ, ովքեր ունեն որոշակի աշխատանք և հոբբի: Օրինակները ներառում են՝
- գյուղատնտեսության աշխատողներ
- մաքրողներ
- շինարարական աշխատողներ
- խոհարարներ և այլ մարդիկ, ովքեր աշխատում են սննդի հետ
- ֆլորիստներ
- վարսահարդարներ և կոսմետոլոգներ
- առողջապահության ոլորտի աշխատողներ, ներառյալ՝ ատամնաբուժական աշխատողները
- մեքենավարներ
- մեխանիկներ
- ջրասուզորդներ կամ լողորդներ՝ դիմակների կամ ակնոցների ռետինի պատճառով:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024