Քոր նվազեցնելուն և բորբոքված մաշկը հանգստացնելուն կարող են օգնել հետևյալ ինքնօգնության և տնային միջոցները:
- Խուսափեք գրգռիչից կամ ալերգենից. դրա լուծման բանալին բացահայտելն է, թե ինչն է առաջացնում ձեր ցանը և դրանից հեռու մնալը: Ձեր բժիշկը կարող է ձեզ տրամադրել ապրանքների ցանկ, որոնք սովորաբար պարունակում են ձեզ վրա ազդող նյութ: Դրանք կարող են լինել ձեր մաշկի հետ շփվող ցանկացած առարկա կամ նյութ՝ կոսմետիկ միջոցներ, լոսյոններ կամ օծանելիքներ, արդուզարդի առարկաներ, բուրումնավետ օճառներ կամ որոշ նյութերից գործված ներքնաշորեր կամ հագուստ: Հարցրեք նաև ապրանքների այն ցանկի մասին, որոնք մեծ հավանականությամբ չունեն ձեզ վրա ազդող նյութեր: Պահեք ձեր տունը հնարավոր գրգռիչ նյութերից մաքուր: Մաքրեք և փոշեծծեք տան բոլոր գորգերն ու կարպետները, փոշու կուտակման բոլոր անկյունները և, ընդհանուր առմամբ, ձեր բնակարանի բոլոր սենյակներն ու անկյունները մաքուր պահեք: Եթե ենթադրյալ կամ հաստատված գրգռիչ նյութը կապ ունի ձեր աշխատավայրի հետ, զրուցեք այդ մասին ձեր գործատուի հետ:
- Օգտագործեք հակաքորային նրբաքսուք (կրեմ) կամ քսուք. քոր առաջացնող հատվածին քսեք 1% Հիդրոկորտիզոնային նրբաքսուք կամ քսուք (Կորտիզոն 10 և այլն): Սա դեղատոմս չպահանջող արտադրանք է, որը դուք կարող եք գնել դեղատնից: Օգտագործեք այն օրը 1-ից 2 անգամ՝ մի քանի օր։ Կամ փորձեք Կալամինային լոսյոն: Անկախ նրանից, թե ինչ ապրանք եք օգտագործում, փորձեք նախքան կիրառելը պահել այն սառնարանային սառը պայմաններում:
- Ընդունեք քորի դեմ դեղամիջոց. բերանային ընդունման հակահիստամինները, ինչպիսին է Դիֆենհիդրամինը (Ադվիլ PM, Բենադրիլ և այլն), նաև կարող են օգնել ձեզ, որ ավելի լավ քնեք: Դեղատոմս չպահանջող մեկ այլ հակահիստամինային դեղամիջոց է Լորատադինը (Ալավերտ, Կլարիտին և այլն), որը ձեզ այդքան քնկոտ չի դարձնի:
- Դրեք սառը, թաց կոմպրեսներ (թրջոցներ). մաշկի քոր առաջացնող շրջանի վրա տեղադրեք սառը թրջոց, որը թողեք 15-30 րոպե: Կրկնեք այն օրը մի քանի անգամ:
- Պաշտպանեք ձեր մաշկը. խուսափեք քերծվածքներից: Կտրեք ձեր եղունգները: Եթե չեք կարող զերծ մնալ քոր առաջացնող հատվածը քորելու ու քերծելուց, ծածկեք այն վիրակապով: Հանգիստ թողեք բշտիկները: Մինչ ձեր մաշկը լավանում է, հեռու մնացեք արևից կամ օգտագործեք արևապաշտպան այլ միջոցներ: Փորձեք խուսափել խիստ տաք կամ ցուրտ, խոնավ միջավայրերում երկար մնալուց և շրջակա ջերմաստիճանի կտրուկ տատանումներից:
- Նստեք կամ պառկեք հանգստացնող սառը վաննայում. ախտահարված շրջանը 20 րոպե թողեք սառը ջրի մեջ։ Ջրի մեջ շաղ տվեք վարսակի ալյուրի վրա հիմնված լոգանքի արտադրանք (Ավեենո):
- Պաշտպանեք ձեր ձեռքերը. լվացվելուց հետո լավ պարզաջրեք և զգուշորեն չորացրեք ձեր ձեռքերը։ Մի՛ թողեք, որ ձեր մաշկը չափից դուրս չորանա և օգտագործեք խոնավացնող միջոցներ ամբողջ օրվա ընթացքում՝ ձեր օգտագործած ցանկացած բուժիչ նրբաքսուքի վրա: Եվ ընտրեք ձեռնոցներ՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչից եք պաշտպանում ձեր ձեռքերը: Օրինակ, բամբակե ներդիրով պոլիէթիլենային ձեռնոցները լավ են, եթե ձեր ձեռքերը հաճախ թաց են: Նույն կերպ, սպասք լվանալիս օգտվեք հիպոալերգիկ ռետինե ձեռնոցներից:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024