Կոշտուկների կամ մազոլների գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը՝
- մաշկի հաստացած, կոպտացած շրջան
- պնդացած, մաշկից վեր բարձրացած գոյացություն
- ցավոտություն կամ մաշկի տակ ցավ
- թեփոտած կամ եղջերացած, չոր կամ մոմանման մաշկ:
Տարբերում են կոշտուկների հետևյալ տեսակները:
- Սեպաձև կոշտուկները (կլավուս) փոքր և ավելի խորն են, քան տափակ կոշտուկները և ունեն պնդացած կենտրոն (ցողուն), որը շրջապատված է այտուցված մաշկով: Սեղմելիս դրանք կարող են ցավոտ լինել: Պինդ սեպաձև կոշտուկները հաճախ առաջանում են ոտքի մատների ծարերին կամ ոտքի ճկույթի դրսային եզրին: Փափուկ սեպաձև կոշտուկները հակված են առաջանալ ոտքի մատների միջև:
- Տափակ կոշտուկները (կալուս) հազվադեպ են ցավոտ և հակված են առաջանալ ճնշման ենթարկվող հատվածներում, ինչպիսիք են կրունկները, ներբանի բարձիկները, ձեռքի ափերը կամ ծնկները: Դրանք կարող են լինել տարբեր չափի և ձևի և հաճախ ավելի մեծ են, քան սեպաձև կոշտուկները:
Երբեմն, հատկապես բարակ և նուրբ մաշկի վրա, օրինակ՝ ոտքերի կամ ձեռքերի մատների միջև կարող են առաջանալ փափուկ կամ, այսպես կոչված, ջրային կոշտուկներ։ Արտաքինից դրանք ունեն այրվածքի տեսք՝ բորբոքված, կարմրած մաշկից վեր բարձրացող հեղուկ պարունակությամբ բշտիկ։ Վնասված վերին շերտի տակ կուտակվում է հեղուկ, որը բարձիկի նման պաշտպանում է ավելի խոր շերտերը։ Ժամանակի ընթացքում կոշտուկի հեղուկը ներծծվում է, որի տակ ձևավորվում է նոր մաշկ: Փափուկ կոշտուկները շատ ցավոտ են և կարող են բարդանալ երկրորդային բակտերիալ վարակով:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե կոշտուկը դառնում է խիստ ցավոտ կամ բորբոքված, դիմեք ձեր բժշկին:
Եթե ունեք շաքարային դիաբետ կամ արյան շրջանառության խնդիրներ, դիմեք ձեր բժշկին մինչև տանն ինքնուրույն բուժում ձեռնարկելը: Սա կարևոր է, քանի որ ձեր ոտնաթաթի նույնիսկ աննշան վնասվածքը կարող է հանգեցնել վարակված բաց վերքի (խոցի):
Հոդվածը հրապարակվել է՝ 09-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024