Ցիտոմեգալովիրուս. կանխարգելում
05-03-2021
1 րոպե

Իրականում ցիտոմեգալովիրուսը շատ տարածված վիրուս է, որից խուսափելու որևէ հստակ կամ եզակի միջոց գոյություն չունի:
Այնուամենայնիվ, պատշաճ հիգիենան կարող է ինչ-որ չափով կանխարգելել ցիտոմեգալովիրուսով վարակվելը կամ այս վիրուսի տարածումը: Օրինակ, եթե դուք հղի եք կամ պատրաստվում եք հղիանալ, պետք է հնարավորինս զգույշ լինել, որ չվարակվեք այս վիրուսնով: Գուցե շատ հասարակ հնչի, սակայն գրիպանման նշաններով երեխաների հետ շփվելուց խուսափելը կարող է որոշակիորեն կանխարգելել ցիտոմեգալովիրուսով (կամ այլ վիրուսներով ու բակտերիաներով) վարակվելը։
Եթե դուք հղի եք և մշտական սերտ շփման մեջ եք գտնվում մանկահասակ երեխայի հետ, ապա՝
- պարբերաբար լվացեք և չորացրեք ձեր ձեռքերը, հատկապես նորածին և մանկահասակ երեխայի հետ շփվելուց առաջ և հետո
- երեխայի տակդիները կամ «փամփերսները» փոխեք ձեռնոցով
- խուսափեք մթերքը համատեղ ուտելուց կամ նույն բաժակով ջուր և հեղուկներ խմելուց
- խուսափեք հիգիենայի պարագաները, օրինակ՝ ատամի խոզանակը համատեղ օգտագործելուց
- երեխաներին համբուրելիս հոգ տարեք, որ խուսափեք թքի շփումից
- լվացեք երեխայի բոլոր այն խաղալիքները կամ այն մակերեսները, որոնք կարող են շփում ունենալ նրա թքի, մեզի կամ այլ կենսահեղուկների հետ։
Ցիտոմեգալովիրուսի տարածումը կանխարգելող ուղիներից է նաև անվտանգ սեռական շփումը (վիրուսը կարող է թափանցել նաև սերմնահեղուկի կամ հեշտոցային արտադրության մեջ):
Եթե ունեք թուլացած իմունիտետ, ապա ցիտոմեգալովիրուսով վարակվելու ռիսկը նվազեցնելու համար բժշկի խորհրդով կարող եք ստանալ հակավիրուսային դեղեր:
Ներկա պահին ցիտոմեգալովիրուսային վարակը կանխարգելող որևէ պատվաստանյութ գոյություն չունի, սակայն այս ուղղությամբ գիտաբժշկական հետազոտությունները մշտապես ընթանում են։
Հոդվածը վերանայվել է՝ 31-03-2021