Skip to main content

Ախտանիշներ - Ցիտոմեգալովիրուս

Առողջ մարդկանց մեծամասնությունը, ովքեր վարակված են ցիտոմեգալովիրուսով (CMV), կարող են ախտանիշներ չունենալ:

Ոմանք ունենում են աննշան ախտանիշներ: Մարդիկ, ովքեր ավելի հավանական է, որ կունենան CMV-ի գանգատներ և ախտանիշները, ներառում են հետևյալ խմբերը:

  • Նորածիններ, ովքեր վարակվել են CMV-ով մինչև ծնվելը (բնածին CMV):
  • Նորածիններ, որոնք վարակվում են ծննդյան ժամանակ կամ դրանից անմիջապես հետո (պերինատալ CMV): Այս խումբը նաև ներառում է կրծքի կաթի միջոցով վարակված երեխաներին:
  • Մարդիկ, ովքեր ունեն թուլացած իմունային համակարգ, օրինակ՝ նրանք, ովքեր փոխպատվաստել են օրգան, ոսկրածուծ կամ ցողունային բջիջներ, ստանում են քիմիոթերապիա կամ նրանք, ովքեր վարակված են ՄԻԱՎ-ով:

Նորածիններ

Բնածին CMV-ով նորածինների մեծ մասը ծնվելիս ունի առողջ տեսք:

Փոքր թվով նորածիններ, ովքեր ունեն բնածին CMV և ծնվելիս առողջ են թվում, ժամանակի ընթացքում ունենում են ախտանիշներ, երբեմն ամիսներ կամ տարիներ հետո: Այս ուշ ի հայտ եկած նշաններից ամենատարածվածներն են լսողության կորուստը և զարգացման հապաղումը: Հազվադեպ, նորածինների մոտ կարող են առաջանալ նաև տեսողության խնդիրներ:

Հետևյալ գանգատներն ու ախտանշանները ավելի տարածված են այն երեխաների մոտ, ովքեր ունեն բնածին CMV և ծնվելիս ունեն հիվանդություն՝

  • վաղաժամ ծնունդ
  • ծննդյան ցածր քաշ
  • մաշկի և աչքերի դեղնություն (դեղնուկ)
  • մեծացած և վատ գործող լյարդ
  • մաշկի մանուշակագույն բծեր կամ ցան կամ երկուսն էլ
  • ոչ նորմալ փոքր գլուխ (միկրոէնցեֆալիա)
  • մեծացած փայծաղ
  • թոքաբորբ
  • ցնցումներ:

Մարդիկ, ովքեր ունեն թուլացած իմունիտետ

Եթե ձեր իմունային համակարգը թուլացած է, դուք կարող եք ունենալ լուրջ խնդիրներ, որոնք ազդում են հետևյալ օրգանների վրա՝

  • աչքեր
  • թոքեր
  • լյարդ
  • կերակրափող
  • ստամոքս
  • աղիներ
  • գլխուղեղ։

Առողջ չափահասներ

CMV-ով վարակված և այլ կերպ առողջ մարդկանց մեծ մասը ունենում է սակավաթիվ ախտանիշներ: Առաջին անգամ վարակվելիս որոշ չափահասներ կարող են ունենալ վարակային մոնոնուկլեոզի նման ախտանիշներ, այդ թվում՝

  • թուլություն
  • ջերմություն
  • կոկորդի ցավ
  • մկանային ցավեր:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին հետևյալ դեպքերում:

  • Դուք ունեք թուլացած իմունային համակարգ և զգում եք CMV վարակի ախտանիշներ: Թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց համար CMV վարակը կարող է ծանր կամ նույնիսկ մահացու լինել: Մարդիկ, ովքեր ենթարկվել են ցողունային բջիջների կամ օրգանների փոխպատվաստման, հավանաբար ամենամեծ վտանգի տակ են:
  • Հղիության ընթացքում ձեզ մոտ զարգացում է մոնոնուկլեոզի նման հիվանդություն:

Եթե ունեք CMV, բայց այլ կերպ առողջ եք, և նշում եք որևէ թեթև, ընդհանուր բնույթի ինքնազգացողության վատացում, դուք կարող եք վիրուսի վերաակտիվացման շրջանում լինել: Տնային բուժումը, օրինակ՝ շատ հանգստանալը, պետք է բավարար լինի ձեր օրգանիզմի համար վարակը վերահսկելու համար:

Ե՞րբ ձեր երեխան պետք է դիմի բժշկի

Եթե գիտեք, որ հղիության ընթացքում վարակվել եք CMV-ով, տեղեկացրեք այդ մասին ձեր երեխայի բժշկին: Բժիշկը հավանաբար կգնահատի ձեր երեխայի լսողության կամ տեսողության հետ կապված խնդիրները:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024