Երբեմն ջրազրկումն առաջանում պարզ պատճառներով. դուք բավականաչափ չեք խմում, քանի որ հիվանդ եք կամ զբաղված, կամ այն պատճառով, որ ճանապարհորդելիս, արշավի ժամանակ կամ ճամբարում չունեք անվտանգ խմելու ջուր:
Ջրազրկման այլ պատճառները ներառում են հետևյալը:
- Փորլուծություն (դիարեա) և փսխում. ծանր, սուր լուծը, այսինքն՝ փորլուծությունը, որն առաջանում է հանկարծակի և բուռն, կարող է կարճ ժամանակում առաջացնել ջրի և էլեկտրոլիտների ահռելի կորուստ: Եթե փորլուծության հետ մեկտեղ նաև փսխում եք, դուք կորցնում եք էլ ավելի շատ հեղուկներ և միներալներ:
- Ջերմություն. ընդհանուր առմամբ, որքան բարձր է ձեր ջերմությունը, այնքան ավելի ջրազրկված կարող եք դառնալ: Խնդիրն ավելի է սրվում, եթե փորլուծությունից և փսխումից բացի ջերմություն ունեք:
- Առատ քրտնարտադրություն. քրտնելիս ջուր եք կորցնում: Եթե ակտիվ գործունեություն եք ծավալում և չեք փոխլրացնում հեղուկների կորուստը, կարող եք ջրազրկվել: Շոգ, խոնավ եղանակը մեծացնում է քրտնարտադրության չափը և կորցրած հեղուկի քանակը:
- Միզարձակման ավելացում. սա կարող է պայմանավորված լինել չախտորոշված կամ չվերահսկվող շաքարային դիաբետով: Որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են միզամուղները և արյան ճնշման որոշ դեղամիջոցներ, նույնպես կարող են հանգեցնել ջրազրկման, հիմնականում այն պատճառով, որ դրանք առաջացնում են միզարձակման խթանում և հեղուկների կորուստ:
Ռիսկի գործոններ
Յուրաքանչյուր ոք կարող է ջրազրկվել, սակայն որոշ մարդիկ ավելի մեծ վտանգի տակ են:
- Նորածիններ և երեխաներ. ծանր փորլուծություն և փսխում ունեցող ամենահավանական խումբը՝ նորածիններն ու մանկահասակ երեխաները, առանձնապես խոցելի են ջրազրկման նկատմամբ: Ունենալով ծավալի նկատմամբ ավելի մեծ մակերես, նրանք նաև բարձր ջերմության կամ այրվածքների պատճառով կորցնում են իրենց հեղուկի ավելի մեծ մասնաբաժինը: Մանկահասակ երեխաները հաճախ չեն կարողանում ձեզ հասկացնել, որ ծարավ են, ոչ էլ կարող են ինքնուրույն խմել:
- Տարեց չափահասներ. տարիքի հետ ձեր օրգանիզմի հեղուկի պաշարը փոքրանում է, ջուրը խնայելու ունակությունը նվազում է, իսկ ծարավի զգացումը դառնում է ավելի քիչ անհանգստացնող: Այս խնդիրներին ավելանում են քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են շաքարային դիաբետը և դեմենցիան, ինչպես նաև որոշ դեղամիջոցների օգտագործումը: Տարեցները նաև կարող են ունենալ շարժունակության խնդիրներ, որոնք սահմանափակում են ինքնուրույն ջուր խմելու նրանց հնարավորությունը:
- Քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ. չվերահսկվող կամ չբուժված շաքարային դիաբետը ձեզ դնում է ջրազրկման մեծ վտանգի տակ: Երիկամային հիվանդությունը նույնպես մեծացնում է ձեր ռիսկը, ինչպես նաև դեղամիջոցները, որոնք խթանում են միզարձակումը: Նույնիսկ մրսածությունը կամ կոկորդի ցավը ձեզ ավելի շուտ է ջրազրկման հասցնում, քանի որ հիվանդ ժամանակ քիչ հավանական է, որ ուտելու կամ խմելու ցանկություն ունենաք:
- Դրսում աշխատող կամ վարժանքներ կատարող մարդիկ. երբ շոգ է և խոնավ, մեծանում է ջրազրկման և ջերմային հիվանդությունների ռիսկը: Դա պայմանավորված է նրանով, որ երբ օդը խոնավ է, քրտինքը չի կարող գոլորշիանալ և հովացնել ձեզ այնքան արագ, որքան սովորաբար անում է, և դա կարող է հանգեցնել մարմնի ջերմաստիճանի բարձրացման և ավելի շատ հեղուկների պահանջարկի:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-04-2021
Վերջին վերանայում՝ 12-05-2024