Ջրազրկում. բուժում
04-04-2021
1 րոպե

Ջրազրկման միակ արդյունավետ բուժումը կորցրած հեղուկների և էլեկտրոլիտների վերականգնումն է:
Ջրազրկման բուժումը կախված է տարիքից, ծանրության աստիճանից և պատճառից:
Եթե նորածին կամ մանկահասակ երեխաները ջրազրկվել են փորլուծության, փսխումների կամ բարձր ջերմության պատճառով, անհրաժեշտ է սկսել առանց դեղատոմսի վաճառվող ներքին ընդունման (օրալ) ռեհիդրատացիոն լուծույթներից (օրինակ՝ Ռեհիդրոն): Այս լուծույթները պարունակում են հատուկ համամասնությամբ ջուր և աղեր, որոնք վերականգնում են ինչպես ջրի, այնպես էլ էլեկտրոլիտների պակասը: Դեղատներում վաճառվում են նաև ռեհիդրատացիոն «չոր» խառնուրդներ, որոնք մինչև օգտագործելը պետք է լուծել ջրի մեջ (ուշադիր ընթերցեք պատրաստման կարգը):
Կարելի է սկսել 1 թեյի գդալից (5 մլ)՝ ամեն 1-5 րոպեն մեկ և ավելացնել, եթե փսխումներ չի առաջանում։ Նորածին և խիստ մանկահասակ տարիքի երեխաներին հեղուկները կարելի է տալ անասեղ ներարկիչով: Ավելի մեծ տարիքի երեխաներին կարելի է տալ նոսրացված սպորտային ըմպելիքներ (1 բաժին ըմպելիք և 1 բաժին ջուր)։
Չափահաս մարդկանց մեծ մասը, ովքեր ջրազրկվել են փորլուծության, փսխումների կամ բարձր ջերմության պատճառով, կարող են օգտագործել սովորականից ավելի շատ ջուր կամ այլ հեղուկներ: Նկատի ունեցեք, որ փորլուծությունը կարող է սաստկանալ խիստ մրգային հյութեր կամ ոչ ոգելից ըմպելիքներ օգտագործելիս:
Եթե դրսում կատարում եք ծանր ֆիզիկական աշխատանք կամ վարժանքներ, կարելի է սկսել սառը ջրից: Օգտակար կարող են լինել նաև էլեկտրոլիտներ և ածխաջրեր պարունակող սպորտային ըմպելիքները:
Ծանր ջրազրկումները պահանջում են անհետաձգելի բուժօգնություն, այդ թվում՝ աղային լուծույթների ներերակային ներարկում (կաթիլային):
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022