Առողջական խնդիրներ
Դելիրիում

3 րոպե
Դելիրիումը գիտակցության մթագնում է, որը դրսևորվում է խառնաշփոթ մտածողությամբ և շրջապատի նկատմամբ կողմնորոշման թուլացմամբ։
Դելիրիումը մարդու մտածողության և վարքագծերի շեղումներն են, որոնք կարող են ի հայտ գալ և անհետանալ բավականին արագ՝ մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում։
Դելիրիումով մարդու գիտակցությունը խորը մթագնած է (սա պետք չէ շփոթել ուշագնացության, գիտակցության կորստի կամ բացակայության հետ)։ Նա չի կողմնորոշվում տեղի, ժամանակի կամ իրադրության մեջ, սակայն կարողանում է կողմնորոշվել սեփական «ես»-ի նկատմամբ։
Դելիրիումի ժամանակ մտածողությունը դառնում է անկազմակերպ, ի հայտ են գալիս վառ, առատ, իսկական, առավելապես տեսողական, տեսարանային ցնորքներ։ Դելիրիումով մարդը հաճախ դժվարությամբ է կարողանում կենտրոնացնել ուշադրությունը։ Նա կարող է լինել խիստ քնկոտ կամ անհանգիստ։
Դելիրիումը հաճախ առաջանում է որպես մեկ կամ մի քանի նպաստող գործոնների հետևանք, օրինակ՝ սուր կամ քրոնիկ, այդ թվում՝ վարակային կամ ցավերով ուղեկցվող հիվանդություններ, օրգանիզմի ջրաաղային հավասարակշռության խախտումներ (փորկապություն կամ փորլուծություն), դեղեր, վիրահատական միջամտություններ, ալկոհոլից և թմրամիջոցներից զրկանք։ Դեմենցիայով մարդկանց մոտ դելիրիումի զարգացման ռիսկն աճում է շուրջ 6 անգամ։
Դելիրումով մարդուն բուժելիս առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել հետևյալ հանգամանքների վրա՝
- հիվանդի քունը բավարար է
- հիվանդի կողմից ջրի և սննդի ընդունումը բավարար է
- հիվանդապահը նրան ծանոթ կամ հարազատ մարդ է։
Դելիրիում և դեմենցիա
Դելիրիումի և դեմենցիայի նշանները կարող են միմյանց խիստ նմանվել, ուստի ախտորոշման համար կարևոր տեղեկատվություն կարող են հաղորդել հիվանդի ընտանիքի անդամները, ընկերները կամ աշխատանքային գործընկերները։
Դեմենցիան հիվանդություն է, որի ժամանակ մարդու հիշողությունը, մտածողությունը, ընկալումը կամ դատողությունը կարող են խանգարվել, սակայն նման խանգարումը զարգանում է տևական ժամանակի ընթացքում և երբեք նախկին վիճակին չի վերադառնում։ Դելիրումը մարդու գիտակցության կամ մտածողության ավելի կտրուկ փոփոխությունն է, որը հաճախ կարելի է կանխարգելել կամ բուժել։
Ահա դելիրիումի և դեմենցիայի միջև երեք կարևոր տարբերությունների հաճիրճ նկարագիրը։
- Սկիզբ. դելիրիումը սկսվում է կարճ ժամանակի ընթացքում, մինչդեռ դեմենցիան սովորաբար սկսվում է համեմատաբար թեթև ախտանիշներով, որոնք ժամանակի ընթացքում աստիճանաբար խորանում են։
- Ուշադրություն. դելիրիումի ժամանակ զգալի կերպով խանգարվում է մարդու ուշադրությունը կենտրոնացնելը կամ կենտրոնացած պահելը։ Դեմենցիայի վաղ շրջաններում մարդիկ ընդհանուր առմամբ մնում են զգոն։
- Փոփոխություններ. դելիրիումի դրսևորման ախտանիշներն օրվա ընթացքում կարող են զգալիորեն և հաճախակի փոփոխվել։ Դեմենցիայով մարդիկ օրվա ընթացքում կարող են ունենալ «լավ» կամ «վատ» ժամեր, սակայն նրանց մտածողության և հիշողության հմտություններն օրվա ընթացքում մնում են բավականաչափ կայուն մակարդակի վրա։
Հոդվածը տեղադրվել է՝ 01-05-2018 վերանայվել է՝ 24-01-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: