Դելիրիում․ պատճառներ
18-05-2019
2 րոպե

Դելիրիումի առաջացման պատճառները մնում են անհայտ, սակայն ընդունված վարկածի համաձայն այն կապված է գլխուղեղի գործունեության խորը խանգարումների հետ։
Մասնավորապես, համարվում է, որ դելիրիումը դրսևորվում է, երբ ուղեղում խանգարվում է ընդունող և ուղարկող ազդանշանների միջև հավասարակշռությունը։ Ավելի հավանական է, որ գլխուղեղում նման «խառնաշփոթն» առաջանում է մի շարք գործոնների զուգակցմամբ, որոնք այս օրգանը դարձնում են խոցելի և նպաստում վերջինիս գործունեության խաթարմանը։
Դելիրիումը կարող է ունենալ մեկ՝ եզակի կամ երկու և ավելի պատճառներ, օրինակ՝ որևէ հիվանդության առկայություն և դեղերի թունավոր ազդեցություն: Որոշ դեպքերում որևէ պատճառ գտնելը դառնում է անհնար։
Դելիրիումի հնարավոր պատճառներից են՝
- որոշ դեղեր կամ թմրամիջոցներ թունավոր (տոքսիկ) ազդեցություն
- ալկոհոլի կամ թմրամիջոցների ներգործություն կամ զրկանքի վիճակ
- առողջական խնդիրներ, օրինակ՝ ինսուլտ, սրտամկանի ինֆարկտ, թոքային կամ լյարդային հիվանդությունների ծանրացում, վնասվածքներ
- նյութափոխանակության անհավասարակշռություն, օրինակ՝ ցածր նատրիում կամ կալցիում
- սուր, քրոնիկ կամ կյանքին սպառնացող հիվանդություններ
- տենդ և սուր վարակ, հատկապես երեխաների մոտ
- միզուղիների վարակներ, թոքաբորբ կամ գրիպ, հատկապես մեծ տարիքով մարդկանց մոտ
- սուր թունավորումներ, օրինակ՝ շմոլ գազով, ցիանիդով կամ այլ թույներով
- թերսնուցում կամ ջրազրկում
- քնի խանգարումներ կամ սուր հուզական վրդովմունք
- ցավ
- վիրահատություն կամ ընդհանուր անզգայացմամբ կատարված միջամտություններ։
Որոշ դեղամիջոցներ կամ դրանց զուգակցումներ կարող են հանդես գալ որպես դրդապատճառներ (տրիգեր) և նպաստել դելիրիումի ախտանիշների դրսևորմանը։ Դրանցից են՝
- ցավազրկողներ
- քնաբերներ
- տրամադրության խանգարման, օրինակ՝ տագնապի և դեպրեսիայի բուժման դեղեր
- ալերգիայի բուժման դեղեր (հակահիստամինայիններ)
- ասթմայի դեղեր
- ստերոիդ դեղեր (կորտիկոստերոիդներ)
- Պարկինսոնի հիվանդության դեղեր
- հակացնցումային դեղեր։
Ռիսկի գործոններ
Ցանկացած հիվանդություն, որը պահանջում է հիվանդանոցային բուժում, հատկապես անհետաձգելի բուժօգնության կամ հետվիրահատական շրջանում, բարձրացնում է դելիրիումի առաջացման ռիսկը։ Նույնը վերաբերվում է խնամքի կենտրոններին։
Դելիրիումի զարգացման հավանականությունը բարձրացնող վիճակների այլ օրինակներից են՝
- ուղեղի հիվանդություններ, օրինակ՝ դեմենցիա (շուրջ 6 անգամ մեծացնում է դելիրիումի հավանականությունը), ինսուլտ կամ Պարկինսոնի հիվանդություն
- նախկինում դելիրիումի դրվագներ
- տեսողության կամ լսողության խանգարումներ, հատկապես՝ կուրություն կամ խլություն
- բազմաթիվ հիվանդությունների միաժամանակյա առկայություն։
Հոդվածը վերանայվել է՝ 01-06-2021