Դիաբետիկ հիպոգլիկեմիան կանխարգելելու համար հետևեք այս խորհուրդներին:
- Վերահսկեք ձեր արյան շաքարը. կախված ձեր բուժման ծրագրից, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ մի դեպքում ձեր արյան շաքարի մակարդակը չափեք շաբաթական մեկ-երկու անգամ, մեկ այլ դեպքում՝ ամեն օր, իսկ երրորդ դեպքում՝ օրական մի քանի անգամ: Գլյուկոզի մշտական վերահսկումը կարող է օգտակար լինել հատկապես այն մարդկանց, ովքեր այլևս չեն կարողանում տարբերակել հիպոգլիկեմիայի դրվագները:
- Բաց մի՛ թողեք կամ մի՛ հետաձգեք ձեր ճաշերը կամ նախաուտեստները. եթե ստանում եք ինսուլին կամ բերանային (օրալ) դիաբետի հաբեր, կայուն պահեք ձեր սնման ժամանակացույցը՝ ճաշերի կամ նախաուտեստների քանակը և ժամանակը:
- Դեղաչափերն ընտրեք զգուշորեն և ընդունեք ժամանակին. ձեր բոլոր դեղերն ընդունեք այնպես, ինչպես նշանակել է ձեր բժիշկը:
- Համապատասխանեցրեք ձեր դեղերը կամ ստացեք լրացուցիչ նախաուտեստներ, եթե բարձրացնում եք ֆիզիկական ակտիվությունը. դեղամիջոցների քանակների փոփոխությունը կախված է գլյուկոզի թեստի արդյունքներից, ֆիզիկական ակտիվության տեսակից և տևողությունից, ինչպես նաև ընդունած դեղամիջոցի տեսակից։ Նախապես խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
- Եթե ցանկանում եք ալկոհոլ օգտագործել, արեք դա փոքր քանակներով և միայն ճաշի կամ նախաուտեստի հետ. դատարկ ստամոքսին ալկոհոլի օգտագործումը կարող է դառնալ հիպոգլիկեմիայի պատճառ: Ալկոհոլը նաև կարող է հիպոգլիկեմիա առաջացնել ավելի ուշ՝ ժամեր անց, որը շաքարի վերահսկումը դարձնում է ավելի կարևոր:
- Գրանցեք ձեր ցածր գլյուկոզի ռեակցիաները. սա կօգնի ձեզ և ձեր բժշկին հասկանալու հիպոգլիկեմիայի զարգացմանը նպաստող իրավիճակներն ու գործոնները, որն իր հերթին կօգնի դրանցից խուսափելու համարժեք քայլեր նախատեսելուն:
- Կրեք դիաբետի մասին տեղեկացնող բժշկական իդենտիֆիկատոր. օրինակ, օգտագործեք ձեր դիաբետի մասին նախազգուշացնող թևնոց, վզնոց կամ դրամապանակ: Սա բուժանձնակազմին կօգնի, որ շուտ հասկանա ձեր իրավիճակը, եթե ձեր գիտակցությունը բացակայում է կամ դուք ի վիճակի չեք տեղեկացնել դիաբետի կամ հնարավոր հիպոգլիկեմիայի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-04-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024