Եթե կարծում եք, որ ձեր արյան շաքարը կարող է շատ ցածր լինել, ստուգեք ձեր շաքարի մակարդակը արյան գլյուկոմետրի միջոցով:
Եթե ունեք ցածր արյան շաքարի ախտանիշներ, բայց չեք կարող անմիջապես ստուգել ձեր արյան շաքարի մակարդակը, ենթադրեք, որ ձեր արյան շաքարը ցածր է և բուժեք հիպոգլիկեմիան:
Հիպոգլիկեմիայի բուժումը
Կերեք կամ խմեք ածխաջրատներ
Եթե ի վիճակի եք, կերեք կամ խմեք մի բան, որը մեծամասամբ շաքար կամ ածխաջրատ է, որ ձեր արյան շաքարի մակարդակը արագ բարձրացվի: Մաքուր գլյուկոզը, որը հասանելի է հաբերով, գելերով և այլ ձևերով, նախընտրելի բուժում է:
Ավելի շատ ճարպ պարունակող մթերքները, օրինակ՝ շոկոլադը, այնքան արագ չեն բարձրացնում արյան շաքարը: Իսկ դիետիկ զովացուցիչ ըմպելիքները չեն կարող օգտագործվել հիպոգլիկեմիայի դրվագը բուժելու համար, քանի որ դրանք շաքար չունեն:
Արյան շաքարի մակարդակն արագ բարձրացնող մթերքների օրինակներից են՝
- Գլյուկոզի չորս հաբ (առանց դեղատոմսի հասանելի է շատ դեղատներում)
- Գլյուկոզի գելի մի չափաբաժին (կարդացեք պիտակի վրա՝ քանակի համար)
- հինգից վեց կտոր պինդ կոնֆետ կամ մարմելադ (ստուգեք սննդի պիտակը ճշգրիտ քանակի համար)
- 120 միլիլիտր (չորս ունցիա) մրգահյութ կամ սովորական, ոչ դիետիկ լիմոնադ
- մեկ ճաշի գդալ (15 միլիլիտր) շաքարավազ, եգիպտացորենի օշարակ կամ մեղր։
Ընդհանուր առմամբ, 15-ից 20 գրամ ածխաջրեր պարունակող սնունդը կամ խմիչքը հաճախ բավական է ձեր արյան շաքարի մակարդակը անվտանգ միջակայքում բարձրացնելու համար:
Կրկին ստուգեք ձեր արյան շաքարի մակարդակը
Ստուգեք ձեր արյան շաքարի մակարդակը հիպոգլիկեմիան վերացնող ինչ-որ բան ուտելուց կամ խմելուց 15 րոպե հետո: Եթե ձեր արյան շաքարը դեռ ցածր է, կերեք կամ խմեք ևս 15-20 գրամ ածխաջրեր: Կրկնեք սա այնքան, մինչև ձեր արյան շաքարը գերազանցի 3,9 մմոլ/լ-ը (70 մգ/դլ):
Կերեք խորտիկ կամ ճաշ
Խորտիկ կամ ճաշ կերեք, որ ձեր արյան շաքարը նորից չնվազի: Եթե դուք սովորաբար Ինսուլին եք ընդունում սննդի հետ, ձեզ ընդհանուր առմամբ լրացուցիչ Ինսուլին պետք չէ, եթե արյան մեջ շաքարի ցածր մակարդակ ունենալուց հետո նախուտեստ եք ուտում: Այնուամենայնիվ, եթե դուք պատրաստվում եք կերակուր ուտել, ձեզ կարող է անհրաժեշտ լինել Ինսուլինի նվազեցված դեղաչափ, որ ձեր արյան շաքարը շատ արագ չբարձրանա:
Անհետաձգելի բուժում
Գլյուկագոնը հորմոն է, որն արագորեն բարձրացնում է արյան շաքարը։ Դա կարող է փրկել, եթե ինչ-որ մեկը չի կարող ուտել կամ խմել ինչ-որ բան, որ բարձրացնի իր արյան շաքարը, օրինակ՝ անգիտակից վիճակում:
Այս դեղամիջոցը մատչելի է անհետաձգելի ներարկման հավաքածուի կամ քթային սփրեյի ձևով: Ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ ձեր բժշկից:
Դժվար կառավարվող հիպոգլիկեմիա
Որոշ մարդիկ ունենում են հաճախակի և ծանր հիպոգլիկեմիա՝ չնայած դեղորայքի հարմարեցմանը: Այս հանգամանքներում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ ձեր արյան շաքարը սովորականից բարձր միջակայքում պահեք:
Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել օգտագործել մշտական գլյուկոզի մոնիտոր (անգլերեն՝ continuous glucose monitor, CGM)՝ սարք, որը չափում է ձեր արյան շաքարը մի քանի րոպեն մեկ՝ մաշկի տակ տեղադրված սենսորի միջոցով: Ձեր բժիշկը հավանաբար նաև խորհուրդ կտա, որ դուք միշտ ձեզ հետ ունենաք Գլյուկագոն: Սովորեցրեք մարդկանց, ում վստահում եք, օրինակ՝ ընտանիքին, ընկերներին և մտերիմ գործընկերներին, թե ինչպես օգտագործել այն:
Հիպոգլիկեմիայի անտեղյակություն2>
Որոշ մարդիկ չունեն կամ չեն տարբերակում հիպոգլիկեմիայի վաղ ախտանիշները (հիպոգլիկեմիայի անտեղյակություն): Եթե դուք ունեք հիպոգլիկեմիայի անտեղյակություն, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ավելի բարձր գլյուկոզի թիրախային միջակայք:
Շատ կարևոր է, որ քնելուց առաջ հետևողականորեն ստուգեք ձեր արյան շաքարը և քնելուց առաջ ածխաջրեր պարունակող խորտիկ ուտեք, եթե ձեր արյան շաքարը ցածր է: Ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ CGM-ի օգտագործում, որը կարող է ահազանգ հնչեցնել, երբ ձեր արյան շաքարն իջնում է:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-04-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024