Դիաբետիկ հիպոգլիկեմիան սկսվում է մի շարք վաղ ախտանիշներով, որոնք ծանր հիպոգլիկեմիայի ժամանակ դառնում են ավելի սուր և կյանքին սպառնացող:
Վաղ նախազգուշացնող գանգատներ ու ախտանիշներ
Դիաբետիկ հիպոգլիկեմիայի սկզբնական գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- գունատ տեսք (գունատություն)
- դող (տրեմոր)
- գլխապտույտ կամ ուշագնացության զգացում
- քրտնարտադրություն
- քաղցի զգացում կամ սրտխառնոց
- անկանոն կամ արագացած սրտազարկ
- կենտրոնանալու դժվարություն
- թուլության և էներգիայի բացակայություն (հոգնածություն)
- դյուրագրգռություն կամ անհանգստություն
- գլխացավ
- շրթունքների, լեզվի կամ այտերի քորի առաջացում կամ թմրածություն:
Գիշերային գանգատներ և նշաններ
Եթե դիաբետիկ հիպոգլիկեմիան առաջանում է, երբ դուք քնած եք, գանգատներն ու ախտանիշները, որոնք կարող են խանգարել ձեր քունը, ներառում են՝
- քրտինքի պատճառով խոնավ սավաններ կամ գիշերանոցներ
- մղձավանջներ
- արթնանալուց հետո հոգնածություն, դյուրագրգռություն կամ շփոթվածություն:
Ծանր հիպոգլիկեմիայի գանգատներ և նշաններ
Եթե դիաբետիկ հիպոգլիկեմիան չի բուժվում, հիպոգլիկեմիայի գանգատներն ու ախտանիշները վատանում են և կարող են ներառել՝
- շփոթվածություն, անսովոր վարք կամ երկուսն էլ, օրինակ՝ սովորական առաջադրանքները կատարելու անկարողությունը
- կորդինացիայի կորուստ
- խոսելու դժվարություն կամ աղավաղված խոսք
- մշուշոտ կամ թունելային տեսողություն
- ուտելու կամ խմելու անկարողություն
- մկանային թուլություն
- քնկոտություն:
- ջղաձգումներ կամ ցնցումներ
- գիտակցության կորուստ
- հազվադեպ՝ մահ:
Ախտանիշները կարող են տարբեր լինել անձից անձ կամ դրվագից դրվագ: Որոշ մարդիկ չունեն նկատելի ախտանիշներ: Հնարավոր է նաև, որ դուք հիպոգլիկեմիայի որևէ ախտանիշ չնշեք: Ուստի, կարևոր է, որ կանոնավոր կերպով վերահսկեք ձեր արյան շաքարի մակարդակը և հետևեք, թե ինչպես եք զգում, երբ ձեր արյան շաքարը ցածր է:
Ե՞րբ դիմել բժշկին
Լուրջ հիպոգլիկեմիան կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, ներառյալ ցնցումները կամ ուշագնացությունը, որոնք պահանջում են շտապ օգնություն: Համոզվեք, որ ձեր ընտանիքը, ընկերները և գործընկերները գիտեն, թե ինչ անել արտակարգ իրավիճակներում:
Տեղեկացրեք ձեր վստահելի մարդկանց հիպոգլիկեմիայի մասին: Եթե նրանք գիտեն, թե ինչ ախտանիշների վրա է պետք ուշադրություն դարձնել, նրանք կարող են զգուշացնել ձեզ վաղ ախտանիշների մասին: Կարևոր է, որ ընտանիքի անդամները և մտերիմ ընկերները իմանան, թե որտեղ եք պահում ձեր Գլյուկագոն դեղամիջոցը և ինչպես տալ այն, որ հնարավոր լինի ծանր իրավիճակն ավելի հեշտ ու անվտանգ կառավարել: Գլյուկագոնը հորմոն է, որը խթանում է արյան մեջ շաքարի արտազատումը:
Ահա որոշ արտակարգ իրավիճակների համար նախատեսված խորհուրդներ, որոնք կարող եք տրամադրել այլ մարդկանց: Եթե դուք ինչ-որ մեկի հետ եք, ով չի արձագանքում (կորցնում է գիտակցությունը) կամ չի կարողանում կուլ տալ ցածր արյան շաքարի պատճառով՝
- մի՛ ներարկեք ինսուլն, քանի որ դա կհանգեցնի արյան շաքարի մակարդակի էլ ավելի նվազմանը
- մի՛ տվեք հեղուկներ կամ սնունդ, քանի որ դրանք կարող են խեղդամահ անել
- տվեք Գլյուկագոն ներարկման կամ քթային սփրեյի միջոցով (եթե գիտեք օգտագործման ձևը)
- զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Եթե դուք ունեք հիպոգլիկեմիայի ախտանիշներ շաբաթական մի քանի անգամ կամ ավելի հաճախ, դիմեք ձեր բժշկին: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել փոխել դեղորայքի դեղաչափը կամ ընդունման ժամը կամ այլ կերպ կարգավորել ձեր դիաբետի բուժման ռեժիմը:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-04-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024