Շաքարը ձեր մկանները և այլ հյուսվածքները կազմող բջիջների համար էներգիայի հիմնական աղբյուրն է:
Ինսուլինն օգնում է, որ շաքարը մտնի բջիջներ: Առանց բավարար ինսուլինի, օրգանիզմը չի կարող օգտագործել շաքարը՝ իրեն անհրաժեշտ էներգիա ստանալու համար: Սա հանգեցնում է հորմոնների արտազատմանը, որոնք քայքայում են ճարպը, որ մարմինը օգտագործի որպես «վառելիք»: Սա նաև առաջացնում է թթուներ, որոնք հայտնի են որպես կետոններ: Կետոնները կուտակվում են արյան մեջ և ի վերջո հայտնվում են մեզում:
Դիաբետիկ կետոացիդոզը սովորաբար զարգանում է հետևյալ վիճակներից հետո:
- Հիվանդություն. վարակը կամ այլ հիվանդությունը կարող է հանգեցնել մարմնի որոշ հորմոնների բարձր մակարդակի, ինչպիսիք են ադրենալինը կամ կորտիզոլը: Այս հորմոնները գործում են ինսուլինի ազդեցության դեմ և երբեմն առաջացնում են դիաբետիկ կետոացիդոզ: Թոքաբորբը և միզուղիների վարակները տարածված հիվանդություններ են, որոնք կարող են հանգեցնել դիաբետիկ կետոացիդոզի:
- Ինսուլինային թերապիայի հետ կապված խնդիր. ինսուլինային բուժման ընդհատումները կամ ինսուլինի անբավարար դեղաչափերը կարող են շատ քիչ ինսուլին թողնել օրգանիզմում: Այս խնդիրներից որևէ մեկը կարող է հանգեցնել դիաբետիկ կետոացիդոզի:
Այլ հնարավոր պատճառները, որոնք կարող են հանգեցնել դիաբետիկ կետոացիդոզի, ներառում են՝
- ֆիզիկական կամ հուզական տրավմա
- սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ
- ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ)
- հղիություն
- ալկոհոլի կամ ապօրինի թմրամիջոցների, մասնավորապես՝ կոկաինի չարաշահում
- որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են կորտիկոստերոիդները և որոշ միզամուղներ (դիուրետիկներ):
Ռիսկի գործոններ
Դիաբետիկ կետոացիդոզի ռիսկն ամենաբարձրն, եթե դուք՝
- ունեք 1-ին տիպի դիաբետ
- հաճախ բաց եք թողնում ինսուլինի դեղաչափերը:
Երբեմն դիաբետիկ կետոացիդոզ կարող է առաջանալ 2-րդ տիպի դիաբետի դեպքում: Որոշ դեպքերում դիաբետիկ կետոացիդոզը կարող է լինել շաքարային դիաբետի առաջին նշանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024