Ժամանակի ընթացքում ձեր արյան մեջ շաքարի ավելցուկը կարող է հանգեցնել այն փոքրիկ արյունատար անոթների խցանմանը, որոնք սնուցում են ցանցաթաղանթը` ընդհատելով վերջինիս արյան մատակարարումը:
Արդյունքում, ձեր աչքը փորձում է նոր արյունատար անոթներ աճեցնել։ Սակայն, այս նոր արյունատար անոթները ճիշտ չեն զարգանում և կարող են հեշտությամբ արյունահոսել:
Բժիշկները տարբերում են դիաբետիկ ռետինոպաթիայի երկու տեսակ կամ փուլ:
- Վաղ դիաբետիկ ռետինոպաթիա. այս ավելի տարածված ձևի դեպքում, որը կոչվում է ոչ պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիա (ՈՊԴՌ), նոր արյունատար անոթները չեն աճում (պրոլիֆերացվում): Երբ ունեք ՈՊԴՌ, ձեր ցանցաթաղանթի արյունատար անոթների պատերը թուլանում են: Փոքրիկ փքվածքները դուրս են ցցվում փոքր անոթների պատերից (միկրոանևրիզմաներ)՝ երբեմն հեղուկ և արյուն արտահոսելով ցանցաթաղանթի մեջ։ Ցանցաթաղանթի ավելի մեծ անոթները կարող են սկսել լայնանալ և նաև դառնալ անկանոն տրամագծով: ՈՊԴՌ-ը կարող է լինել թեթևից մինչև ծանր, երբ ավելի շատ արյունատար անոթներ են արգելափակվում: Երբեմն ցանցաթաղանթի արյունատար անոթների վնասումը հանգեցնում է ցանցաթաղանթի կենտրոնական հատվածում (մակուլա) հեղուկի կուտակման (այտուց): Եթե մակուլար այտուցը թուլացնում է տեսողությունը, պահանջվում է բուժում՝ կանխելու տեսողության մշտական կորուստը:
- Զարգացած դիաբետիկ ռետինոպաթիա. դիաբետիկ ռետինոպաթիան կարող է անցնել այս ավելի ծանր տեսակին, որը հայտնի է որպես պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիա: Այս տեսակի դեպքում վնասված արյունատար անոթները փակվում են՝ առաջացնելով ցանցաթաղանթի նոր, ոչ նորմալ արյունատար անոթների աճ (նեովասկուլարիզացիա): Այս նոր արյունատար անոթները փխրուն են և կարող են պատռվել՝ արյունահոսելով թափանցիկ, դոնդողանման նյութի մեջ, որը լցնում է ձեր աչքի կենտրոնը (ապակենման մարմին): Ի վերջո, նոր արյունատար անոթների աճից առաջացած սպիական հյուսվածքը կարող է առաջացնել ցանցաթաղանթի անջատում ձեր աչքի ետևին պատից (շերտազատում): Եթե նոր արյունատար անոթները խանգարում են աչքերից հեղուկի նորմալ արտահոսքին, ներակնային ճնշումը կարող է աճել: Այս կուտակումը կարող է վնասել այն նյարդը, որը տեսողական ազդանիշներ է տեղափոխում ձեր աչքից դեպի գլխուղեղ (տեսողական նյարդ), ինչի հետևանքով զարգանում է գլաուկոմա:
Ռիսկի գործոններ
Դիաբետիկ ռետինոպաթիա կարող է զարգանալ ցանկացած մեկի մոտ, ով ունի շաքարային դիաբետ: Աչքի խնդրի զարգացման ռիսկը կարող է մեծանալ այս պատճառներով՝
- երկար ժամանակ շաքարային դիաբետ ունենալը
- արյան շաքարի մակարդակի վատ վերահսկում
- բարձր արյան ճնշում
- բարձր խոլեստերին
- հղիություն
- ծխախոտի օգտագործում
- սևամորթ, իսպանախոս կամ բնիկ ամերիկացի լինելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024