Միշտ չէ, որ դուք կարող եք կանխել դիաբետիկ ռետինոպաթիայի զարգացումը:
Այնուամենայնիվ, կանոնավոր աչքի հետազոտությունները, արյան շաքարի և արյան ճնշման լավ վերահսկումը և տեսողության խնդիրների վաղ բուժումը կարող են օգնել տեսողության կտրուկ կորստի կանխարգելմանը:
Եթե դուք ունեք շաքարային դիաբետ, նվազեցրեք դիաբետիկ ռետինոպաթիայի ձեր ռիսկը՝ հետևելով այս խորհուրդներին:
- Կառավարեք ձեր դիաբետը. առողջ սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը դարձրեք ձեր առօրյայի մաս: Փորձեք ամեն շաբաթ առնվազն 150 րոպե չափավոր աերոբիկ ակտիվություն ունենալ, օրինակ՝ քայլել: Ընդունեք բերանային (օրալ) շաքարային դիաբետի դեղամիջոցները կամ Ինսուլինն այնպես, ինչպես նշանակված է:
- Հսկեք ձեր արյան շաքարի մակարդակը. հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի օրական մի քանի անգամ ստուգել և գրանցել ձեր արյան շաքարի մակարդակը կամ ավելի հաճախ, եթե հիվանդ եք կամ սթրեսի մեջ եք: Հարցրեք ձեր բժշկին, թե որքան հաճախ է անհրաժեշտ ստուգել ձեր արյան շաքարը:
- Հարցրեք ձեր բժշկին գլիկոզիլացված հեմոգլոբինի թեստի մասին. գլիկոզիլացված հեմոգլոբինի թեստը կամ հեմոգլոբինի A1C թեստը արտացոլում է ձեր արյան շաքարի միջին մակարդակը թեստից առաջ երկու-երեք ամսվա ընթացքում: Դիաբետով հիվանդ մարդկանց մեծամասնության համար A1C-ի թիրախը՝ ցանկալի մակարդակը 7%-ից ցածր լինելն է:
- Պահեք ձեր արյան ճնշումը և խոլեստերինը մշտական վերահսկման տակ. օգտակար մթերքներ ուտելը, կանոնավոր մարզվելը և ավելորդ քաշից ազատվելը կարող են օգնել: Երբեմն նաև դեղորայք է անհրաժեշտ:
- Եթե ծխում եք կամ օգտագործում եք այլ տեսակի ծխախոտ, խնդրեք ձեր բժշկին օգնել, որ թողնեք ծխելը. ծխելը մեծացնում է շաքարային դիաբետի տարբեր բարդությունների, այդ թվում՝ դիաբետիկ ռետինոպաթիայի ռիսկը:
- Ուշադրություն դարձրեք տեսողության փոփոխություններին. անմիջապես դիմեք ձեր ակնաբույժին, եթե ձեր տեսողությունը հանկարծ փոխվի կամ դառնա աղավաղված, բծավոր կամ մշուշոտ:
Հիշեք, որ դիաբետն անպայմանորեն չի հանգեցնում տեսողության կորստի: Դիաբետի կառավարման գործում ակտիվ դերակատարումը կարող է մեծապես նպաստել բարդությունների կանխարգելմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024