Բուժումը, որը մեծապես կախված է ձեր ունեցած դիաբետիկ ռետինոպաթիայի տեսակից և դրա ծանրությունից, ուղղված է հիվանդության առաջընթացի դանդաղեցմանը կամ դադարեցմանը:
Վաղ դիաբետիկ ռետինոպաթիա
Եթե ունեք թեթև կամ չափավոր ոչ պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիա, կարող եք անհապաղ բուժման կարիք չունենալ: Այնուամենայնիվ, ձեր ակնաբույժը ուշադիր կհետևի ձեր աչքերի վիճակին՝ որոշելու, թե երբ կարող եք բուժման կարիք ունենալ:
Աշխատեք ձեր դիաբետի բժշկի (էնդոկրինոլոգի) հետ՝ որոշելու, թե արդյոք կան ուղիներ՝ բարելավելու ձեր դիաբետի կառավարումը: Երբ դիաբետիկ ռետինոպաթիան թեթև կամ չափավոր է, արյան շաքարի լավ վերահսկումը սովորաբար կարող է դանդաղեցնել հիվանդության հետագա զարգացումը:
Զարգացած դիաբետիկ ռետինոպաթիա
Եթե ունեք պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիա կամ մակուլար այտուց, ձեզ անհրաժեշտ կլինի արագ բուժում: Կախված ձեր ցանցաթաղանթի հետ կապված կոնկրետ խնդիրներից, տարբերակները կարող են ներառել հետևյալը:
- Աչքի մեջ դեղորայքի ներարկում. այս դեղամիջոցները, որոնք կոչվում են անոթային էնդոթելիլ աճի գործոնի արգելակիչներ (ինհիբիտորներ), ներարկվում են աչքի ապակենման մարմնի մեջ: Դրանք օգնում են դադարեցնելու նոր արյունատար անոթների աճը (նեովասկուլարիզացիա) և նվազեցնել հեղուկի կուտակումը: Երեք դեղամիջոցներ հաստատված են ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության (FDA) կողմից որպես դիաբետիկ մակուլյար այտուցի բուժման միջոցներ՝ Ֆարիցիմաբ-սվոա (Վաբիսմո), Ռանիբիզումաբ (Լուցենտիս) և Աֆլիբերցեպտ (Այլեա): FDA-ի կողմից չհաստատված չորրորդ դեղամիջոցը՝ Բեվասիզումաբը (Ավաստին), ևս կարող է օգտագործվել դիաբետիկ մակուլյար այտուցի բուժման համար: Այս դեղերը ներարկվում են՝ օգտագործելով տեղային անզգայացնող միջոցներ: Ներարկումները կարող են առաջացնել թեթև անհարմարավետություն, ինչպիսիք են ներարկումից հետո 24 ժամվա ընթացքում այրոցի զգացումը, արցունքահոսությունը կամ ցավը: Հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են աչքի ճնշման բարձրացումը և վարակը: Այս ներարկումները պետք է կրկնվեն: Որոշ դեպքերում դեղորայքն օգտագործվում է ֆոտոկոագուլյացիայի հետ միասին:
- Ֆոտոկագուլյացիա. այս լազերային բուժումը, որը նաև հայտնի է որպես ֆոկալ լազերային բուժում, կարող է դադարեցնել կամ դանդաղեցնել արյան և հեղուկի արտահոսքը աչքի մեջ: Միջամտության ընթացքում ոչ նորմալ արյունատար անոթներից արտահոսքերը բուժվում են լազերային այրվածքներով: Ֆոկալ լազերային բուժումը սովորաբար կատարվում է ձեր բժշկի գրասենյակում կամ ակնաբուժական կլինիկայում՝ մեկ սեանսով: Եթե մինչև վիրահատությունը մակուլար այտուցի պատճառով տեսողությունը մշուշոտ է եղել, բուժումը կարող է չվերադարձնել ձեր տեսողությունը նորմալ վիճակի, սակայն, ամենայն հավանականությամբ, կնվազեցնի մակուլար այտուցի վատթարացման հավանականությունը:
- Պանռետինալ ֆոտոկոագուլյացիա. այս լազերային բուժումը, որը նաև հայտնի է որպես ցրված լազերային բուժում, կարող է փոքրացնել ոչ նորմալ արյունատար անոթները: Միջամտության ընթացքում ցանցաթաղանթի այն հատվածները, որոնք հեռու են մակուլայից, բուժվում են ցրված լազերային այրվածքներով: Այրվածքները հանգեցնում են ոչ նորմալ նոր արյունատար անոթների նեղացման և սպիների: Այն սովորաբար արվում է ձեր բժշկի գրասենյակում կամ ակնաբուժական կլինիկայում երկու կամ ավելի սեանսներով: Միջամտությունից հետո ձեր տեսողությունը մոտ մեկ օր կլինի մշուշոտ: Հնարավոր է նաև ծայրամասային կամ գիշերային տեսողության որոշակի կորուստ:
- Վիտրէկտոմիա. այս միջամտությունն օգտագործում է փոքրիկ կտրվածք ձեր աչքի մեջ՝ հեռացնելու արյունը աչքի միջնամասից (ապակենման մարմնից), ինչպես նաև սպիական հյուսվածքը, որը ձգում է ցանցաթաղանթը: Այն կատարվում է ակնաբուժական կենտրոնում կամ հիվանդանոցում՝ տեղային կամ ընդհանուր անզգայացման ներքո:
Թեև բուժումը կարող է դանդաղեցնել կամ դադարեցնել դիաբետիկ ռետինոպաթիայի առաջընթացը, դա վերջնական բուժում չէ: Շաքարային դիաբետը ցմահ հիվանդություն է, ուստի ապագայում ցանցաթաղանթի վնասումը և տեսողության կորուստը դեռևս հնարավոր են:
Նույնիսկ դիաբետիկ ռետինոպաթիայի բուժումից հետո ձեզ հարկավոր է կանոնավոր աչքի հետազոտություն: Ինչ-որ պահի ձեզ կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ բուժում:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024