Դիսեմինացված ներանոթային մակարդում. ախտանիշներ
17-04-2020
2 րոպե

Դիսեմինացված (տարածուն) ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշը կարող է սկսվել դանդաղորեն կամ սուր և ընթանալ տարբեր կլինիկական նշաններով:
Օրինակ, ԴՆՄ-ի հանկարծակի և սուր սկիզբ կարող է լինել էնդոտոքսիկ շոկի, ամնիոտիկ հեղուկով էմբոլիայի դեպքում, իսկ դանդաղ, քրոնիկ և քողարկված՝ քաղցկեղների դեպքում:
Երկար ժամանակի ընթացքում զարգացող ԴՆՄ համախտանիշը կարող է ընթանալ առանց որևէ գանգատի կամ նշանի: Նման դեպքում ԴՆՄ հայտնաբերելը դժվարանում է:
Հանկարծահաս (սուր) ԴՆՄ համախատանիշի առաջին նշանը կարող է դառնալ առատ արյունահոսությունը:
ԴՆՄ-ի մյուս գանգատներն ու նշանները կախված են այս վիճակն առաջացնող պատճառից: Ձեզ մոտ կարող են զարգանալ արյունահոսության հետևյալ տեսակները՝
- չդադարող արյունահոսություն ձեր կտրած կամ այլ տեսակի վերքերից
- չդադարող արյունահոսություն ձեր վիրահատական վերքից կամ տեղադրված ներերակային կամ միզային կաթետերներից
- մաշկի վրա տարածուն կամ փոքր կարմիր կետային (պետեխիաներ) կամ ավելի մեծ (պուրպուրաներ) արյունազեղումների առաջացում
- քթային, լնդային, բերանի խոռոչի լորձաթաղանթից կամ ձեր ատամները խոզանակով մաքրելիս առաջացող արյունահոսություն
- արյուն ձեր կղանքում, որը ստանում է մուգ կարմիր կամ սև ձթանման տեսք (արյունային կղանք)
- արյուն ձեր մեզում (արյունամիզություն)
- դաշտանի առատացում:
Առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին, եթե ձեզ կամ ձեր ծանոթներից մեկնումեկի մոտ առկա են վերևում թվարկված նշաններից մեկնումեկը: ԴՆՄ ախտորոշումը պահանջում է որոշ լաբորատոր հետազոտությունների անցկացում, ուստի բժշկին վաղ այցելելը կարող է նպաստել բարդությունների զարգացման կանխարգելմանը և հաջող բուժմանը:
Ծանր դեպքերում կարող են զարգանալ լրջագույն, այդ թվում՝ կյանքին սպառնացող նշաններ, օրինակ՝
- դժվարաշնչություն, հևոց և օդի պակասի զգացում
- ցավ կրծքավանդակում
- գլխացավեր
- ցածր արյան ճնշում (հիպոտոնիա) կամ կոլապս (զարկերակային ճնշման կտրուկ անկում)
- գիտակցության խանգարումներ՝ շշմածություն, խոսքի խանգարում, գլխապտույտ կամ ցնցումներ (երբ թրոմբներն առաջանում են գլխուղեղը սնուցող անոթներում)
- ստորին վերջույթներում ցավ, կարմրություն, այտուցներ և տեղային տաքություն (երբ թրոմբներն առաջանում են ոտքի խորանիստ երակներում):
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022