Դիսեմինացված ներանոթային մակարդում. ախտորոշում
18-04-2020
2 րոպե

Դիսեմինացված (տարածուն) ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշի վաղ ախտորոշումը կարող է մարդկային կյանք փրկել:
ԴՆՄ համախտանիշի առկայության վերաբերյալ բժիշկը կարող է կասկածել՝ ելնելով ձեր գանգատներից, առողջական վիճակից և անամնեզից, ինչպես նաև զննման և հետազոտության արդյունքներից:
Բժիշկը կարող է ձեզ հարցեր տալ ոչ վաղ անցյալում տարած հիվանդությունների, վնասվածքների կամ առողջական այլ խնդիրների վերաբերյալ, որոնք կարող են ԴՆՄ զարգացման պատճառ հանդիսանալ:
Բժշկական զննումը կարող է օգտակար տեղեկատվություն տրամադրել նույն այդ հիվանդությունների կամ սկսվող ԴՆՄ-ի մասին, օրինակ՝ արյունազեղումների կամ արյունահոսությունների հայտնաբերում:
ԴՆՄ-ի ախտորոշումը հաստատելու համար բժիշկը ձեզ կարող է նշանակել տարբեր, հատկապես՝ մակարդելիության գործոնների վերաբերյալ արյան հետազոտություններ: Օրինակ, բժշկին կարող են հետաքրքրել հետևյալ հարցերը՝
- ինչքա՞ն լավ է ձեր արյունը մակարդվում և ինչքա՞ն է տևում այս գործընթացը
- ձեր արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ), թիթեղիկների (թրոմբոցիտներ) և սպիտակ բջիջների (լեյկոցիտներ) քանակները
- ինքա՞ն լավ են ձեր երիկամները և լյարդը գործում
- ձեր արյան մեջ շաքարի (գլյուկոզ) և էլեկտրոլիտների մակարդակները
- ձեր արյան մեջ ֆիբրինոգենի մակարդակը՝ սպիտակուց, որն օգտագործվում է արյան մակարդուկի ձևավորման մեջ:
ԴՆՄ համախտանիշի ախտորոշումը դրվում է արյան հետազոտությունների հիման վրա, որոնցում կարող են հայտնաբերվել՝
- թրոմբոցիտների քանակի կրճատում (թրոմբոցիտոպենիա` < 100.000, առավել ևս՝ < 50.000)
- պրոթրոմբինային (PT) ժամանակի երկարացում (եթե նորմայից շեղումը առնվազն 3 վրկ. է, առավել ևս՝ 6 3 վրկ. է)
- ցածր ֆիբրինոգեն (< 1,0 գ/լ)
- բարձր D-դիմեր (ֆիբրինի քայքայման վերջնանյութերից է)
Հիմնվելով լաբորատոր ցուցանիշների վրա, բժիշկները հաճախ որոշում են ԴՆՄ-ի զարգացման փուլը և ծանրության աստիճանը:
Հոդվածը վերանայվել է՝ 09-09-2021