Դիսեմինացված (տարածուն) ներանոթային մակարդման համախտանիշ
Դիսեմինացված ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշը ծանր հիվանդագին վիճակ է, որի ժամանակ ամբողջ օրգանիզմում առաջացանում են տարածուն արյան մակարդուկներ (թրոմբներ), որոնք խցանում են փոքր անոթների լուսանցքը և առաջացնում կենսականորեն կարևոր օրգանների արյունամատակարարման և գործունեության խորը խանգարում:
Սուր ԴՆՄ համախտանիշի զարգացումը զգալիորեն բարձրացնում է այն առաջացնող հիվանդությունից կամ վիճակից մահացությունը:
«Դիսեմինացված»-ը թարգմանաբար նշանակում է տարածուն, ուստի հայալեզու գրականության մեջ դուք կարող եք հանդիպել նաև «տարածուն ներանոթային մակարդում (ՏՆՄ)» արտահայտությունը (ռուսերեն՝ ДВС синдром):
Ի՞նչ է ԴՆՄ համախտանիշը
Երբ դուք պատահաբար կտրում եք ձեր մատը կամ քերծում ոտքը, ձեր օրգանիզմում ավտոմատ կերպով` ձեր կամքից անկախ թողարկվում են արյունահոսության դադարեցմանն ուղղված բազմաքայլ և բարդ մեխանիզմներ: Իսկ ի՞նչ կպատահի, եթե արյան մակարդման նորմալ գործընթացը գերակտիվանա և գործի «ծանրաբեռնված». կզարգանա այն, ինչ կոչվում է դիսեմինացված ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշ:
ԴՆՄ համախտանիշի դեպքում ձեր արյան հունի ողջ երկայնքով առաջանում են արյան փոքր մակարդուկներ, որոն խցանում են մանր արյունատար անոթները և դանդաղեցնում օրգանների արյունամատակարարումը:
Երբ ձեր արյունը մակարդվում է խիստ արագացած կամ շատ հաճախակի, մակարդելիությանը մասնակցող նյութերը՝ մակարդելիության գործոնները և թրոմբոցիտները սկսում են սպառվել: Երբ դա տեղի է ունենում, ապա նույնիսկ անհրաժեշտության դեպքում արյան մակարդման գործընթացն այլևս չի մեկնարկում, զարգանում է արյունահոսությունների հանդեպ հակումը: ԴՆՄ համախտանիշը ի վերջո կարող է հանգեցնել բազմաօրգանային անբավարարության, իսկ մակարդման գործոնների սպառման հետևանքով՝ տարածուն արյունահոսություների
Թրոմբոզի և հեմոսթազի միջազգային միությունը ԴՆՄ-ն սահմանում է որպես արյան մակարդման համակարգային ակտիվացմամբ բնութագրվող համախտանիշ, որն առաջացնում է ներանոթային ֆիբրին, բերում փոքր և միջին չափի անոթների թրոմբոզի և, ի վերջո, օրգանի դիսֆունկցիայի:
Սովորաբար ԴՆՄ համախտանիշը ոչ թե առաջանում է ինքնուրույն, այլ հանդիսանում է մեկ այլ հիվանդության, վարակի կամ վնասվածքի հետևանք:
ԴՆՄ համախտանիշը կարող է զարգանալ ժամերի կամ օրերի ընթացքում: Սա ԴՆՄ-ի դանդաղ ընթացքով քրոնիկ ձևն է: Հակառակ սրան, սուր ԴՆՄ-ի դեպքում ախտանիշները դրսևորվում են սրընթաց և պահանջվում է մարդու կյանքը փրկելուն ուղղված անհետաձգելի բժշկական օգնություն:
Տարբերում ենք համախտանիշի 2 ձև, կախված ախտանիշների դրսևորման արագությունից` սուր (սկիզբը սուր) և քրոնիկ (դանդաղ սկիզբ).
Անկախ պատճառից, ԴՆՄ համախտանիշով հիվանդների 20-50%-ը մահանում է, ահա թե ինչու այս վիճակի վաղ ախտորոշումը և բուժումը ունեն մեծ կարևորություն:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021