Ուսահոդը մարմնի ամենահաճախ հոդախախտվող հոդն է:
Այս հոդը շարժվում է մի քանի ուղղություններով, ուստի ուսահոդը կարող է հոդախախտվել դեպի առաջ, ետ կամ ներքև: Այն կարող է հոդախախտվել ամբողջությամբ կամ մասնակի:
Հոդախախտերի մեծ մասը առաջային է, երբ բազկոսկրը տեղաշարժվում է դեպի առաջ: Ուսահոդի կապանները՝ հյուսվածքները, որոնք միանում են ոսկորներին, կարող են ձգվել կամ պատռվել՝ հաճախ վատթարացնելով հոդախախտը:
Ոսկորներն իրենց տեղից հանելու համար անհրաժեշտ է ուժեղ ուժ, ինչպիսին է ուսին հանկարծակի հարվածը: Ուսահոդի խիստ ոլորումը կարող է բազկոսկրի գլխիկը դուրս հանել հոդափոսից: Մասնակի հոդախախտի ժամանակ բազկոսկրի գլխիկը մասամբ գտնվում է հոդափոսի մեջ և մասամբ՝ դրանից դուրս:
Ուսահոդի հոդախախտի պատճառները ներառում են հետևյալը:
- Մարզական վնասվածքներ. ուսահոդի հոդախախտը տարածված վնասվածք է կոնտակտային մարզաձևերում, ինչպիսիք են ֆուտբոլը և հոկեյը: Այն նաև տարածված է այն մարզաձևերում, որոնք կարող են ներառել կտրուկ վայրանկումներ, ինչպիսիք են լեռնադահուկային սպորտը, մարմնամարզությունը և վոլեյբոլը:
- Սպորտի հետ կապ չունեցող վնասվածք. ավտովթարի ժամանակ ուսին ուժեղ հարվածը կարող է առաջացնել հոդախախտ:
- Ընկնելը. անհարմար, պարզած ձեռքի վրա ընկնելը, օրինակ՝ սանդուղքից կամ չամրացված գորգի վրա սայթաքելուց, կարող է հոդախախտել ուսը: Նման դեպքերում մարդիկ սովորաբար իրենց ձեռքը պահում են դեպի դուրս պտտած կամ փոքր-ինչ զատած։
Ռիսկի գործոններ
Ցանկացած մարդու մոտ կարող է առաջանալ ուսահոդի հոդախախտ: Այնուամենայնիվ, ուսահոդի հոդախախտն առավել հաճախ հանդիպում է դեռահասների և երիտասարդ չափահասների շրջանում, հատկապես՝ կոնտակտային մարզաձևով զբաղվող մարզիկների մոտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024