Չոր աչքերը զարգանում են տարբեր պատճառներից, որոնք վնասում են առողջ արցունքային թաղանթը:
Աչքերի մակերևույթը ծածկող արցունքային թաղանթն ունի երեք շերտ՝ ճարպայուղեր, ջրային հեղուկ և լորձ: Այսպիսի համակցումը նորմայում աչքերի մակերևույթը պահում է խոնավ, ողորկ և թափանցիկ: Նշված շերտերից յուրաքանչյուրի խնդիրը կարող է առաջացնել չոր աչքեր:
Արցունքաթաղանթի գործունեության խանգարումների պատճառները տարբեր են, ներառյալ՝ հորմոնային փոփոխություններ, աուտոիմուն հիվանդություններ, բորբոքված կոպագեղձեր կամ աչքի ալերգիկ հիվանդություն: Որոշ մարդկանց մոտ չոր աչքերի պատճառը արցունքի արտադրության նվազումն է կամ արցունքի գոլորշացման բարձրացումը:
Արցունքի արտադրության կրճատում
Չոր աչքերը կարող են զարգանալ, երբ բավարար քանակով կամ որակի արցունք (ջրային հեղուկ) չի արտադրվում: Այս վիճակը բժիշկներն անվանում են չոր կերատոկոնյուկտիվիտ (keratoconjunctivitis sicca): Արցունքի արտադրության նվազեցման տարածված պատճառներից են՝
- մեծ տարիք
- որոշ հիվանդություններ, այդ թվում՝ Շյոգրենի համախտանիշ, աչքի ալերգիկ հիվանդություն, ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ (լուպուս), սկլերոդերմիա, հետպատվաստումային վիճակ, սարկոիդոզ, վահանաձև գեղձի խանգարումներ կամ վիտամին A-ի դեֆիցիտ
- որոշ դեղամիջոցներ, այդ թվում՝ հակահիստամինայիններ, դեկնգեստանտներ, հորմոնային փոխարինող բուժում, հակադեպրեսանտներ, բարձր արյան ճնշման (հիպերտենզիա), ակնեի, բեղմնականխման և Պարկինսոնի հիվանդության բուժման դեղեր
- եղերեջաթաղանթային (կորնեալ) նյարդի զգայունության կորուստ, որը կարող է պատճառվել կոնտակտային լինզաների կրումից, նյարդի վնասումից կամ ժամանակավորապես՝ աչքի լազերային վիրահատությունից:
Արցունքների գոլորշիացման ուժգնացում
Յուղային թաղանթ արտադրող կոպեզրի փոքր (մեյբոմյան) գեղձերը կարող են խցանվել: Նման իրավիճակն ավելի հաճախ հանդիպում է ռոզացեայով և մաշկի այլ հիվանդություններով մարդկանց մոտ:
Արցունքի չափից դուրս շատ գոլորշիացման տարածված պատճառներից են՝
- հետին բլեֆարիտ (մեյբոմյան գեղձի դիսֆունկցիա)
- աչքերի ավելի հազվադեպ թարթում, որը սովորաբար հատուկ է որոշ հիվանդություններին, օրինակ՝ Պարկինսոնի հիվանդություն կամ կենտրոնացում պահանջող որոշ գործերին, օրինակ՝ ընթերցանություն, ավտոմեքենայի վարում, համակարգչային աշխատանքներ և այլն
- կոպի խնդիրներ (էկտրոպիոն կամ էնտրոպիոն)
- աչքի ալերգիաներ
- տեղային օգտագործման աչքի կաթիլներում առկա կոնսերվանտներ
- քամի, ծուխ կամ չոր օդ
- վիտամին A-ի դեֆիցիտ:
Ռիսկի գործոններ
Չոր աչքերի հավանականությունը բարձրացնող գործոնները թվարկված են ստորև:
- 50-ից բարձր տարիք. սովորաբար մեծ տարիքում արցունքի արտադրությունը նվազելում է: Չոր աչքերն առավել տարածված են 50-ն անց մարդկանց շրջանում:
- Իգական սեռ. արցունքի պակասն ավելի տարածված է կանանց շրջանում, հատկապես հորմոնային տեղաշարժերով բնորոշվող հղիության ընթացքում, բեղմնականխման հաբեր օգտագործելիս կամ դաշտանադադարից հետո:
- Վիտամին A-ից կամ օմեգա-3 ճարպաթթուներից աղքատ սննդակարգ․ վիտամին A հայտնաբերվում է լյարդում, գազարում և բորկոլիում, իսկ օմեգա-3 ճարպաթթուները՝ ձկնեղենում, հունական ընկույզում և բանջարեղենային ձեթերում:
- Կոնտակտային լինզաների օգտագործում կամ ռեֆրակտիվ վիրահատության պատմություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024