Չոր աչքերի ախտանիշները կարելի է մեղմացնել կոպերը հաճախակի լվացմամբ և դեղատոմս չպահանջող աչքի կաթիլների և այլ միջոցների օգտագործմամբ, որոնք օգնում են աչքերի օծմանը:
Եթե չոր աչքերի հետ կախված խնդիրը երկարաժամկետ է (քրոնիկ), օգտագործեք աչքի կաթիլները նույնիսկ եթե գանգատ չունեք, որ պահեք աչքերի մակերևույթը լավ օծված վիճակում։
Չոր աչքերի համար դեղատոմս չպահանջող միջոցների ընտրությունը և օգտագործումը
Կան չոր աչքերի դեպքում օգտգործվող դեղատոմս չպահանջող բազմաթիվ միջոցներ՝ աչքի կաթիլներ (արհեստական արցունք, գել և քսայուղեր): Հարցրեք ակնաբույժին, թե դրանցից որոնք կարող են լավագույնս համապատասխանել ձեր վիճակին:
Արհեստական արցունքները կարող են առանձին վերցրած արդյունավետ մեղմացնել թեթև ընթացքով չոր աչքերի ախտանիշները: Որոշ մարդիկ կարիք ունեն օգտագործել այս կաթիլներն օրական մի քանի անգամ, մյուսները՝ ընդամենը օրական մեկ անգամ:
Առանց դեղատոմսի վաճառող միջոցներ ընտրելիս խորհուրդ է տրվում հաշվի առնել հետևյալ գործոնները:
- Կոնսերվանտներով՝ ի հակադրություն կոնսերվանտներ չպարունակող կաթիլներ. որոշ տեսակի աչքի կաթիլներ պարունակում են կոնսերվանտներ, որոնք երկարացնում են ակտիվ դեղանյութի պահպանման ժամեկտը: Կոնսերվանտով կաթիլները կարող են օգտագործվել օրական 4 անգամ: Սակայն կոնսերվանտներով կաթչլները ավելի հաճախ են առաջացնում աչքի գրգռում: Կոնսերվանտ չպարունակող աչքի կաթիլներն արտադրվում են միանվագ օգտագործվող բազմաթիվ սրվակներ ունեցող տուփերով: Օգտագործելուց հետո սրվակը դառնում է ոչ պիտանի: Եթե կարիք ունեք օրական ավելի քան 4 անգամ օգտագործել աչքի կաթիլներ, կոնսերվանտ չպարունակող դեղաձևերն ավելի անվտանգ են:
- Կաթիլներ՝ ի հակադրություն քսայուղերի. աչքերն օծող քսայուղերը պատում են աչքերի մակերևույթը և ապահովում չոր աչքերի ախտանիշների ավելի երկար մեղմացում: Սակայն այս դեղաձևերն ավելի խիտ են, քան աչքի կաթիլները և կարող են մշուշոտել տեսողությունը, ուստի խորհուրդ է տրվում դրանք օգտագործել անկողին մտնելուց առաջ: Աչքի կաթիլները կարող են օգտագործվել օրվա ցանկացած ժամին և չեն ազդում տեսողության վրա։
- Կարմրությունը մեղմացնող աչքի կաթիլներ. չոր աչքերի դեպքում խորհուրդ չի տրվում ընտրել այս լուծույթները, քանի որ դրանց երկարատև օգտագործումը կարող է առաջացնել աչքերի գրգռում։
Բորբոքումը մեղմացնող աչքերի լվացում
Կոպերի բորբոքումը (բլեֆարիտ) կամ կոպերի բորբոքմամբ ընթացող հիվանդությունները կարող են արգելափակել ճարպերի հոսքը դեպի աչքեր: Նման դեպքերում կոպերի հաճախակի և նուրբ լվացումները կարող են օգնել աչքերի օծմանը և մեղմացնել չոր աչքերի ախտանիշները:
- Աչքերի տաք թրջոցներ. տաք ջրով թրջած մաքուր մառլյան դրեք փակ աչքերին և պահեք 5 րոպե: Մառլյան սառչելիս կրկին թրջեք տաք ջրով և կրկին դրեք փակ աչքերին: Նույն մառլյայով նրբորեն մաքրեք կոպերը, այդ թվում՝ կոպեզրերը, որ հեռացնեք չորացած արտադրուկները (ճիպռ):
- Կոպերը լվացեք թույլ օճառով. օգտագործեք մանկական շամպուն կամ մեկ այլ թույլ օճառ: Նախապես լավ լվացեք ձեռքերը և աչքերի փակ վիճակում մաքրեք կոպերը, այդ թվում՝ կոպեզրերը: Վերջում ջրով լավ ողողեք և ամբողջովին մաքրեք օճառի մնացուկները:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024