Եթե ունեք չոր աչքեր, ուշադրություն դարձրեք այն իրավիճակներին, որոնք հավանական է, որ կառաջացնեն կամ կսրեն ձեր գանգատները:
Այնուհետև գտեք ուղիներ, որ խուսափեք նմանատիպ իրավիճակներից և կանխարգելեք չոր աչքերի ախտանիշները: Ձեզ ենք ներկայացնում որոշ օրինակներ:
- Խուսափեք աչքերի վրա օդի փչումից. մի՛ ուղղեք մազահարդարիչը (ֆեն), ավտոմեքենայի ջեռուցիչը, օդորակիչները կամ օդամղիչներն ուղղակիորեն դեմքի և աչքերի վրա:
- Խոնավացրեք օդը. ձմռան ամիսներին խոնավացուցիչների օգտագործումը կարող է խոնավացնել տան չոր օդը:
- Կրեք ամբողջ աչքը ծածկող կամ այլ պաշտպանիչ ակնոց․ աչքերն ամբողջովին շրջակա օդից առանձնացնող նման միջոցները կարող են պաշտպանել քամուց և չոր օդից:
- Հաճախակի ընդմիջեք աչքերը լարող երկարատև գործերը. եթե զբաղված եք ընթերցանությամբ կամ մեկ այլ գործով, որը պահանջում է տեսողական լարվածություն, պարբերաբար հանգիստ տվեք աչքերին։ Փակեք աչքերը մի քանի րոպե կամ մի քանի վայրկյան արագ թարթեք, որ օգնեք արցունքի համաչափ տարածմանը:
- Ուշադրություն դարձրեք միջավայրին․ բարձրադիր վայրերում, անապատային տարածքներում և օդանավերում օդը կարող է լինել խիստ չոր: Եթե նման միջավայրերում եք, օգտակար կարող է լինել հաճախակի աչքերը մի քանի րոպեով փակելը, որը նվազեցնում է արցունքի գոլորշիացումը:
- Համակարգչի էկրանը հարմարեցրեք այնպես, որ լինի աչքերի մակարդակից ավելի ցածր դիրքում․ եթե էկրանն աչքերի մակարդակից վերև է, ստիպված եք աչքերն ավելի լայն բացել, որ դիտեք էկրանը: Հակառակ իրավիճակում աչքերն ավելի քիչ են բացվում, և արցունքն ավելի քիչ է գոլորշիանում:
- Դադարեցրեք ծխելը և խուսափեք ծխից․ ծուխը, այդ թվում՝ ծխախոտի ծուխը նպաստում են արցունքի գոլորշիացմանը և աչքերի գրգռմանը: Ծխախոտի ծուխը նաև կարող է վատթարացնել չոր աչքի ախտանիշները:
- Կանոնավոր օգտագործեք արհեստական արցունք․ եթե ունեք քրոնիկ չոր աչքեր, օգտագործեք աչքի կաթիլներ նույնիսկ եթե չունեք գանգատներ: Սա թույլ է տալիս ապահովել աչքերի մշտական խոնավ վիճակը:
- Վերանայեք սննդակարգը. Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող յուղոտ ձկները, օրինակ՝ թարմ սաղմոսը (лосось) կամ թունան (тунец) կարող են նպաստել արցունքի արտադրության խթանմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024