Չոր աչքերի ախտանիշների հազվադեպ կամ թեթև ախտանիշների դեպքում սովորաբար աչքն օծող կաթիլների (արհեստական արցունք) կանոնավոր օգտագործումը բավարար է:
Եթե ախտանիշերը կայուն կամ ավելի ծանր են, ակնաբույժը կարող է առաջարկել այլ բուժումներ, որոնք կախված են չոր աչքերի պատճառից:
Չոր աչքերի բուժման որոշ տարբերակներ կենտրոնանում են այն հիվանդության, վիճակի կամ գործոնի հետզարգացման կամ կառավարման վրա, որոնք պատճառում են աչքերի չորություն: Բուժման այլ մեթոդները կարող են բարելավել արցունքի որակը կամ դադարեցնել աչքերից արցունքի արագ հեռացումը:
Չոր աչքերի պատճառային հիվանդության բուժում
Որոշ իրավիճակներում առկա առողջական խնդրի բուժումը կարող է օգնել չոր աչքերի ախտանիշների մեղմացմանը կամ անհետացմանը։ Օրինակ, եթե չոր աչքերի պատճառը որևէ դեղամիջոցի օգտագործումն է, ապա վերջինիս փոխարինումը մեկ այլ դեղամիջոցով կարող է մեղմացնել որպես կողմնակի ազդեցություն դրսևորվող չոր աչքերի գանգատները:
Այլ իրավիճակում, եթե ունեք կոպերի հետ կապված խնդիրներ (էկտրոպիոն կամ էնտրոպիոն), բժիշկը կարող է խորհուրդ տալ օկուլոպլաստիկ վիրահատություն:
Դեղամիջոցներ
Չոր աչքերը բուժելիս ակնաբույժը կարող է խորհուրդ տալ որոշ դեղամիջոցներ:
- Կոպի բորբոքումը նվազեցնող դեղամիջոցներ. կոպեզրի բորբոքումը կարող է խաթարել փոքր ճարպագեղձերի կողմից արցունքի կազմության մեջ մտնող ճարպանյութերի արտադրությունը: Եթե կա վարակի կասկած, ակնաբույժը կնշանակի հակաբիոտիկներ, որ մեղմացնի բորբոքումը: Չոր աչքերի դեպքում սովորաբար նշանակվում են ներքին ընդունման (օրալ) հակաբիոտիկներ, թեև որոշ իրավիճակներում բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ տեղային հակաբիոտիկներ (որպես աչքի կաթիլ կամ քսուք):
- Եղջերաթաղանթի բորբոքումը մեղմացնող աչքի կաթիլներ. եղջերաթաղանթի (կորնեա) մակերևույթի բորբոքումը կարող է մեղմացվել իմունաճնշիչ ազդեցությամբ Ցիկլոսպորին (Ռեստազիս) կամ կորտիկոստերոիդներ պարունակող աչքի կաթիլներով: Կորտիկոստերոիդները խորհուրդ չի տրվում օգտագործել երկար ժամանակի ընթացքում, քանի որ կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ:
- Աչքի ներդիրներ, որոնք փոխարինում են արհեստական արցունքին. եթե ունեք չափավորից մինչև ծանր չոր աչքերի ախտանիշներ և արհեստական արցունքը չի օգնում, մեկ այլ տարբերակ է աչքի բարակ ներդիրների օգտագործումը, որոնք արտաքինից հիշեցնում են թափանցիկ ցորենահատիկ կամ բրիձ: Հիդրօքսիպրոպիլ ցելյուլոզը (Լակրիսերտ) օրական մեկ անգամ ներդրվում է ստորին կոպի և ակնագնդի միջև: Այս նյութը դանդաղորեն տարալուծվում է՝ ազատելով աչքն օծող կաթիլներում պարունակվող նյութ:
- Արցունք-խթանող դեղամիջոցներ. խոլինէրգիկ դեղամիջոցները (Պիլոկարպին, Ցեվիմելին) օգնում են արցունքի արտադրությանը: Այս դեղամիջոցները մատչելի են որպես հաբեր, գել կամ աչքի կաթիլներ: Հնարավոր կողմնակի ազդեցություններից է առատ քրտնարտադրությունը:
- Սեփական արյունից ստացված աչքի կաթիլներ. այսպես կոչված աուտոլոգիական արյան շիճուկի կաթիլները կարող են օգտագործվել, եթե ունեք չոր աչքերի ծանր ախտանիշներ, որոնք բուժման այլ տեսակներով չեն մեղմանում: Նման դեպքերում նախապես վերցվում է ձեր արյան նմուշը, որը ցենտրիֆուգվում է, առանձնացվում է արյան շիճուկը, որին ավելացվում է աղային լուծույթ և ստացվում է աչքի կաթիլներ:
Այլ միջոցառումներ
Չոր աչքերը բուժելիս բժիշկը նաև կարող է առաջարկել այլ միջոցներ, օրինակ՝
- արցունքածորանների փակում, որ կրճատվի արցունքի կորուստը
- հատուկ կոնտակտային լինզաների օգտագործում
- ճարպագեղձերի ապաշրջափակում
- լուսաբուժում և կոպերի մերսում:
Այս մեթոդների մասին ավելի մանրակրկիտ տեղեկություն կարող է տրամադրել ակնաբույժը:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024