Նույնիսկ չոր կամ ատրոֆիկ (ոչ էքսուդատիվ) մակուլյար դեգեներացիայի ախտորոշումից հետո դուք կարող եք քայլեր ձեռնարկել, որոնք կարող են օգնել տեսողության կորստի դանդաղեցմանը:
- Մի՛ ծխեք․ եթե ծխում եք, դիմեք ձեր բժշկին, որ օգնի ծխախոտից ձերբազատվելուն:
- Ընտրեք առողջ սննդակարգ․ մրգերի և բանջարեղենի հակաօքսիդանտային վիտամինները նպաստում են աչքերի առողջությանը: Կաղամբը, սպանախը, բրոկկոլին, դդմիկը և այլ բանջարեղեններն ունեն հակաօքսիդանտների բարձր մակարդակ, այդ թվում՝ լյուտեին և զեաքսանթին: Այս սննդանյութերը կարող են օգտակար լինել մակուլյար դեգեներացիա ունեցող մարդկանց: Ցինկի բարձր մակարդակ պարունակող մթերքների օգտագործումը նույնպես կարող է օգտակար լինել մակուլյար դեգեներացիա ունեցող մարդկանց համար: Դրանցից են սպիտակուցներով հարուստ մթերքները, ինչպիսիք են տավարի, խոզի և գառան միսը: Ոչ մսային աղբյուրներից են կաթը, պանիրը, մածունը, ամբողջահատիկ ձավարեղենը և ցորենի հացը: Մեկ այլ լավ ընտրություն չհագեցած ճարպաթթուներն են, օրինակ՝ ձիթապտղի ձեթը: Հետազոտությունները ցույց են տվել, որ օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սննդամթերքները, ինչպիսիք են սաղմոնը, թունան ու ընկույզը, կարող են նվազեցնել մակուլյար դեգեներացիայի հարաճուն զարգացման ռիսկը: Բայց նույն օգուտը չի գրանցվում օմեգա-3 հավելումներ ընդունելուց, ինչպիսիք են ձկան յուղի հաբերը:
- Կառավարեք ձեր մյուս առողջական խնդիրները․ եթե, օրինակ, ունեք սրտանոթային հիվանդություն կամ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), ընդունեք ձեր դեղը և հետևեք ձեր բժշկի ցուցումներին՝ ձեր վիճակը վերահսկելու համար:
- Պահպանեք առողջ քաշը և պարբերաբար զբաղվեք ֆիզիկական վարժանքներով․ եթե պետք է նիհարել, կրճատեք ձեր կերած կալորիաների քանակը և ավելացրեք ֆիզիկական վարժանքների քանակը:
- Անցեք սովորական աչքի հետազոտություններ․ հարցրեք ձեր ակնաբույժին հետագա քննությունների առաջարկվող ժամանակացույցի մասին: Ստուգումների միջև ընկած ժամանակահատվածում կարող եք կատարել ձեր տեսողության ինքնագնահատում Ամսլերի աղյուսակի միջոցով:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024