Չոր կամ ատրոֆիկ մակուլյար դեգեներացիայի ախտանիշները սովորաբար զարգանում են աստիճանաբար և առանց ցավի:
Դրանցից են՝
- տեսողական աղավաղումներ, ինչպիսիք են ուղիղ գծերի ալիքավոր թվալը (մետամորֆոպսիա)
- մեկ կամ երկու աչքերում կենտրոնական տեսողության աստիճանական նվազում
- կարդալիս կամ մոտիկից աշխատանք կատարելիս ավելի պայծառ լույսի անհրաժեշտություն
- լույսի ցածր մակարդակին հարմարվելու դժվարություն, օրինակ՝ թույլ լուսավորված ռեստորան կամ թատրոն մտնելիս
- վառ լույսի ազդեցությանը ենթարկելուց հետո տեսողության դանդաղ վերականգնում (ֆոտոսթրես թեստ)
- գույները միմյանցից տարբերելու դժվարություն, հատկապես մուգ գույները միմյանցից և բաց գույները միմյանցից
- տպագիր բառերի լղոզված կամ աղավաղված թվալը, որը հանգեցնում է կարդալու դժվարության
- դեմքերը ճանաչելու դժվարություն
- տեսադաշտում հստակ նկարագրվող պղտոր դաշտեր կամ կույր կետեր:
Չոր մակուլյար դեգեներացիան կարող է ազդել մեկ կամ երկու աչքերի վրա: Եթե ախտահարված է միայն մեկ աչքը, կարող եք ձեր տեսողության մեջ որևէ փոփոխություն չզգալ: Սա պայմանավորված է նրանով, որ ձեր լավ տեսնող աչքը կարող է իր վրա վերցնել վատ տեսնող աչքի գործառույթը: Եվ այս վիճակը չի ազդում կողմնային (ծայրամասային) տեսողության վրա, ուստի և չի առաջացնում լիարժեք կուրություն:
Չոր մակուլյար դեգեներացիան տարիքային մակուլյար դեգեներացիայի երկու տեսակներից մեկն է: Այն կարող է վերածվել թաց մակուլյար դեգեներացիայի, երբ ցանցաթաղանթի տակ աճում են արյունատար անոթներ, որոնցից հեղուկ կամ արյուն է արտահոսում ցանցաթաղանթի տակ: Չոր տեսակն ավելի տարածված է, բայց սովորաբար զարգանում է դանդաղորեն՝ տարիների ընթացքում: Թաց տեսակն ավելի հավանական է, որ առաջացնի տեսողության համեմատաբար հանկարծակի փոփոխություն՝ հանգեցնելով տեսողության լուրջ կորստի:
Իմացե՛ք ավելին թաց մակուլյար դեգեներացիայի մասին:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր ակնաբույժին, եթե՝
- նկատել եք ձեր կենտրոնական տեսադաշտում որևէ փոփոխություն, ինչպիսիք են աղավաղումները կամ կույր կետերը
- կորցրել եք մանրամասն տեսնելու ունակությունը:
Այս փոփոխությունը կարող են հանդիսանալ մակուլյար դեգեներացիայի առաջին նշանները, հատկապես, երբ դուք 60-ն անց եք:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-03-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024