Մինչ օրս չոր կամ ատրոֆիկ (ոչ էքսուդատիվ) մակուլյար դեգեներացիայի առաջացած ցանցաթաղանթի վնասումը վերականգնելու որևէ միջոց չի հայտնաբերվել:
Այնուամենայնիվ, բազմաթիվ կլինիկական փորձարկումներ ընթացքի մեջ են: Եթե ձեր վիճակը վաղ ախտորոշվի, կարող եք քայլեր ձեռնարկել՝ ուղղված հիվանդության հարաճուն զարգացման դանդաղեցմենը։ Օրինակներից են վիտամինային հավելումներ ընդունելը, առողջ սնվելը և չծխելը:
Վիտամինային հավելումներ
Միջանկյալ կամ ուշացած (զարգացած) հիվանդություն ունեցող մարդկանց համար հակաօքսիդանտային վիտամինների և միներալների բարձր քանակներ պարունակող պատրաստուկների ընդունումը կարող է օգնել տեսողության կորստի ռիսկի կրճատմանը: Տարիքի հետ կապված աչքի հիվանդության հետազոտություն 2-ի (AREDS2) արդյունքները վկայում են, որ օգուտ է տալիս այն ձևակերպումը, որը ներառում է՝
- 500 միլիգրամ (մգ) վիտամին C
- 400 միջազգային միավոր (ՄՄ) վիտամին E
- 10 մգ լյուտեին
- 2 մգ զեաքանթին
- 80 մգ ցինկ (որպես ցինկի օքսիդ)
- 2 մգ պղինձ (որպես պղնձի օքսիդ):
Այնուամենայնիվ, չոր մակուլյար դեգեներացիայի վաղ փուլերում այս հավելումներն ընդունելու օգտակարության վերաբերյալ ապացույցները բացակայում են: Հարցրեք ձեր բժշկին, արդյոք հավելումներ ընդունելը ճիշտ է ձեզ համար:
Ցածր տեսողության վերականգնում (ռեաբիլիտացիա)
Տարիքային մակուլյար դեգեներացիան չի ազդում ձեր կողմնային տեսողության վրա և չի առաջացնում լրիվ կուրություն: Բայց դա կարող է նվազեցնել կամ վերացնել ձեր կենտրոնական տեսողությունը, որն անհրաժեշտ է կարդալու, ավտոմեքենա վարելու և մարդկանց դեմքերը ճանաչելու համար: Նման դեպքերում կարող է օգտակար լինել ցածր տեսողության վերականգնող մասնագետի, զբաղվածության թերապևտի, ձեր ակնաբույժի և ցածր տեսողության վերականգնման ոլորտի այլ մասնագետների կողմից առաջարկվող խորհուրդներին և միջոցներին հետևելը: Նրանք կարող են օգնել ձեզ գտնելու ուղիներ, որ ավելի հեշտությամբ հարմարվեք ձեր փոփոխվող տեսողությանը:
Հեռադիտակային (տելեսկոպիկ) ոսպնյակի իմպլանտացիայի վիրահատություն
Երկու աչքերի ուշացած (զարգացած) չոր մակուլյար դեգեներացիա ունեցող որոշակի մարդկանց համար տեսողությունը բարելավելու տարբերակ կարող է լինել մեկ աչքին հեռադիտակային ոսպնյակի տեղադրման վիրահատությունը: Հեռադիտակային ոսպնյակը, որը նման է փոքրիկ պլաստիկ խողովակի, հագեցած է ոսպնյակներով, որոնք մեծացնում են ձեր տեսադաշտը: Հեռադիտակային ոսպնյակային իմպլանտը կարող է բարելավել ինչպես հեռվավոր, այնպես էլ մոտիկ տեսողությունը, սակայն ունի շատ նեղ տեսադաշտ: Այն կարող է հատկապես օգտակար լինել քաղաքային միջավայրում՝ օգնելով փողոցային նշանները տեսնելուն և տարբերակելուն:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024