Դիստոնիայի կառավարման համար ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղամիջոցների, թերապիայի կամ վիրահատության համակցություն:
Դեղորայքային բուժում
Որոշակի մկանների մեջ Բոտուլոտոքսինի (Բոտոքս, Դիսպորտ և այլն) ներարկումները կարող են նվազեցնել կամ դադարեցնել ձեր մկանային կծկանքը (սպազմը): Սովորաբար ներարկումները կրկնվում են 3-4 ամիսը մեկ:
Կողմնակի ազդեցությունները հիմնականում թեթև են և ժամանակավոր: Դրանք կարող են ներառել թուլություն, բերանի չորություն կամ ձայնի փոփոխություններ:
Այլ դեղամիջոցները թիրախավորում են ձեր գլխուղեղի քիմիական նյութերը (նեյրոհաղորդիչներ), որոնք ազդում են մկանների շարժման վրա: Ընտրանքները ներառում են հետևյալը:
- Կարբիդոպա-լևոդոպա (Դուոպա, Ռիտարի և այլն). այս դեղամիջոցը կարող է բարձրացնել նյարդային հաղորդիչ դոֆամինի մակարդակը: Այս դեղամիջոցը կարող է օգտագործվել նաև որպես փորձարկում՝ օգնելու ախտորոշել դիստոնիայի որոշակի տեսակները:
- Տրիհեքսիֆենիդիլ և բենզտրոպին. այս երկու դեղամիջոցներն ազդում են նեյրոհաղորդիչների վրա, բացի դոֆամից: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել հիշողության կորուստ, մշուշոտ տեսողություն, քնկոտություն, բերանի չորություն և փորկապություն:
- Տետրաբենազին (Քսենազին) և Դեուտետրաբենազին (Աուստեդո). այս երկու դեղամիջոցները արգելափակում են դոֆամինը: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել քնկոտություն, նյարդայնություն, դեպրեսիա կամ անքնություն:
- Դիազեպամ (Վալիում, Դիաստատ և այլն), Կլոնազեպամ (Կլոնոպին) և Բակլոֆեն (Լիորեսալ, Գաբլոֆեն և այլն). այս դեղամիջոցները նվազեցնում են նյարդային փոխանցումը և կարող են օգնել դիստոնիայի որոշ ձևերին: Դրանք կարող են առաջացնել կողմնակի բարդություններ, օրինակ՝ քնկոտություն։
Թերապիա
Ձեր բժիշկը կարող է առաջարկել՝
- ֆիզիկական թերապիա (ֆիզիոթերապիա) կամ աշխատանքային թերապիա կամ երկուսն էլ՝ ախտանշանները թեթևացնելու և ձեր գործունեությունը բարելավելու համար
- խոսքի թերապիա, եթե դիստոնիան ազդում է ձեր ձայնի վրա
- ձգում կամ մերսում՝ մկանային ցավը թեթևացնելու համար:
Վիրահատություն
Եթե ձեր ախտանիշները ծանր են, վիրահատությունը կարող է օգնել: Դիստոնիայի բուժման համար կան վիրահատությունների մի քանի տեսակներ:
- Գլխուղեղի խորը խթանում. վիրահատական ճանապարհով էլեկտրոդները տեղադրվում են ձեր գլխուղեղի որոշակի հատվածում և միացվում են ձեր կրծքավանդակում տեղադրված գեներատորին: Գեներատորը ձեր գլխուղեղին էլեկտրական ազդանիշներ է ուղարկում, որոնք կարող են օգնել վերահսկելու ձեր մկանների կծկումները: Գեներատորի կարգավորումները կարող են հարմարեցվել՝ ձեր կոնկրետ վիճակը բուժելու համար:
- Ընտրողական դենևրացիայի վիրահատություն. այս միջամտությունը ներառում է մկանների կծկանքը վերահսկող նյարդերի հատումը: Դա կարող է տարբերակ լինել, երբ պարանոցի դիստոնիայի բուժման այլ միջոցները չեն օգնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024