Աղիքային ցուպիկի (E. coli) միայն մի քանի շտամներ են առաջացնում փորլուծություն:
E. coli O157:H7 շտամը պատկանում է E. coli-ի խմբին և արտադրում է հզոր թույն (տոքսին), որը վնասում է բարակ աղիքի լորձաթաղանթը: Սա կարող է առաջացնել արյունոտ լուծ: Ձեզ մոտ զարգանում է աղիքային ցուպիկի վարակ (էշերիխիոզ կամ էշերիխիա), երբ կուլ եք տալիս բակտերիաների այս շտամը:
Ի տարբերություն հիվանդություն առաջացնող բազմաթիվ այլ բակտերիաների, E. coli-ն կարող է վարակ առաջացնել, նույնիսկ եթե դուք կուլ եք տալիս բակտերիաների փոքր քանակություն: Այս պատճառով դուք կարող եք հիվանդանալ E. coli-ով մի փոքր թերեփված համբուրգեր ուտելուց կամ լողավազանի աղտոտված ջուրը կուլ տալուց:
Վարակի հնարավոր աղբյուրներից են աղիքային ցուպիկի ախտածին շտամով աղտոտված սնունդը կամ ջուրը և մարդ-մարդ շփումը:
Վարակված սնունդ
E. coli-ի վարակման ամենատարածված ուղին վարակված սնունդ ուտելն է:
- Տավարի աղացած միս (ֆարշ). երբ խոշոր եղջերավոր անասունները մորթվում և մշակվում են, նրանց աղիքներում առկա E. coli բակտերիաները կարող են հայտնվել մսի վրա: Տավարի աղացած միսը համակցում է տարբեր կենդանիների միսը, ինչը մեծացնում է վարակման ռիսկը:
- Չպաստերիզացված կամ հում կաթ. E. coli բակտերիաները կովի կրծքերից կամ կթող սարքավորումներից կարող են թափանցել հում կաթի մեջ:
- Թարմ մթերքներ. անասնաբուծական ֆերմաների կոյուղու արտահոսքը կարող է աղտոտել դաշտերը, որտեղ աճեցվում են թարմ մթերքներ: Որոշ բանջարեղեններ, ինչպիսիք են սպանախը և հազարը (հազալ, դառնիճ), հատկապես խոցելի են այս տեսակի վարակման նկատմամբ:
Վարակված ջուր
Մարդու և կենդանիների կղանքը կարող է աղտոտել ստորերկրյա և մակերևութային ջրերը, ներառյալ առուները, գետերը, լճերը և բերքը ոռոգելու համար օգտագործվող ջուրը: Թեև հանրային ջրային համակարգերը E. coli-ին ոչնչացնելու համար օգտագործում են քլոր, ուլտրամանուշակագույն լույս կամ օզոն, աղիքային ցուպիկի վարակի որոշ բռնկումներ կապված են աղտոտված քաղաքային ջրի պաշարների հետ:
Մասնավոր ջրհորները անհանգստության ավելի մեծ պատճառ են հանդիսանում, քանի որ շատերը ջուրը ախտահանելու միջոց չունեն: Ամենաշատն աղտոտված են գյուղական ջրամատակարարումները: Որոշ մարդիկ նաև վարակվել են E. coli-ով լողավազաններում կամ կղանքով աղտոտված լճերում լողալուց հետո:
Անձնական շփում
E. coli բակտերիաները հեշտությամբ կարող են անցնել մարդուց մարդ, հատկապես, երբ վարակված մեծահասակները և երեխաները ճիշտ չեն լվանում ձեռքերը: E. coli-ով վարակված փոքր երեխաների ընտանիքի անդամները հատկապես հավանական է, որ իրենք էլ վարակվեն: Բռնկումներ են գրանցվել նաև երեխաների շրջանում, ովքեր էքսկուրսիայի շրջանակներում խմբով այցելել են կենդանաբանական այգիներ և անասնագոմեր:
Ռիսկի գործոններ
E. coli-ի ախտածին շտամները կարող է հիվանդություն առաջացնել յուրաքանչյուրի մոտ, ով վարակվել է բակտերիաներով: Սակայն, որոշ մարդիկ ավելի հավանական է, որ խնդիրներ կունենան, քան մյուսները: Ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
- Տարիք. մանկահասակ երեխաները և մեծ տարիքի չափահասները E. coli-ի հետևանքով առաջացած հիվանդության և վարակի հետ կապված ավելի ծանր բարդությունների ավելի բարձր ռիսկի են ենթարկվում:
- Թուլացած իմունային համակարգ. մարդիկ, ովքեր ունեն թուլացած իմունային համակարգ՝ ՁԻԱՀ-ից կամ քաղցկեղի բուժման կամ փոխպատվաստված օրգանների պոկումը կանխող դեղամիջոցներից, ավելի հավանական է, որ հիվանդանան E. coli-ով վարակվելուց:
- Որոշակի տեսակի սնունդ ուտելը. ավելի վտանգավոր մթերքները ներառում են թերեփված համբուրգերը, չպաստերիզացված կաթը, խնձորի հյութը կամ խնձորի օղին և հում կաթից պատրաստված փափուկ պանիրները:
- Տարվա ժամանակը. թեև պարզ չէ, թե ինչու, ԱՄՆ-ում E. coli վարակների մեծ մասը տեղի է ունենում հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:
- Ստամոքսի թթվի մակարդակի նվազում. ստամոքսի թթուն ապահովում է E. coli-ից որոշակի պաշտպանություն: Եթե դուք ստամոքսի թթվայնությունը նվազեցնելու համար դեղեր եք ընդունում, ինչպիսիք են Էսոմեպրազոլը (Նեքսիում), Պանտոպրազոլը (Պրոտոնիքս), Լանզոպրազոլը (Պրեվացիդ) և Օմեպրազոլը (Պրիլոզեկ), դուք կարող եք մեծացնել E. coli վարակի վտանգը:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-03-2021
Վերջին վերանայում՝ 04-04-2024