Աղիքային ցուպիկով (E. coli) պատճառված հիվանդությունից պաշտպանվելու որևէ պատվաստանյութ կամ դեղամիջոց գոյություն չունի, սակայն հետազոտողները ուսումնասիրում են հնարավոր պատվաստանյութերը:
E. coli-ով վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար խուսափեք լճերում կամ լողավազաններում ջուր կուլ տալուց, հաճախակի լվացեք ձեռքերը, խուսափեք վտանգավոր մթերքներից և զգույշ եղեք խաչաձև վարակումից:
Վտանգավոր մթերքներ
- Պատրաստեք համբուրգերներ՝ եփելով մինչև 71° C (160 F). համբուրգերի մսային բաղադրիչները պետք է լիարժեք ջերմային մշակում անցնեն, այլ ոչ թե մնան վարդագույն: Սակայն գույնը լավ չափանիշ չէ իմանալու համար, թե արդյոք միսը պատրաստ է: Միսը, հատկապես խորովելիս, կարող է շագանակագույն դառնալ մինչև ամբողջովին՝ ողջ խորությամբ եփելը: Օգտագործեք մսի ջերմաչափ՝ համոզվելու, որ միսը տաքացվում է մինչև 71° C (160 F) իր ամենահաստ կետում:
- Խմեք պաստերիզացված կաթ, հյութ կամ սիդր (խնձորօղի). տուփով կամ շշալցված ցանկացած հյութ, որը կարելի է պահպանել սենյակային ջերմաստիճանում, ամենայն հավանականությամբ պաստերիզացված է, նույնիսկ եթե պիտակի վրա նշված չէ: Խուսափեք ոչ պաստերիզացված կաթնամթերքից կամ հյութից:
- Մանրակրկիտ լվացեք հում մթերքը․ լվանալը կարող է լիարժեք չհեռացնել E. coli-ն, հատկապես տերևավոր կանաչեղենից, որը բակտերիաների համար ունի բազմաթիվ ապահով տեղեր: Մանրակրկիտ ողողումը կարող է հեռացնել կեղտը և նվազեցնել բակտերիաների քանակը, որոնք կարող են կպչել մթերքին:
Խուսափեք խաչաձև վարակումից
- Լվացեք սպասքը. լվացեք տաք օճառաջրով դանակները, սալիկները, կտրող տախտակները և խոհանոցային այլ պարագաները թարմ մթերքի կամ հում մսի հետ գործ անելուց առաջ և հետո:
- Առանձին պահեք հում մթերքները. սա ներառում է հում մսի և մթերքների համար, ինչպիսիք են բանջարեղենն ու մրգերը, առանձին կտրող տախտակներ օգտագործելը: Երբեք եփած համբուրգերները մի դրեք նույն ափսեի վրա, որն օգտագործել եք հում կոտլետների համար:
- Լվացեք ձեր ձեռքերը. լվացեք ձեր ձեռքերը սնունդ պատրաստելուց կամ ուտելուց, զուգարանից օգտվելուց կամ տակդիրները փոխելուց հետո: Համոզվեք, որ երեխաները ևս լվանում են իրենց ձեռքերը ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց և կենդանիների հետ շփվելուց հետո:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-03-2021
Վերջին վերանայում՝ 04-04-2024