Գրադարան
Ալերգիա ձվից (հավկիթից)

4 րոպե
Ձվից կամ հավկիթից ալերգիան երեխաների շրջանում գրանցվող ալերգիաների ամենատարածված տեսակն է:
Այն սովորաբար ի հայտ է գալիս երեխայի փոքր տարիքում։ Բարեբախտաբար, երեխաների մեծ մասը հաղթարում է ալերգիայի այս տեսակը մինչև դպրոցական տարիքին հասնելը: Այնուամենայնիվ, քանի դեռ երեխայի մոտ ձվից կամ ձու պարունակող սննդատեսակներից առաջանում են ալերգիայի ախտանիշներ, պետք է նրա սննակարգից բացառել դրանք:
Ձվի ո՞ր բաղադրիչն է առաջացնում ալերգիա
Տիպիկ դեպքերում ալերգիկ ռեակցիաները պատճառվում են ձվի սպիտակուցից, սակայն ձվի դեղնուցը նույնպես կարող է հանդես գալ որպես ալերգեն:
Քիչ թվով երեխաների մոտ ավելի հավանական է, որ հում, քիչ խաշած կամ թվածքներում առկա քիչ քանակությամբ ձուն առաջացնի ալերգիկ ռեակցիա: Սակայն, ձվից ալերգիա ունեցող երեխաների համար սնունդ գնելիս կամ պատրաստելիս ավելի անվտանգ է խուսափել ձու պարունակող բոլոր սննդատեսակներից:
Նորածիններին ձու տալը
Հնուց եկած վարկած կա, որ նորածիններին ձվից և համանման «ալերգիկ» սննդամթերքներից հեռու պահելը կարող է օգնել ալերգիաների կանխարգելմանը, որը, սակայն, հետազոտություններով չի հաստատվում: Նորածնի արդեն 6 ամսական տարիքում, եթե շարունակվում է կրծքի կաթով կերակրումը, պետք է սկսել տարբեր տեսակի մթերքների, այդ թվում՝ եփած ձվի փորձարկումը: Շատ կարևոր է, որ երեխային տաք եփած ձու, քանի որ հում ձուն կարող է պարունակել բակտերիաներ:
Ինչպես բոլոր նոր սննդամթերքների, այնպես էլ ձվի դեպքում ավելի լավ է եփած ձուն փորձել առանց որևէ այլ սննդամթերքի կամ, ծայրահեղ դեպքում, երեխային արդեն հայտնի սննդատեսակների հետ միասին: Նման դեպքում կարող եք հեշտությամբ արձանագրել որևէ կողմնակի ռեակցիան, որը կարող է վկայել ալերգիկ ռեակցիայի մասին։
Ձվից ալերգիայի ախտանիշները
Ձվից ալերգիայի նշանները սովորաբար սկսվում են ձու կամ ձու պարունակող մթերք ընդունելուց րոպեներ հետո: Երբեմն ալերգիայի նշանները կարող են հետաձգվել մինչև մի քանի ժամ:
Թեթև ախտանիշներից են՝
- եղնջացան (ալերգիկ եղնջայտուց)
- դեմքի, շրթունքների կամ կոպերի այտուցվածություն
- քթի փակվածություն, քթահոսություն կամ փռշտոց (ալերգիկ հարբուխ)
- բերանում ծակծկոցներ
- մարսողական խնդիրներ՝ որովայնային կծկանքներ, սրտխառնոց կամ փսխում:
Ավելի ծանր դեպքերում կարող են զարգանալ ասթմայի նոպա հիշեցնող անաֆիլաքսիայի նշաններ, այդ թվում՝
- դժվարացած շնչառություն կամ սուր շնչարգելություն և հևոց
- լեզվի կամ ըմպան-կոկորդի այտուց
- ձայնի խռպոտում կամ խոսքի դժվարացում
- շնչելիս խզզոցներ կամ կայուն հազ
- մաշկային ծածկույթների գունատություն և կպչուն քրտինք
- գլխապտույտ կամ արյան ճնշման կտրուկ անկում (կոլապս):
Եթե ձեր երեխայի կամ որևէ մեկ այլ մարդու մոտ առաջացել են ծանր ալերգիայի նշաններ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Ձվից ալերգիայի ախտորոշումը
Եթե կասկածում եք, որ ձեր երեխայի մոտ զարգացել է ձվից ալերգիա, անմիջապես կապ հաստատեք նրա բժշկի հետ: Որոշ արյան թեստեր կարող են հայտնաբերել ալերգիկ ռեակցիայի պատճառը (կոչվում են ալերգիկ թեստեր): Մի՛ հավատացեք առցանց կամ ոչ պատշաճ բժշկական կրթությամբ մարդկանց կողմից առաջարկվող այլ ախտորոշիչ մեթոդներին:
Բազմաթիվ երեխաներ տարիքի հետ ձերբազատվում են ձվից զարգացող ալերգիայից: Եթե ցանկանում եք ճշտել, թե երեխայի մոտ դեռևս առկա է, թե անհետացել է ձվից ալերգիան, հանդիպեք ձեր բժշկին և քննարկեք ալերգիկ թեստ անցկացնելու նպատակահարմարությունը:
Մթերքներ, որոնք կարող են պարունակել ձու
Փաթեթավորված մթերքների պիտակներում, որպես կանոն, թվարկված են բոլոր սննդային բաղադրիչները, այդ թվում՝ ձվի կամ դրա առանձին մասերի առկայությունը և քանակները: Ուստի, միշտ ստուգեք սննդային արտադրանքի պիտակը, հատկապես, եթե պատրաստվում եք գնել որևէ բան, որը նախկինում ձեր երեխան չի օգտագործել:
Կարևոր է իմանալ, որ սննդամթերքի պիտակում որպես բաղադրիչ կարող է ոչ թե ուղղակիորեն նշված լինել ձու, այլ դրանում պարունակվող սպիտակուցները, օրինակ՝ ալբումին, գլոբուլին, լեյցիտին, լիվետին, լիզոզիմ, վիտելին, «օվա» կամ «օվո» նախածանցներով սկսվող բառեր (օրինակ՝ օվալբումին, օվոգլոբուլին):
Ձու կամ ձվի բաղադրամասեր պարունակող ամենատարածված սննդամթերքներից են՝
- տորթեր, կեքսներ, կրուասաններ և թխվածքաբլիթներ
- խմորեղեն, նրբաբլիթներ, պիկլետներ, բլիթներ, բեզե, բրիոշ, մարցիպան և այլն
- դեսերտներ, օրինակ՝ եփած կրեմ, մուս, պուդինգներ, պավլավա, պաղպաղակ և պաղպաղակային այլ արտադրանքներ
- շոկոլադ, զեֆիր և հրուշակեղենային արտադրանքներ
- ծեծած կամ փխրունացված սննդամթերքներ, օրինակ՝ «ձկան մատիկներ» (рыбные палочки) կամ շնիցել
- փքաբլիթներ (оладья)
- բուրգերների, այդ թվում՝ բուսական բուրգերների տարբեր տեսակներ
- «հալած» ըմպելիքներ (солодовые напитки) և ըմպելիքային փոշիներ, որոնք կարող են ավելացվել կաթին
- ձվային արիշտա կամ մակարոնեղեն
- ֆրանսիական տոստ
- ֆրիտատա և քիշ
- տապակած բրինձ և այլ ասիական ճաշատեսակներ
- մայոնեզներ
- կիտրոնային կարագ
- սոուսներ:
Հացի և բուլկիների որոշ տեսակներ ունեն փայլուն մակերևույթ, քանի որ թխելուց առաջ օծվում են ձվային գլազուրով:
Եթե ցանկանում եք գնել տեղում պատրաստվող և որևէ պիտակ չպարունակող որևէ ըմպելիք, հարցրեք վաճառողից, թե արդյոք այն պարունակում է ձու կամ, ընդհանուր առմամբ, ինչից է պատրաստված:
Առանց ձվի սննդի պատրաստում
Բազմաթիվ կերակուրներ և այլ սնունդ պատրաստելիս ձուն կարող է փոխարինվել մեկ այլ սննդամթերքով: Նման ռեցեպտներ կարող եք գտնել առցանց աղբյուրներից: Օրինակ, մեկ ձուն կարող է փոխարինվել 1 թեյի գդալ կերակրի սոդայի, ջրի և սպիտակ քացախի խառնուրդով:
Նույն կերպ, բուրգեր պատրաստելիս բաղադրամասերը միմյանց «սոսնձելու» համար ձվի փոխարեն կարող եք օգտագործել 1/4 բաժակ կարտոֆիլային կամ դդմի պյուրե:
Ձվից ալերգիան և պատվաստումները
Որոշ պատվաստանյութեր աճեցվում են ձվերում: Սակայն պատվաստանյութ ստանալուց հետո դրանցում պարունակվող ձվի սպիտակուցի քանակը չնչին է (օրինակ՝ գրիպի պատվաստանյութում՝ 1 միկրոգրամից պակաս): Հետևյալ պատվաստանյութերը կարող են պարունակել ձվի սպիտակուցի խիստ փոքր, մնացորդային քանակներ՝
- սեզոնային գրիպի ոչ ակտիվացված պատվաստանյութեր
- դեղին տենդի պատվաստանյութ
- Q տենդի պատվաստանյութ:
Սովորաբար պատվաստվելուց հետո առաջարկվում է 15 րոպե մնալ հսկողության ներքո, որ ստուգվի հնարավոր կողմնակի երևույթների զարգացումը: Եթե անհանգստացած եք ձեր երեխայի մոտ ալերգիկ ռեակցիաների դրսևորումից, հերթական պատվաստումը ստանալուց հետո կարող եք բժշկական հսկողության ներքո մնալ ավելի երկար ժամանակի ընթացքում:
Հոդվածը տեղադրվել է՝ 25-02-2021 վերանայվել է՝ 27-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: