Ձվից կամ հավկիթից ալերգիան ախտորոշելու համար ձեր բժիշկը կկիրառի մի քանի մոտեցումներ, այդ թվում՝ բացառելով այլ առողջական խնդիրները, որոնք կարող են համանման ախտանիշներ առաջացնել:
Շատ դեպքերում, այն, ինչ կարող է մեկնաբանվել որպես ձվից ալերգիա, իրականում պայմանավորված է սննդային անտանելիությամբ (անհանդուրժողականությամբ), որն ընդհանուր առմամբ ավելի թեթև վիճակ է, քան սննդային ալերգիան և չի ներգրավում իմունային համակարգը:
Բժիշկը կուսումնասիրի ձեր հիվանդության պատմությունը (անամնեզ) և կանցկացնի ֆիզիկական քննություն (բուժզննում): Նա նաև կարող է խորհուրդ տալ հետևյալ հետազոտություններից մեկը կամ մի քանիսը:
- Մաշկի պրիկ-թեստ. այս թեստի ժամանակ մաշկը ծակվում է և ենթարկվում ձվի մեջ հայտնաբերված սպիտակուցների փոքր քանակության ազդեցությանը: Եթե դուք կամ ձեր երեխան ունեք ձվից ալերգիա, մաշկի ծակած վայրում կարող է առաջանալ բարձրացած բշտիկ (եղնջացան):
- Արյան թեստ. արյան թեստը կարող է չափել իմունային համակարգի արձագանքը ձվին` ստուգելով արյան մեջ որոշակի հակամարմինների (IgE) քանակը, որոնք կարող են վկայել ալերգիկ ռեակցիայի առկայության մասին:
- Սննդային փորձարկում. այս դեպքում ձեզ կամ ձեր երեխային փոքր քանակությամբ ձու են տալիս՝ պարզելու, թե արդյոք դա ռեակցիա է առաջացնում: Եթե ոչ մի ռեակցիա չի առաջանում, տրվում է ավելի շատ ձու: Այս ողջ ընթացքում բժիշկը հետևում է սննդային ալերգիայի հնարավոր նշաններին: Այս թեստը կարող է լուրջ ռեակցիա առաջացնել, ուստի այն իրականացվում է ալերգոլոգի անմիջական հսկողությամբ:
- Սնման հետևում կամ առանձին մթերքների հեռացման սննդակարգ. ձեր կամ ձեր երեխայի բժիշկը կարող է առաջարկել, որ պահեք մանրակրկիտ օրագիր ձեր կերած մթերքների մասին և կարող է խնդրել մեկ առ մեկ ձեր սննդակարգից հեռացնել ձու պարունակող կամ այլ մթերքները ՝ ստուգելու, թե արդյոք ախտանիշները բարելավվում են:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024