Ահա մի քանի խորհուրդ, որ կարող եք անել ալերգիկ ռեակցիայից կամ արդեն առաջացած ալերգիայի վատաթրացումից խուսափելու հարար:
- Ուշադրությամբ ծանոթացեք սննդամթերքների պիտակներին. որոշ մարդիկ ալերգիկ ռեակցիա են դրսևորում այնպիսի մթերքների նկատմամբ, որոնք պարունակում են միայն աննշան քանակությամբ ձու: Ստուգեք հատկապես այն սննդային արտադրանքի պիտակը, որը նախկինում ձեր ալերգիկ երեխան չի օգտագործել:
- Զգույշ եղեք դրսում ուտելիս. ձեր մատուցողը կամ նույնիսկ խոհարարը կարող են չիմանալ կամ լիովին վստահ չլինել, թե արդյոք առաջարկվող ուտեստը կամ կերակրատեսակը պարունակում են ձվի սպիտակուցներ:
- Կրեք ալերգիկ լինելու մասին նախազգուշացնող ապարանջան կամ վզնոց. սա կարող է հատկապես կարևոր լինել, եթե դուք կամ ձեր երեխան ունեք սուր ալերգիկ ռեակցիա և չեք կարող մյուսներին տեղեկացնել, թե ինչ է ձեզ հետ կատարվում:
- Տեղեկացրեք ձեր երեխային խնամողներին նրա ձվից ալերգիա ունենալու մասին. խոսեք ձեր երեխայի դայակների, ուսուցիչների, հարազատների կամ այլ խնամողների հետ ձվի ալերգիայի մասին, որ նրանք պատահաբար ձեր երեխային ձու պարունակող մթերք չտան: Համոզվեք, որ նրանք հասկանում են, թե ինչ անել, եթե երեխայի մոտ զարգանա սուր ալերգիկ ռեակցիա:
- Եթե կրծքով կերակրող եք, խուսափեք ձու կամ ձու պարունակող մթերք օգտագործելուց. եթե ձեր նորածինն ունի ձվից ալերգիա, կարող է արձագանքել ձեր կաթով փոխանցվող ձվի սպիտակուցներին:
Ձվային արտադրանքների թաքնված աղբյուրներ
Ցավոք, նույնիսկ եթե մթերքը պիտակավորված է որպես ձու չպարունակող, այն դեռ կարող է պարունակել ձվի որոշ սպիտակուցներ: Կասկածի դեպքում կապ հաստատեք արտադրողի հետ:
Ձու պարունակող մթերքների օրինակներից են՝
- զեֆիր
- մայոնեզ
- բեզե
- թխված մթերքներ
- հացային կերակուրներ
- մարցիպան
- գլազուր
- վերամշակված միս, մսային ռուլետ և կոլոլակներ
- պուդինգներ և եփված կրեմներ
- աղցանի սոուսներ
- ծեծած կամ փխրունացված սննդամթերքներ, օրինակ՝ «ձկան մատիկներ» (рыбные палочки) կամ շնիցել
- բուրգերների, այդ թվում՝ բուսական բուրգերների տարբեր տեսակներ
- մակարոնի բազմաթիվ տեսակներ
- պաղպաղակ և պաղպաղակային այլ արտադրանքներ
- տապակած բրինձ և այլ ասիական ճաշատեսակներ
- ալկոհոլային սուրճի փրփուր
- ոլորաբլիթներ (pretzels, крендели)
- կիտրոնային կարագ։
Հացի և բուլկիների որոշ տեսակներ ունեն փայլուն մակերևույթ, քանի որ թխելուց առաջ օծվում են ձվային գլազուրով:
Մի քանի տերմիններ ցույց են տալիս, որ վերամշակված մթերքների արտադրության մեջ օգտագործվել է ձվի արտադրանք, օրինակ՝
- ալբումին
- գլոբուլին
- լեյցիթին
- լիվետին
- լիզոզիմ
- վիտելին
- «օվա» կամ «օվո» արմատներով սկսվող բառեր, օրինակ՝ օվալբումին կամ օվոգլոբուլին:
Ձվի ազդեցությանը ենթարկվելու մեկ այլ հնարավոր աղբյուր է խոհանոցում պատրաստվող ուտեստների կամ կերակուրների միմյանց հետ խառնվելը, հատկապես, երբ դուք ուտում եք այլ մարդկանց տներում, որտեղ նրանք կարող են տեղյակ չլինել ձվից ձեր ալերգիայի մասին:
Ձու չպարունակող սննդի պատրաստում
Բազմաթիվ կերակուրներ և այլ սնունդ պատրաստելիս ձուն կարող է փոխարինվել մեկ այլ սննդամթերքով: Նման ռեցեպտներ կարող եք գտնել առցանց աղբյուրներից: Օրինակ, մեկ ձուն կարող է փոխարինվել 1 թեյի գդալ կերակրի սոդայի, ջրի և սպիտակ քացախի խառնուրդով:
Նույն կերպ, բուրգեր պատրաստելիս բաղադրամասերը միմյանց «սոսնձելու» համար ձվի փոխարեն կարող եք օգտագործել 1/4 բաժակ կարտոֆիլային կամ դդմի պյուրե:
Նորածիններին ձու տալը
Հնուց եկած վարկած կա, որ նորածիններին ձվից և համանման «ալերգիկ» սննդամթերքներից հեռու պահելը կարող է օգնել ալերգիաների կանխարգելմանը, որը, սակայն, հետազոտություններով չի հաստատվում: Նորածնի արդեն 6 ամսական տարիքում, եթե շարունակվում է կրծքի կաթով կերակրումը, պետք է սկսել տարբեր տեսակի մթերքների, այդ թվում՝ եփած ձվի փորձարկումը: Շատ կարևոր է, որ երեխային տաք եփած ձու, քանի որ հում ձուն կարող է պարունակել բակտերիաներ:
Ինչպես բոլոր նոր սննդամթերքների, այնպես էլ ձվի դեպքում ավելի լավ է եփած ձուն փորձել առանց որևէ այլ սննդամթերքի կամ, ծայրահեղ դեպքում, երեխային արդեն հայտնի սննդատեսակների հետ միասին: Նման դեպքում կարող եք հեշտությամբ արձանագրել որևէ կողմնակի ռեակցիան, որը կարող է վկայել ալերգիայի մասին։
Պատվաստումները և ձվից ալերգիան
Որոշ պատվաստանյութեր պարունակում են ձվի սպիտակուցներ (օրինակ՝ գրիպի պատվաստանյութում՝ 1 միկրոգրամից պակաս), ուստի, ձվից ալերգիա ունեցող որոշ մարդկանց մոտ դրանք կարող են նպաստել ալերգիկ ռեակցիայի առաջացմանը:
- Կարմրուկի-խոզուկ-կարմրախտի (ԿԽԿ) պատվաստանյութերը հիմնականում անվտանգ են ձվից ալերգիա ունեցող երեխաների համար, թեև դրանք արտադրելու համար օգտագործվում է ձու:
- Գրիպի (ինֆլուենցայի) դեմ պատվաստանյութերը երբեմն պարունակում են փոքր քանակությամբ ձվի սպիտակուցներ: Այնուամենայնիվ, գրիպի դեմ պատվաստանյութը, որը չի պարունակում այս սպիտակուցները, հաստատված է 18 տարեկան և բարձր տարիքի չափահասների համար: Եվ նույնիսկ այն պատվաստանյութերը, որոնք պարունակում են ձվի սպիտակուցներ, կարող են ապահով կերպով և առանց որևէ խնդրի տրվել ձվից ալերգիա ունեցող մարդկանց: Եթե դուք կամ ձեր երեխան նախկինում ռեակցիա եք դրսևորել ձվի նկատմամբ, գրիպի դեմ պատվաստում կատարելուց առաջ խոսեք ձեր բժշկի հետ:
- Դեղին տենդի դեմ պատվաստանյութը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել ձվից ալերգիա ունեցող որոշ մարդկանց մոտ: Պատվաստանյութը խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր նախատեսում են ճանապարհորդել դեղին տենդով հիվանդանալու ռիսկային տարածաշրջաններ: Պատվաստանյութը սովորաբար խորհուրդ չի տրվում ձվից ալերգիա ունեցող մարդկանց համար, սակայն երբեմն տրվում է բժշկի հսկողության ներքո՝ ռեակցիայի թեստավորումից հետո:
- Այլ պատվաստանյութերը հիմնականում ռիսկային չեն այն մարդկանց համար, ովքեր ալերգիա ունեն ձվի նկատմամբ: Այնուամենայնիվ, հարցրեք ձեր բժշկին, պարզապես ապահովության համար: Եթե ձեր բժիշկը մտահոգված է հնարավոր ալերգիկ ռեակցիայի կապակցությամբ, կարող է թեստավորել ձեզ կամ ձեր երեխային՝ պարզելու, թե արդյոք տվյալ պատվաստանյութը կարող է ռեակցիա առաջացնել:
Սովորաբար պատվաստվելուց հետո առաջարկվում է 15 րոպե մնալ հսկողության ներքո, որ ստուգվի հնարավոր կողմնակի երևույթների զարգացումը: Եթե անհանգստացած եք ձեր երեխայի մոտ ալերգիկ ռեակցիաների դրսևորումից, հերթական պատվաստումը ստանալուց հետո կարող եք բժշկական հսկողության ներքո մնալ ավելի երկար ժամանակի ընթացքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024